Выбрать главу

–Մարինա,-հանկարծ կանչեց Գևորգը:

Էլենը ուղղվեց, մնաց կրակի մոտ կանգնած: Նրա հոգում ինչ-որ բան տեղի տվեց, փլվեց: Մոտեցավ, հենվեց փայտե բազրիքին: <<Մարինա>>. աղջկա անունով կանչեց, ոչ թե կնոջ: Էլենը հիշեց նրա պատմածները աղջկա մասին՝ նրա կապույտ աչքերի, քաղցր նայվածքի, նոր դուրս եկած երկու փոքրիկ ատամների մասին: Հիշեց, պատկերացրեց նրան՝ նստած մոր գրկում, ուրախ ու երջանիկ՝ անտեղյակ, թե իր համար ինչ են նախապատրաստում իրենից մեծ, խելոք ու ուժեղ մարդիկ:

Էլենը ներս մտավ, կանգնեց դռան մոտ: Գևորգը քնել էր բազմոցին նստած: Ի՞նչ անել: Բաց անել դուռը և ասել՝ գնա: Ոչ: Անհնար է դա: Էլենը զգույշ, անձայն քայլում էր սենյակում, կանգնում, նայում էր Գևորգին, նորից էր քայլում՝ ականջը գիշերային արտասովոր ձայներին: Հնար լիներ՝ թողներ ու գնար, գնար կորչեր: Իսկ ու՞ր, որտե՞ղ: Գիշեր: Լռություն:

Նա մտածում էր այն մասին, որ երբեմն Աստծո կամոք կամ պատահաբար հանդիպում ես ինչ-որ մեկին, ներըմբռնողաբար զգալով ու հասկանալով, որ ամբողջ կյանքում հատկապես նրան ես փնտրել, փնտրել ու սպասել, և զարմանում ես, թե այդ ինչպես ես մինչև հիմա ապրել առանց նրան, բայց պատահում է և այնպես,որ հանգամանքների ստիպումով պարտավոր ես լինում թողնել, հեռանալ, հասկանալով, որ մեղքերի քավում է դա, որ այդպես էլ պիտի լիներ,և որ ամենաճիշտ քայլը դա էր: Երջանկությունն այն է,ինքն իրեն ասում էր Էլենը, երբ կարողանում ես նույնը մնալ: Մնալ նույնը՝ լինի դա ուրախության մեջ, վշտի, հաղթանակի, թե ծանր պարտության դեպքում, և գլխավորն այն է, որ հավանում ես ինքդ քեզ և դրա համար հարկավոր չէ ինչ-որ մեկի հաստատումը: Ով կարող է հասկանալ, որ երբեմն ուզում ես գոռալ ցավից ճաք տված սրտի ողջ կուտակվածը, բայց դա չես անում, որովհետև երբեմն հարկավոր է ընդամենը լռել:

Եվ Էլենը, հանկարծ կախարանից վերցնելով գլխաշորը, դուրս վազեց:

Գնում էր նա կարճ ճանապարհով, համարյա վազեվազ:

Կոլտնտեսության գրասենյակը հեռու չէր: Էս ու՞ր է կորել պահակը,մտածեց նա, հրեց գյուղխորհրդի քարտուղարի առանձնասենյակի ցածրիկ լուսամուտը: Փեղկը ետ գնաց: Էլենը մատ գցեց, բարձրացրեց կեռիկը, ներս մտավ: Հնադարյան սև հեռախոսը կախված էր պատից:

Մոտ կես ժամ Էլենը խնդրում, աղաչում էր հարևան Կիչան գյուղի փոստատան անծանոթ հեռախոսավարուհուն, մինչև նա միացրեց շրջկենտրոն, հետո Ներքին Հոռաթաղ:

–Աղջիկ ջան, խնդրում եմ, աղաչում եմ, կանչեք սովխոզի վարորդ Գևորգ Մաթևոսյանի կնոջը,– խզված ձայնով, մի կերպ զսպելով արցունքները՝ ասում էր Էլենը:-Շատ եմ խնդրում, մանկապարտեզում է աշխատում:

–Առավոտյան կասեմ, ի՞նչ է պատահել,-երևի ոչինչ չհասկանալով ընդդիմացավ քնատ հեռախոսավարուհին:

–Հիմա է պետք, խնդրում եմ,-արագ ասաց Էլենը:– Շատ եմ խնդրում, ես ձեր լավությունը չեմ մոռանա: Հետո ուշ կլինի:

–Լավ, սպասեք: Մոտ են ապրում, հիմա կկանչեմ:

Ի վերջո լսվեց Գևորգի կնոջ տագնապահար ձայնը:

–Ալլո, ի՞նչ է եղել, ի՞նչ է պատահել: Այդ ո՞վ է:

Էլենը լուռ էր, հետո ասաց սառցային անտարբերությամբ.

–Ուրեմն այսպես,– Էլենը խորը շնչեց, հետո շունչը տեղը բերեց, միանգամից ավելացրեց,– հենց հիմա մեքենա գտեք, շտապ եկեք մեր գյուղ՝ Հնձախութ, և տարեք ձեր ամուսնուն: Լսու՞մ եք: Հենց հիմա, այս ժամին, վաղը ուշ կլինի:– Էլենը ասաց տան տեղը, անուն-ազգանունն ասաց և ցած դրեց հեռախոսափողը:

Գևորգը քնած էր դեռ: Էլենը տուն չմտավ: Նստեց դրսում, փայտե աստիճաններին… Ինչքան էր այդպես նստած մնացել՝ չգիտեր, գնալով հալվում էր տաք գիշերը, խավարի մեջ, իրար ընդհատելով, անդադրում երգում էին ծղրիդները: Հետո անժամանակ կանչեց աքաղաղը: Թևաբախում՝ երևի, թառի վրա, շան ծույլ հաչոց՝  գյուղի մյուս ծայրին: Բվի կռինչ՝ մոտակա անտառակում: Ձորերից բարձրանում էր թանձր մառախուղը: Արևելքում հորիզոնը կարմրել էր արդեն, երբ տան ետևում մի մեքենա աղմկեց: Էլենը արագ ելավ տեղից, մտավ այգի, որ չտեսնեն իրեն: Գնաց մինչև այգու ծայրը, նստեց ծառերի տակ և, գլուխն առնելով ափերի մեջ, դառը լաց եղավ: Կցկտուր բառեր էին հասնում նրա ականջին, կնոջ լացի փշրանքներ, հետո տան ետևում նորից աղմկեց քիչ առաջվա մեքենան, և ամեն ինչ սուզվեց լռության մեջ:

Էլենը բարձրացավ տեղից և, ասես պիտի ընկներ, ծառերից բռնելով քայլեց դեպի տուն: Նա մտածում էր իր մասին, այն մասին, որ ինչ էլ լինի, ինքը ճիշտ է վարվել՝ անսալով իր սրտի ձայնին, և որ ինքը բարի սիրտ ունի, և բախտավոր կլինի նա, ով դա կհասկանա: Եվ անպայման կլինի մեկը, որ կհասկանա դա: Անպայման կլինի:

Էլենը, խորը շնչելով այգաբացի սառը օդը,լռին նայում էր հեռու սարերի կողմը և արցունքները առատ հոսում էին նրա աչքերից: Եվ դրանց միջից հիմա ամեն ինչ երազ էր թվում շուրջը՝ ծմակների անթափանց խավարն ու այնտեղից եկող խորհրդավոր ձայները, գետի միալար վշշոցը ներքևում՝ ուռենազարդ ձորակում, իր գլխավերևում դանդաղ օրորվող ծառերի սոսափը, լեռներով կտրտված երկնքի աստղերը…

Ամեն ինչ երազ էր թվում…

===============

Մ Ա Ն Ր Ա Ք Ա Ն Դ Ա Կ Ն Ե Ր

ԳՅՈւՂԱԿԱՆ ԲՆԱՆԿԱՐ

Արևը հանգչում է սարերի վրա, և հրաբոսոր հորիզոնն այնտեղ վառվում է ասես բազում գույներով՝ երկինք ու երկիր կապելով իրար…