Օրը հանգչում է՝ տառապանքներից, տվայտանքներից, ասված ու չասված ունայն խոսքերից լրիվ հոգնաբեկ…
Եվ հետզհետե ձորերը լռին խորասուզվում են իրիկնային լուրթ աղջամուղջի մեջ. գետակը լռում, հավքերը լռում, մոտիկ արտերում արտույտներն արդեն էլ չեն արտորում… Ձայները կամաց մարում են դրսում, և հետզհետե իջնում է մութը՝ իր սև շղարշով ներընդգրկելով ամեն մի շշուկ, ամեն մի շարժում, լոկ ծղրիդներն են երգում անձանձիր…
Սարերի վրա , բարձր երկնքի անծիր կապույտում ,աստղերի բույլը՝ երկնքից հեռու, և միլիոն պարսեկ իրարից հեռու , իր անհատնում լույսերն է հղում հեռու երկրին… Աստղացող լույսը ՝ խավարում նիրհող դաշտին, գետակին, հավքին ու մարդուն, և հեռվից հեռու համր թարթումով կարծես ասելով յուրաքանչյուրին. դու մի վհատվիր, խավարից հետո գալիս է լույսը, իսկ հույսը մեռնում է ամենավերջում, շուտով, շատ շուտով կբացվի նոր օր՝ արևը, լույսը և հույսը իր հետ:
ՀԵՌՈՒ ԼԵՌՆԵՐՈՒՄ
Իմ հեռու, հեռավոր հիշողության մեջ զնգում է առուն, մեղմիվ խոխոջում՝ ողջունելով ինձ, թիթեռնիկներին, հավքերին պես– պես և ծաղիկներին՝ սյուքից օրորվող…
Ես՝ փոքրիկ տղա, ձեռքիս պարսատիկ, անհոգ ու ազատ, ընկերներիս հետ թրվռում էի ուրախ, երջանիկ. իմն էր աշխարհը՝ թիթեռնիկները, հավքերը պես-պես և ծաղիկները՝ սյուքից օրորվող…
Դու իմ մանկության սիրելի առու, որ զրնգալով, խնդուն խայտալով վազում էիր ցած ՝ քեզ հետ տանելով երազներն իմ ջինջ, ու՞ր ես դու հիմա, որտե՞ղ է մարել ձայնդ երգեցիկ…
Հեռու– հեռավոր հուշերի խորքից ետ եկ, իմ առու , անանմոռանալի սիրելի ընկեր, ետ բեր օրերն իմ անհոգ ու ազատ ուրախ մանկության ,ետ բեր օրերն իմ, իմ ընկերներին, թող կյանքը լցվի նրանց ձայներով, ու ես վերստին դառնամ չար տղա՝ ձեռքիս պարսատիկ, անհոգ, երջանիկ՝ մեր հեռու՜, հեռւ՜, հեռու լեռներում…
ԱՆՑԱՎ
Անցա՜վ, անցա՜վ, կյանքն իմ ացավ՝ ինչպես երազ, ինչպես մուրազ, ինչպես մի հուշ անվերադարձ, ու ես ոչինչ չհասկացա, ասես կողքից եկավ անցավ։
Տրտմած է հոգիս հիմա , որ կյանքը իմ եղավ ունայն, սուտ ու կեղծին հավատընծա՝ ապրեցի ես հեզ ու խաբված։ Մեռնելու չափ տրտմած է, ախ, սիրտը իմ. ի՜նչ շահեցի աշխարհ գալով՝ ոչի՜նչ – ոչինչ, միայն ցավեր, միայն դավեր, խինդը սակավ, շառն՝ անսպառ։
Գթա ինձ, Տեր, գթա ինձ, Տեր, ու ողորմիր, կյանքն իմ անցավ ինչպես երազ, ինչպես կարճ օր, ու ես, իրոք, չհասկացա, ա՜խ, ես ոչինչ չհասկացա՝ ինչպես եկավ, ինչպես անցավ։
Գթա, Տեր իմ, քանզի բազում արհավիրքներ կրեցի ես ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում, ախ, զուր հույսեր, իզուր հույսեր, մորմոք ու ցավ, կյանքն իմ, իրավ, այդպես անցավ, չեղավ մի օր՝ լիներ անցավ։
ԵՐԱԶ
Լինե՛ր, լինե՛ր, այնպե՛ս լիներ, տարիներն իմ հետ գնային միանգամից։ Միանգամից ես լինեի իմ հեռավոր երազներում՝ մեր տան դռան, հենց նոր ելած ոսկեշղարշ արևի մեջ, մեր հնամյա թթենու տակ։
Հայրս լիներ, մայրս լիներ, քույր ու եղբայր՝ բոլորը ողջ, հարազատներն իմ մեկեն գային, հավաքվեին կարոտաբաղձ ու լիներ տոն՝ ինչպես հեռու այն հին կյանքում՝ նրանց տեսքով՝ հավերժ անջինջ, նրանց ձենով՝ հավետ անմեռ, որ հնչում է տարիներ վեր՝ իմ ականջում, իմ հոգու մեջ ու իմ սրտում։
Լինե՛ր, լինե՛ր, այնպ՛ս լիներ՝ նորեն մեկտեղ, ախ, լինեինք, ես՝ երջանիկ, ես բարեբախտ, ցավ ու դավին դեռ անընտել մի պատանի՝ հրդեհի մեծ ցոլքի նման հրաբոսոր արևի ջերմ շողերի մեջ, թռչունների հայալեզու երգի ներքո, հեռո՛ւ – հեռո՛ւ, մեր հնամյա թթենու տակ։
ՊԱՏՐԱՆՔ
Հե՜յ, Կըղնախաչ, իմ Կըղնախաչ, հիշողության մրուրի մեջ դու մոռացված իմ հեռավոր, կախարդական դրախտ երկիր, Կըղնախաչ…
Կըղնախաչում՝ շնկշնկան հով, զիլզիլան զով, սարից իջնող, ձորից ելնող բացատներում ծաղկած հրաշք ու ծաղկած ծով՝ իր գույներով հազարագույն… Կըղնախաչում ՝ արտույտի երգ ու գեղգեղանք, խոտի շրշյուն, սիրո շշունջ՝ արտերի մեջ սիրաշշուկ, հավքի դայլայլ ,անուշ դայլայլ, քաղցր դայլայլ ու կկվի կանչ ՝քաղցրալուր ու թախծագորով…
Քարեն կըլխան՝ աղեղնաձև ու բարձրաբերձ վեհ բարձունքից՝ մղեղի մեջ երերացող հին շինամաչ… Դաշտում կապած ձիու խրխինջ, գառան մայուն ու ձագ տված մեղվի գվվոց, աքլորի կանչ, աղջկական արծաթահունչ զնգուն ծիծաղ կակաչազարդ արտի միջից, ախորժալուր զանգի ղողանջ ու շնահաչ գյուղամիջից՝ մեկ կատաղի, մեկ բեկբեկուն…
Թեթև անձրև, մանր անձրև՝ հանդ ու սարեր ոսկեշղարշ աղջամուղջում, միգամած… Արեգակի ջինջ շողերում ՝ տաքուկ անձրև, ու սարից– սար կամար կապած կընընչկարմյուր ծիածան… Ու այդ պահին, հովի թևին, օ՜վ , իմ աստված, մորս ձայնը, մեռած մորս անուշ ձայնը, կանչում է ինձ՝ արի, որդիս, արի տուն, հեռուներից վերադարձիր ու տեր կանգնիր գերեզմանին իմ անտեր…
…Հե՜յ, Կըղնախաչ, իմ Կըղնախաչ, հիշողության մշուշի մեջ դու կորսված իմ մանկության չքնաղ երկիր, Կըղնախաչ…
ՎԵՐՀՈւՇ
Կըղնախաչ սարի ուսերին թառած աստղերի խաղը, նրանց շողշողուն լուռ մնջախաղը, վաղ լուսաբացի մեղմ շամանդաղը, մեր գյուղի շուրջը՝ դաշտերի եզրին նստած թարմ շաղը , արտերն ալիքվող՝ վաղորդյան սյուքից, վարդերը բուրյան, ձորերում հնչող հավքի դայլայլը, նրա կանչն անձկալի, նրա մեղեդին ու սիրախաղը այսօր վերստին իմ միտը ընկան…