Выбрать главу

–Այ աղչի, հազար մանեթով ձեռք բերած մարդուդ մի մանեթով ինչի՞ ես ծախում£

Սակայն Մարգարիտը չհասցրեց պատասխանել, շրջանցելով մարագները, գյուղխորհրդի նախագահ Ասծատուրի մոխրագույն Հրեղենը քառատրոփ գալիս էր դեպի կալերը£

–Ոնց որ թե էստեղ է գալիս,– ասաց ինչ-որ մեկը£ Կանանցից նրանք, ովքեր նստել էին շեղջի ստվերում՝ քիչ հանգստանալու, վեր կացան£ Շահումը, ինչ-որ վատ բանի կանխազգացումից թրթռացող սրտով մնաց կանգնած, Մարգարիտը, ձեռքը հերթական խրձին՝ սպասեց® Մնացականը նույնպես ելավ տեղից և, չգիտես ինչու, մի տեսակ անհամբերությամբ, սկսեց նայել ճանապարհին£ Ձին կորած էր քափ ու քրտինքի մեջ, լկամը կրծելով վարգով անցավ կալերի միջով, բայց հեծյալը՝ կատարածու Աբգարը կարողացավ ձգել, պահել սանձը, կատաղած հովատակը, շուռ գալով մարդկանց կողմը, կանգ առավ՝ ղրճտացնելով դարչնագույն ատամներն ու անհանգիստ դոփելով տեղում£ Աբգարը, առանց ձիուց իջնելու, խզված ձայնով ասաց.

–Դե, ինչ ասեմ, այ ժողովուրդ, մեծ կռիվ է սկսվել, գերմանացի զորքերը հարձակվել են մեր զորքերի վրա£

Հավաքվածների վրա ասես կրակ մաղվեց£

–Վույ, լեզուդ լալկվի, Աբգար,– ձեռքերը ծնկներին խփելով անիծեց Մարգարիտը£– Էս ինչ խաբար բերեցիր£

–Աբգարն ինչ անի, այ քույրիկ,– խեղճացած արդարացավ կատարածուն£– Հրեն շրջանից հեռախոսները կոտրատում են£ Ասծատուրին հրամայել են մի մետր անգամ չհեռանալ գյուղխորհրդից£ Ինձ էլ ուղարկեց բրիգադիրներին հայտնեմ, որ իրիկունս միտինգ է, բոլորը պիտի ներկա լինեն£

Մի քանիսը սկսեցին բարակ ձայնով լաց լինել£

–Դե, ես գնամ մյուս բրիգադներին էլ ասեմ,– ասաց Աբգարը և ձին վարգով դուրս բերեց երրորդ բրիգադի կալերից£ Շահումն ասես քարացել էր, ասես ոչինչ չէր լսում, և այն, ինչ ասվեց այստեղ, նրա գիտակցությանը չէր հասնում դեռ£ Նա մտամոլոր, ոչինչ չտեսնող հայացքով նայում էր շուրջը£

Մնացականը լրագրից հաստ գլանակ սարքեց, դողդոջ մատներով վառեց, բայց ծխել չհասցրեց, խեղդող հազը միանգամից բռնեց£ Լեզուն խողովակի պես դուրս հանած, երկար հազում էր, և գլխարկի քուղերը շարժվում էին հազի ցնցումներից£ Նրա որդին՝ Մխիթարը, նույնպես բանակում էր, և նա մի տեսակ վախ զգաց նայել կնոջը, ասես ինչ-որ բանում ինքը մեղք ուներ£ Մխիթարը սահմանից հեռու է, Ուրալից էն կողմ՝ Բառնաուլ քաղաքում է ծառայում, բայց, դե, դա ի՞նչ նշանակություն ունի, իր որդին ռազմաճակատից հեռու է, մյուսների որդիները հո էնտեղ են£ Նա սիրտ չարեց նայել նաև Շահումին, որի որդիները՝ Սահակն ու Գրիշան, սահմանային զորամասում են ծառայում հիմա, ամենայն հավանականությամբ, կռվի առաջին գծում են, կրակների տակ£ Մնացականը բարձրացրեց աչքերն ու վախեցավ՝ տեսնելով Շահումի՝ հողի գույն ստացած դեմքն ու անարյուն շուրթերը, որ շարժվում էին, սակայն որևէ բան արտաբերել անկարող էին£ Մարգարիտը քիչ դենը, գետնին չոքած լալիս էր՝ ձեռքերով ծածկած դեմքը£

–Աղջի, հավաքեք ձեզ, ամոթ է, ճշմարտությունը դեռ ոչ ոք չգիտի, ինչ իմանաս, կարող է նույնիսկ պրովոկացիա է,– քիչ անց մի կերպ արտաբերեց Մնացականը՝ ինքն էլ չհավատալով իր խոսքերին£– Ես դրանց, էդ գերմանացիներին տասնվեց թվականից եմ ճանաչում® Մի բան ասեմ ձեզ®– սակայն բրիգադավարի խոսքը մնաց օդում կախված, կանանցից մի քանի հոգի, ուղիղ կտրելով կարտոֆիլի դաշտը, վազեվազ իջնում էին դեպի գյուղ£

Ամենից վերջում, անդադար հոսող աղի արցունքները լիզելով ու հազիվ շարժելով թուլացած ոտքերը, գնում էր Շահումը£ Մնացականը երկար նայեց հեռացող կանանց ետևից, հետո մտախոհ թափ տվեց ձեռքը և, կալում մնացած կանանց հավաքելով, գնացին հացահատիկն էրանելու£ Օդի նվազագույն շարժում անգամ չէր զգացվում£ Մնացականը բաց արեց մարագների դարպասները, միջանցիկ քամի փչեց, և այդ քամու տակ էլ սկսեցին էրանել£

–Շուտ արեք, ձեզ մատաղ,– շարունակ կրկնում էր Մնացականը՝ ձեռքը ճակատին հովանի արած ստեպ-ստեպ նայելով գյուղի կողմը£– Շուտ արեք վերջացնենք, գնանք տեսնենք ինչ է գալիս գլուխներս, ես դրանց տիրումերը®

…Լուսինեն հավաքեց սեղանը ու մեծ մայրս այդպես էլ ոչինչ չկերավ, չխմեց£ Ձեռքերը տեղաշորին, գլուխը հակած կրծքին, լուռ, անշարժ նստած էր նա՝ ասես իրոք անհաղորդ դրսի բոլոր ձայներին£

Տան ետևում, ճանապարհին, մարդատար մեքենայի հռնդյուն լսվեց£ Ես շրջվեցի ետ՝ ներըմբռնողաբար զգալով, որ մայրս է եկել£ Զարմանալի ու նաև աններելի է՝ ոչ մի զգացմունք չունեմ նրա հանդեպ՝ ո°չ սեր, ո°չ ատելություն£ Ինչո՞ւ է այդպես՝ հասկանալ, առավելին՝ բացատրել, չեմ կարողանում£ Գուցե մանկութ օրերի ինչ-որ վիրավորանք պահ մտած ապրում է իմ մեջ£ Բայց չէ՞ որ նրան մեղադրելու հիմք նույնպես չունեմ£ Մի անգամ Շահում մեծ մորս ասացի. «Ես նրան որպես հարազատ ընդունել չեմ կարողանում, չգիտեմ ինչու, բայց դա այդպես է£ Նա ինձ համար միշտ էլ օտար է եղել£ Եվ եթե մեկը կա, որ ինձ հարազատ է՝ դու ես»£ Նրա համար, իհարկե, հաճելի էր իմ խոստովանությունը, բայց ցույց չտվեց, ասաց. «Այան քե մատաղ, գուցե նա մեղավոր չի, կյանքում միշտ չի, որ մարդ կարող է անել էն, ինչ սիրտն է ուզում, պատահում է, որ ամեն ինչ հակառակ մարդու ուզածի է դասավորվում»£ «Բայց չէ՞ որ նա մեզ լքեց,– առարկեցի ես,– և° ինձ, և° քեզ»£ Մեծ մայրս տարուբերեց գլուխը, դառը քմծիծաղ տվեց, ասաց. «Վայ էն մարդուն, որի կնիկը նախշուն կլինի»£ Նրա ասածն ինձ անհասկանալի էր, թեպետ վեցերորդ դասարանի աշակերտ էի արդեն£ Այնուամենայնիվ ասացի. «Հետո՞ ինչ»£ Մեծ մայս ժպտաց£ Բայց անուրախ ժպիտ էր դա£ «Էն, որ նախշուն կնիկը կարմիր խնձոր է, քարով տվող շատ կլինի,– ուշացումով արձագանքեց նա£– Մերդ գիտե՞ս ինչպիսին էր, երբ հորդ հետ եկան գերությունից£ Նա առաջին ռուսն էր մեր գյուղում, բոլորը ապշած նայում էին£ Բոյը բարձր, մազերը շեկ, ծիծաղը բերանին£ Որ խոսում էր, ոնց որ թե երգ էր ասում՝ էնքան դուրալի էր ձենը, չնայած լեզուն չէինք հասկանում£ Բայց դե շուտով ինքն արդեն մեզնից ավելի լավ էր խոսում հայերեն£ Հա, շատ էր սիրուն, սաղ գյուղի բերանը մնացել էր բաց®– Նա մի պահ մտածեց և ասաց.– Իսկ հետո էնպես ստացվեց, որ կապվեց քաղաքից եկած էդ երկրաբանի հետ»£ «Իսկ դու ասում ես, թե գուցե մեղավոր չի»,– դարձյալ առարկեցի ես£ «Մեղավոր է, թե մեղավոր չի, հիմի արդեն անցած է,– տխուր ասաց նա,– բայց էն ժամանակ շատ ծանր ազդեց ինձ վրա£ Գյուղի հիվանդանոցում բուժքույր էր, էդ երկրաբանն անտառում ծառի տակ էր ընկել, թե ինչ՝ ոտքը վնասված բերել էին հիվանդանոց£ Էնտեղ էլ կապվեցին£ Լսեցի ու ոնց որ եռացած ջուր թափեն գլխիս£ Ուղիղ գնացի աշխատանքի տեղը£ «Տկլորը բարձրացավ սարը, սարի անունը խայտառակ արեց, ասացի£ Գնա որտեղ ուզում ես, ես հարյուր տարի նամուս չեմ պահել, որ դու երկու օրում ցեխոտես»£ Էդպես եղավ, էդ երկրաբանի հետ գնացին քաղաք£ Որոշ ժամանակ անց քեզ բերեց, թողեց ինձ մոտ»£