Выбрать главу

Հաջորդ օրվա երեկոյան դեմ Մեծ մայրս մահացավ£ Զարմանալի բան. այդ պահին կռունկների երամ էր անցնում գյուղի վրայով, միանգամայն անսպասելի, երամը հանկարծակի փոխեց ուղղությունը, եկավ, երկու անգամ պտտվեց մեր տան վրա ու թևածելով՝ կուրլու¯-կուրլու¯-կուրլու¯, գնա¯ց, կորավ իրիկնային աղջամուղջի ոսկե շողերի մեջ£ Կռունկները չէին երևում այլևս, բայց նրանց հեռացող, թախծածոր կանչը դեռևս լսվում էր երկար£

Մի օր անց մենք հողին հանձնեցինք նրան գյուղական մեր հին գերեզմանոցում, որտեղից երևում էր Խաչենի ընդարձակ ձորահովիտը£ Այդ ձորահովիտով է անցնում շրջկենտրոն տանող ճանապարհը£

Տարիներ առաջ այդ ճանապարհով գնացին նրա որդիները, որպեսզի այլևս չվերադառնան®

Իսկ հետո գյուղի վրա նոր օր բացվեց£ Ծառերը՝ լուսաբացի սառը հովից արթնացած, խշխշացին, հատուկենտ թռչուններ՝ այս ու այնտեղ, իրար ձայն տալով սկսեցին գեղգեղալ, և նրանց քաղցրահունչ երգը գնալով սաստկանում էր£

Մի տեսակ ընկալելի ու անընկալելի՝ գյուղի վրա բացվում էր լույսը և տարօրինակ էր մտածել, որ այդ լույսը հույս և ուրախություն կբերի բոլոր մարդկանց՝ թե մեծ, թե փոքր, բայց ոչ բնավ նրանց, որ այլևս չկան®

====================

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՑՐՏԵՐ

Աղմկեցին, անցան անձրևները աշնան®

Մովսես Յախշունց

Աննկատելի սկսվեց ու անցավ ձմեռը՝ ձնառատ ու տաք£ Հետո, ինչպես տոնական երկու խնդուն օր, ցոլացին և անցան գարունն ու ամառը£ Եվ ահա եկել է աշունը՝ անձրևներով, հազվադեպ արևի պայծառ, արդեն սառը վերջին փայլով, ծառերի տակ թափված գույնզգույն թոշնած տերևներով, պաղ օդով, առավոտյան դրած եղյամով ու անթափանց խոնավ մառախուղներով£

Վերջին շաբաթվա ընթացքում առաջին օրն էր, որ անձրև չտեղաց, առավոտվանից արև էր, և աշնան արևի տակ տնամերձ այգիներում, փողոցներում ու գյուղի շուրջը փռված անտառներում ծառերը փայլածում, հուրհրատում էին բազմերանգ գույներով՝ մաքուր ոսկուց սկսած մինչև փիրուզ£

Իսկ հետո միանգամից իջավ մութ երեկոն£ Անահիտը բարի գիշեր մաղթեց հերթապահ բժշկին ու բուժքրոջը և դուրս եկավ հիվանդանոցից£ Լուսինն իր հեռավոր ճանապարհին էր, դեռ չէր հասել լեռների մեջ կորսված Հնձախութ գյուղին, և շուրջը ամեն ինչ՝ դաշտերը, անտառները, լեռներն ու ձորերը ընկղմված էին ակնակուր մթության մեջ£ Հիվանդանոցի բակում լորենիների բարձր ճյուղերն էին միայն աչքի համար հազիվ նկատելի օրորվում անաստղ երկնքի կապտավուն հեռանկարի վրա£

Չգիտես ինչու, աշնանայի այդ երեկոն Անահիտին թվաց մի տեսակ ոչ սովորական£ Դա արտասավոր երեկո էր, իսկ թե ինչու միանգամից այդպես թվաց՝ Անահիտը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ£ Սիրտն անհանգիստ էր£ Սիրտն ինչ որ բան էր զգում՝ ոչ այն է կարոտալի, ոչ այն է տագնապալից£ Հոգնել էր երևի£ Նա մի քանի վայրկյան կանգնեց գյուղական հիվանդանոցի փայտե աստիճաններին՝ մինչև աչքերը կընտելանային մթությանը, ու նոր միայն գնաց անձրևներից հետո տոփանված արահետով£

Սկզբնական շրջանում, երբ նա, Ստեփանակերտում ավարտելով բժշկական ուսումնարանը, եկավ գյուղ և աշխատանքի անցավ հիվանդանոցում, երկրորդ հերթի ընկնելիս, մայրը միշտ գալիս էր նրան դիմավորելու£ Մայրը, ցանկապատի մյուս կողմում, մթության մեջ կանգնած, սպասում էր նրան£ Հետո դուրս էր գալիս Անահիտը, և, տեսնելով մորը, ասում էր. «Մամա, էլի՞ ես եկել£ Ես ճանապարհը չգիտե՞մ, ինչ է®»£ Նա թևանցուկ էր անում մորը, և նրանք՝ մայր ու աղջիկ, բռնում էին տուն տանող ճանապարհը£ Անահիտը չէր ուզում, որ մայրը, դաշտային գործերից հոգնած, գար իրեն դիմավորելու£ Բայց մայրը չէր լսում նրան, ամեն երեկո գալիս էր£ Անահիտը քայլում էր լուռ, գլխահակ, իսկ մայրն անդադար խոսում էր, և խոսում էր համարյա միշտ նույն բաների շուրջը. այն մասին, որ դաշտերում ահագին կարտոֆիլ մնաց հանելու, իսկ այսօր վաղը մեկ էլ տեսար ձյուն եկավ, հրեն գիշերը եղյամ է դնում սարերին, որ կաթնապրանքային ֆերմայում հիմա լավ են վաստակում, առաջ այդպես չէր, խոսում էր Անահիտի փնթփնթան հորից, որի մարմնում մնացած պատերազմական բեկորները, եղանակների փոփոխման հետ, իրենց զգացնել էին տալիս£ Բայց ամենից շատ պատմում էր իր մասին, թե ինչպիսի դժվարություններ է քաշել ինքը ջահել ժամանակ, թե ինչպես մի կտոր հացի համար մարդու տվին իրեն տասնչորս տարեկանում® «Միթե՞ հնարավոր է համեմատել էսօրվա կյանքի հետ£ Ռադիոն կա, հեռուստացույցը կա, սառնարանն ու լվացքի մեքենան տանը, խանութն ամեն ինչ լիքը, ամսվա վերջին թոշակը բերում են տուն՝ ստացիր ու սիրտդ ուզածին պես ապրիր® Բայց ապրելու ժամանակն անցել է£ Ի՞նչ ապրելու մասին է խոսքը, երբ յոթանասունդ լրացել է արդեն, էդ տարիքում հոգիդ աստծուն ավանդելու մասին ես մտածում և ոչ թե ապրելու»£

Անահիտի համար տխուր ու ձանձրալի էր շարունակ լսել նույն պատմությունները, և նա ամեն անգամ ներքուստ ուրախանում էր, երբ առաջին հերթ էր ընկնում£

Հիմա նրան ոչ ոք չի դիմավորում երեկոները, թեպետ և մայրն է մնում, և ամուսին ունի, և որդի® Անահիտը դուրս է գալիս հիվանդանոցից և, մտքերի մեջ խորասույզ, քայլում ցանկապատերի և տների արանքով ընկած ճանապարհով, այդ ճանապարհը քնած գյուղի միջով թեքվում է այս ու այն կողմ, հետո ուղղվում, իջնում է ձորը, անցնում փայտե կամրջով, որի տակ մանրիկ խոխոջում է լեռներից եկող անանուն փոքրիկ գետակը, և երկար բարձրանում մինչև դիմացի սարի գագաթին թառած իրենց թաղամասը£ Լռիկ քայլում է նա մթության մեջ սպիտակին տվող ճանապարհով, և ոչ ոք չի խանգարում նրան՝ տրվել իր խոհերին, հիշողության մեջ օր-օրի հաջորդաբար վերարտադրել իր կյանքը£ Գիշերային խավարի մեջ հեշտ է մտածելը, մտքերն իրենք իրենց գալիս, շարվում են իրար ետևից, վաղուց անցած իրադարձությունները վերստին շունչ են առնում, և Անահիտը ամեն անգամ զարմանում է՝ ինչո՞ւ իր կյանքն այդպես անիմաստ ու հիմարաբար դասավորվեց£ Ե՞րբ, ո՞ր օրը ճեղք տվեց այն, և այդ ճեղքը գնալով մեծացավ՝ դառնալով անդունդի նման խոր, և օրեցօր ավելի սարսափելի է թվում նայել այդ վիհի խորքը£ Ո՞վ է մեղավոր այն բանի համար, որ դու ամեն ինչ ունես՝ սիրելի որդի ու քեզ սիրող ամուսին, տունուտեղ, սրտովդ է նաև աշխատանքդ, ամեն ինչ կա՝ բացի մի բանից, որին տենչում ես ամբողջ կյանքում՝ մի քիչ երջանկություն£ Տարիներ առաջ, երբ հայրը ողջ էր, մի խոսք ասաց£ Վերջերս, չգիտես ինչու, Անահիտը հաճախակի էր հիշում այդ խոսքը£ «Կաղնավուն մի թռչուն կա, հանդերում է լինում, երջանկությունը նման է էդ թռչունին,– ասաց հայրն այն ժամանակ£– Նստում է աչքիդ առաջ, մի երկու քայլի վրա, ուզում ես բռնել, ցատկում, մի քիչ էն կողմ է կանգնում, ասում ես՝ մի քայլ էլ անեմ՝ կբռնեմ£ Խաբելով տանում է, է¯, աստված գիտի, թե որտեղ£ Մարդու երջանկությունը նման է էդ փոքրիկ թռչունին, թվում է ահա մոտ է արդեն, հասնում ես երջանկությանդ, բայց, չէ, էն թռչունի պես նորից իր ետևից տանում է քեզ ու մինչև վերջ էլ էդպես գնում ես երջանկության ետևից ու երբեք չես հասնում»£