Выбрать главу

–Հայկազ, դու այնպիսի մարտական տեսք ունես, ասես պատրաստ ես սպանել ինձ£

–Ձեռքս չի բարձրանում, թե չէ կսպանեի£

–Իսկ ինչի՞ համար, Հայկազ£ Մի՞թե ես քեզ որևէ վատ բան եմ արել£

–Ոչ, չես արել,– դառը քմծիծաղեց Հայկազը£– Ինչ արած, ինչպես ասում են, սրտին չես հրամայի£ Բայց, ոչինչ, կաշխատենք փոխհատուցել®

Տարին շատ արագ անցավ, իսկ ամռանը Սիրանուշը ծննդաբերեց£ Տղա էր£ Ավետիսը նրան նայելուց չէր կշտանում£ Նա նայում էր որդուն, և սիրտը լցվում էր քնքշանքով ու սիրով՝ հանդեպ այդ ուրախ ու անհոգ էակի, որ շարունակ գվվում, ղլղլացնում էր միայն իրեն հասկանալի լեզվով£

Ձմռան սկզբին, բոլորովին անսպասելի, նրանց տուն եկավ Հայկազը՝ մեջքին սպանված եղնիկ, ձեռքին մի կուլա գինի£

Ամուսինները շփոթված նայեցին իրար£ Հայկազը դռների մեջ կանգնել, ժպտում էր£

–Հյուր չե՞ք ընդունում,– վերջապես հարցրեց նա£

–Համեցեք,– տատանվելով ասաց Սիրանուշը՝ քաշվելով ու հարցական նայելով ամուսնուն£ Ավետիսը բարձրացավ տեղից, ասաց.

–Ներս եկ, Հայկազ, դռան մոտ ինչի՞ ես կանգնել£

Հայկազը մտավ տուն, ձեռքի կուլան տվեց Սիրանուշին£ Ավետիսն օգնեց նրան՝ իջեցնելու եղնիկը£

–Առանց երեխա տունը ոնց որ անջուր ջրաղաց,– խոսեց Հայկազը£-Ծուռ միտք չունեմ, Ավետիս, հավատա,– եկել եմ աչքալուսանք տալու£ Հատուկ գնացել եմ որսի£

–Շնորհակալ եմ,– Ավետիսի հոգուն թեթևություն իջավ£– Փոխարենը քեզ եմ ցանկանում,– ասաց նա, խանդաղատանքով նայելով թախտին քնած որդուն£– Սիրանուշ, դու թեյի հոգս արա, իսկ մենք կտրտենք միսը£

Տղամարդիկ սկսեցին միսը կտրտել, իսկ Սիրանուշը թեյամանն արագ դրեց վառարանին և դուրս եկավ բակ՝ խորովածի համար կրակ վառելու£

Շուտով ամեն ինչ պատրաստ էր, և Ավետիսը, բաժակները լցնելով մուգ, արնագույն թանձր գինով, ասաց.

–Գիտես ինչ, Հայկազ, էս աշխարհում ընկերությունից լավ բան չկա ու չի էլ կարող լինել£ Այսինքն ընկեր չունես, ասել է, թե զրկված ես արեգակնային լույսից£ Զուր չեն ասել, որ եղբայրը չի կարող ընկեր լինել, բայց ընկերը միշտ եղբայր է£

–Լավ ընկերը, իհարկե,– լրացրեց Հայկազը£

–Իմ խոսքն էլ հենց լավ ընկերոջ մասին է£ Պարզերես լինենք£

–Ամեն£

Հաճելի երեկո էր, շատ խոսեցին այդ օրը, իսկ հետո վերջում Հայկազը միանգամայն անսպասելի կենաց առաջարկեց.

–Քո նոր տան կենացը, Ավետիս£ Մարդ առաջին հերթին պիտի սեփական տուն ունենա, ապրի սեփական հարկի տակ£ Նոր տուն կառուցիր, քո տունը£

Դա Սիրանուշի սրտովն էր, սակայն նա չհամարձակվեց խառնվել խոսակցությանը, որևէ բան ասել, իբր, թեյի հոգս էր քաշում, բայց ականջը տղամարդկանց զրույցի վրա էր£

–Ճիշտն ասած, շատ եմ այդ մասին մտածել,– ասաց Ավետիսը՝ գոհ, որ Հայկազը խոսք բացեց այդ մասին£– Բայց դե, այնքան էլ հեշտ չէ մենակ£

–Ինչո՞ւ մենակ, ես էլ կօգնեմ£ Հաներդ, ճիշտ է, ծեր է, բայց էլի կօգնի£ Այ մարդ, դու սկսիր, օգնող շատ կլինի£

–Նույնիսկ տնատեղը ընտրել եմ,– ոգևորված խոսեց Ավետիսը£– Լավ տեղ է, հենց անտառին կպած£

Ավետիսն այդ ամառ սկսեց կառուցել տունը£ Պատերն արագ բարձրացան, հաջորդ գարնանն առաջին հարկն արդեն պատրաստ էր, մնում էր փայտային մասը£ Աշնանը դա էլ արվեց, և Ավետիսի փոքրիկ ընտանիքը փոխադրվեց նոր տուն£ «Իսկապես, սեփական օջախի քաղցրությունը հնարավոր չէ համեմատել որևէ բանի հետ»,-հաճախակի էր կրկնում Ավետիսը՝ հիացմունքով նայելով իր կիսավարտ տանը£ Տունը, իրոք, գեղեցիկ էր ստացվում՝ երեսով դեպի արևը, հետևի մասով՝ հենված անտառին£

Մի տարի ևս գլորվեց£ Ավետիսը որոշեց մի քանի կաղնի ծառ կտրել՝ ինչպես գերանների, այնպես էլ տախտակի համար, լրիվ պատրաստել շինանյութերը ու նոր միայն սկսել երկրորդ հարկի շինարարությունը£ Քարի հարցը հեշտ էր, քարահանքը մոտ էր՝ Կարմիր եկեղեցու պատում, դրա համար էլ նա սկզբում վճռեց կտրել ծառերը£ Մինչ այդ արդեն եղել էր անտառում, ընտրել էր ծառերը, մնում էր գնալ գյուղական տանուտերի մոտ՝ թույլտվություն ստանալու£ Հաջորդ օրը գնաց Հայկազի տուն (Հայկազն արդեն ամուսնացել էր), վերցրեց նրան, և նրանք միասին գնացին տանուտերի մոտ£

Տանուտեր Ներսեսը նրանց դիմավորեց իր եռահարկ առանձնատան պատշգամբում£ Պայմանավորվելով ծառերը կտրելու մասին ու մուծելով կանխավճարը, նրանք իջան տանուտերի թիթեղածածկ տան քարե սանդուղքներով և ընդարձակ բակով գնացին դեպի դարպասը£ Տանուտերը հյուրեր ուներ, երկու հոգի այգու խորքում, ծառերի տակ նարդի էին խաղում, կատակում, բարձրաձայն ծիծաղում էին, մի քանիսն էլ բակի հեռավոր անկյունում, բարձր պարիսպի տակ դրված երկար մանղալի վրա խորոված էին գցել, և թարմ խորովածի բույրը տարածվել էր ամբողջ բակով մեկ£

Ավետիսն ու Հայկազն արդեն դուրս էին գալիս բակից, երբ տանուտերը կանչեց նրանց ետևից£

–Հա, քիչ մնաց մոռանայի,– իբր, ի միջի այլոց, ասաց նա, հանդարտ գցելով տերողորմյան£-Դուք շուտ-շուտ եք լինում անտառում, մարդ-բան չի՞ պատահել ձեզ էնտեղ£