Այն ժամանակ ես չգիտեի, որ կանցնեն տարիներ, շատ երկար տարիներ, ու ես երբեք չեմ մոռանա ոչ աշնանային այդ երեկոն, ոչ էլ ամբողջ այն պատմությունը, որ սկսվեց այդ օրվանից։
Հեղինեն այգուց եգիպտացորենի չորացած կողրեր, լոբու ծիլ ու տերևներ է հավաքում, բերում, կիտում է ինձ մոտ, ես այդ ամենը խնամքով լցնում եմ կրակի վրա, և ծուխը թանձրանում, կատաղի ծալծլվում է դեպի վեր։ Գործով տարված՝ ես չէի լսել, որ ցանկապատի այն կողմից կանչում են ինձ։ ''Քեզ կանչող կա'',– ականջիս տակ հնչում է Հեղինեի ձայնը։ Ասելու ձև ու տոնից ես կռահում եմ արդեն, թե ով է կանչում, բայց ուշադրություն չեմ դարձնում՝ ձևացնելով, թե իբր չեմ լսել։ ''Չեմ ասո՞ւմ՝ կանչում են քեզ'',– ձայնի մեջ վիրավորվածություն՝ կամացուկ ասում է Հեղինեն, հայացքով ցույց տալով ցանկապատի կողմը։ Այնտեղ, ցանկապատի ետևում, գող կատվի պես կանգնել է մեր դասարանցի Զավենը ու չի համարձակվում ներս գալ, որովհետև Հեղինեն կանգնած է ինձ մոտ։ Ես ուղղում եմ ակնոցս և ծաղրական ժպիտով նայում Հեղինեին։ Նա հանկարծակի շիկնում է ու, փոխանակ կրակի մոտ դնելու չորացած կողրերի հերթական կապուկը, այն ուղղակի շպրտում է մոխրի մեջ՝ պարուրելով ինձ տաք մոխրով, և, գլուխը կախած, գնում է տուն։
Զավենը թեթևությամբ թռչում, անցնում է ցանկապատը, դանդաղաքայլ, մի տեսակ օրորվելով մոտենում է ինձ։ Առանց բարևելու նստում է գետնին։ Նա ինձ չի նայում։ Նա լուռ նայում է հեռու լեռների կողմը։ Ես նույնպես լուռ եմ։
–Ես արդեն կես ժամ է ցանկապատի այն կողմից հետևում եմ, թե ինչպես ես աշխատում,-վերջապես ասում է Զավենը։ Եվ ոնց էլ փչում է…Ես հո գիտեմ, որ նա բոլորովին չի էլ նայել իմ կողմը։ Եվ, եթե կա մեկը, որին Զավենը, իրոք, հետևել է, ապա դա Հեղինեն է։ Նա հենց Հեղինեի համար է եկել այստեղ։ Եվ ինչ է գտել նա Հեղինեի մեջ՝ չեմ հասկանում։ Այ քեզ Ռոմեո և Ջուլիետա։ Վերջերս ինչ-որ տեղ կարդացել եմ, որ մինչև հիմա էլ մնում է Ջուլիետայի պատշգամբը,և որ բոլոր տեղերից զբոսաշրջիկներ են գալիս Իտալիա՝ տեսնելու այդ պատշգամբը։
–Ես պատահաբար հետս վերցրել եմ փոցխը։ Բերե՞մ,– հեռվից, տան բակից հարցնում է Հեղինեն։
''Խորամանկությունդ չանցավ, քույրիկս…'',-մտքում ասում եմ ես Հեղինեին։ Եվ ձայնիս խիստ տոն հաղորդելու նպատակով բարձր ու շատ չոր ասում եմ.
–Ոչ, պետք չէ։– Այդ էր պակաս, որ գյուղացի հայ աղջիկն իր մեծ եղբոր քողքին սիլի-բիլի անի ինչ-որ մեկի հետ, թեկուզ այդ մեկը քո ամենամոտ ընկերը լինի անգամ:
Հետո, ձևացնելով, թե իբր նայում եմ ցանկապատի վրա թեքված ընկուզենուն, աչքի տակով հետևում եմ Զավենին. նա աշխատում է չնայել Հեղինեի կողմը, բայց դա նրան չի հաջողվում։ Իբր ոչինչ չեմ նկատում, ակնոցս հանում, թաշկինակով մաքրում եմ ապակիները, հետո անտարբեր ձայնով ասում եմ.
–Հետաքրքիր է, վաղն ի՞նչ դասեր ունենք։
Զավենը շատ լավ է հասկանում, որ դասերի մասին հենց այնպես ասացի՝ ստեղծված իրավիճակը սքողելու համար (Հեղինեն իմ խոսքից հետո շրխկոցով փակեց բատշգամբի դուռը, մտավ տուն)։ Զավենը իմ հարցին չի պատասխանում, նա ասում է.
–Ի՜նչ գեղեցիկ աստղեր են։ Առաջին անգամ եմ այսպիսի աստղեր տեսնում։
Ես նույնպես նայում եմ երկնքին, Մեծ արչի համաստեղությանը, որի շուրջը առկայծում, ցոլցոլում է աստղերի բույլը։ Երկնքում շատ աստղեր կան, աստղերը անբնական շողշողուն են։ Երկնքից մի աստղ է պոկվում և, ասես պարսատիկից նետված՝ աղեղ գծելով գնում, ընկնում է սարերի ետևում։
–Գեղեցիկ են,– համաձայնում եմ ես։– Նորությո՞ւն է:Մեր լեռներում աստղերը միշտ էլ այդպիսին են եղել՝ խոշոր ու գեղեցիկ։– Եվ որ սատանան դրդեց ինձ փիլիսոփայել։– Եթե աստղերը փայլում են երկնքում, ուրեմն դա ինչ-որ մեկին պետք է։ Այդ աստղերը գեղեցիկ էին և ինը տարի առաջ, երբ մենք առաջին դասարանում էինք, այդպիսի կլինեն նաև մի քանի ամիս հետո, երբ կավարտենք դպրոցը։ Այդ ամենը հին է, իչպես աշխարհը։-Բռնելով Զավենի՝ զարմանք արտահայտող հայացքը՝ ես արագ եզրափակում եմ։-Ավելի լավ է ուրիշ բանից խոսենք։
Զավենը շարունակում է նայել ինձ։ Ես շրջվում եմ, որպեսզի չհանդիպեմ նրա հայացքին։
–Դու տեսա՞ր նրանց,– անսպասելի հարցնում է Զավենը։Ես զգում էի, որ նա հենց դրանից կսկսի:
–Ո՞ւմ։
–Ռուզանին ու Մարատին։ Հենց նոր անցան ձեր տան մոտով. գրադարանից էին գալիս։
–Եվ հետո՞։
–Ամբողջ ամառը քաղաքում է եղել, մոր մոտ…մազերն էլ կտրել, ոնց որ կինոդերասանուհի լինի…
–Ո՞վ։
–Տասերորդ «Ա»-ի Ռուզանը։– Զավենը շեղակի նայում է ինձ։– Լուսնի՞ց ես ընկել, ինչ է,– կեղծ կշտամբանքով հանդիմանում է նա և ավելացնում,– այնպես սիրուն էր…Գիտե՞ս,նա տեղափոխվել է մեր դասարանը:
–Ինչո՞ւ:
–Չգիտեմ: Մարատն ասաց…Իբր թե իր խնդրանքով է փոխադրվել մեզ մոտ:
Երևի յուրաքանչյուր մարդ էլ իմ տարիքում սպասում է ինչ-որ մեկին։ Ես նույնպես սպասում եմ։ Մարդ չգիտի, թե ով է այդ մեկը, ե՞րբ և որտեղից է գալու, որպեսզի տակնուվրա անի կյանքդ։ Իսկ որ նա գալու է՝ դա անկասկած է։ Գրքերում եմ կարդացել այդ մասին:Նախազգացումները, ինչպես երազները, երբեմն ճիշտ են լինում։ Զավենի խոսքերից հետո ինձ հանկարծ այնպես է թվում, թե ես ամբողջ կյանքում սպասել եմ Ռուզանին։ Զարմանալի է…