Выбрать главу

–Ասում են, իբր, սիրում են իրար։– Նորից Զավենն է։

–Ովքե՞ր,– ակամաբար արտաբերում եմ ես, իսկույն ևեթ զգալով, որ հիմար հարց տվի:

–Դու խելքդ թռցրե՞լ ես,– քմծիծաղում է Զավենը։

Ես փայտի ծայրով խառնում եմ կրակը, կրակը բորբոքվում է, կայծերը երկինք են թռչում։ Մի պահ ոչինչ չեմ գտնում ասելու։

–Իսկ այդ ամենը դու որտեղի՞ց գիտես, -վերջապես հարցնում եմ ես։

–Իսկ ով չգիտի,– ուսերն անտարբեր թոթվում է Զավենը։– Առավոտվանից մինչև իրիկուն միասին են…

Ես Զավենին չեմ ասում, որ առավոտյան ինքս էլ տեսել եմ նրանց։ Աշխույժ զրուցի բռնված՝ նրանք գնում էին փոստի կողմը, հեռվից-հեռու բարևեցին, Ռուզանը նույնիսկ ժպտաց ինձ հրավառության նման շողարձակող իր գեղեցիկ աչքերով։ Ոչինչ չեմ ասում, որովհետև Զավենը, իր սովորության համաձայն, կսկսի հարցերի շարանը։

Աշնան արևը չի ելել դեռ հեռու սարերի ետևից։ Բայց հորիզոնը հրդեհվել է ասես։ Հետո ելավ արևը՝ ներկված մուգ կարմիր գույնի։ Հետո հնչեց դպրոցական զանգը։ Ուր որ է, կհնչի նաև երկրորդ զանգը։ Հարկավոր է շտապել։ Մեր տունը հեռու չէ դպրոցից, մի քանի րոպեում հասնում եմ։ Կանգնել եմ միջանցքում ու չեմ համարձակվում մտնել դասարան։ Այ քեզ հիմարություն. ինձ այնպես է թվում, թե բոլորը գիտեն, որ հանկարծակի սիրահարվել եմ Ռուզանին, և որ այս գիշեր մինչև լույս համարյա չեմ քնել, իսկ լուսադեմին, հազիվ աչք փակած, ես երազում տեսա նրան…

Գրողը տանի, ինչո՞ւ այդպես միանգամից վեհերոտ եմ դարձել։ Սիրտս արագ ու անկանոն խփում է, թվում է ևս մի քանի վայրկյան՝ և այն կանգ կառնի. ուրեմն հուզվում եմ։ Այ քեզ բան, ուղղակի ծիծաղելի է։ Բայց անհարմար է այսպես ցցվել դռան մոտ, մտնում եմ դասարան՝ աշխատելով ինչքան կարելի է անտարբեր ձևանալ։ Ինչպես միշտ բարձր, որպեսզի բոլորը լսեն, ասում եմ.

–Ողջույն բոլոր տասերորդցիներին,– և գնում եմ դեպի իմ նստարանը։ Հենց այն է, ուզում եմ նստել, ետևից կանչում են.

–Մհերիկ։

Անտարբեր տեսքով շրջվում եմ ձայնի կողմը։ Ագնեսան է՝ մեր դասկոմը։ Եվ որտեղից են գտել նրա ծնողներն այդ անունը՝ Ագնեսա։ Ոչ մի կերպ ընտելանալ չեմ կարողանում։ Եվ դեռ հպարտանում է հիմարը. ''Իմ անունը հունական ծագում ունի, նշանակում է համեստ''։ Իսկ որ թողնես՝ ժամերով գլուխ կտանի չաչանակի պես։

–Ծանոթացեք,– ձեռքը հանդիսավոր կերպով Ռուզանի կողմը պարզելով ասում է Ագնեսան։-Տասերորդ «ա»-ից փոխադրւել է մեզ մոտ՝ տասերորդ «բ»: Հավերժ դեռատի գեղեցկագույն աստվածուհի Աֆրոդիտեն, որն իշխում է մարդկանց և աստվածների սրտերին։ Համոզված եղիր, Մհեր ջան, որ նա քո սրտին ևս կիշխի:Դա կասկածից վեր է,չէ՞,Ռուզան:

Ռուզանը՝ ճերմակ շրջազգեստով՝ ինչպես ճերմակ վարդ, ժպտում է ինձ փակ շուրթերով ու խոշոր, արտահայտիչ աչքերով։ Այդ աչքերը շփոթեցնում են ինձ, իսկ Ագնեսան ձեռք չի քաշում։

–Խնդրեմ, ծանոթացեք,-ձայնը կեղծելով ասում է նա,-եթե Մհերիկը դեմ չէ, իհարկե։-Այդ էր պակաս, որ Ագնեսան չխայթեր։

Ռուզանը՝ մազերը կարճ կտրած, գեղեցիկ, շարունակում է ժպտալ, ինչպես երևում է, նրան դուր է գալիս Ագնեսայի սարքած խաղը, նա սլացիկ, գեղակազմ իրանը փշրելով առաջ է գալիս.

–Իմ անունը Ռուզան է,-բալի գույնի շրթունքը կծելով՝ որպեսզի զսպի ծիծաղը, ասում է նա։-Ծանոթանանք։

Ես, իհարկե, գիտեմ, թե ինչ է հարկավոր անել նման դեպքում, բայց կանգնել եմ ոնց որ արձան և նույնիսկ ձեռքս շարժել անգամ չեմ կարողանում։ Տարօրինակ է, աչքիս առաջ գիշերվա երազն է. Ռուզանը ինձ մոտ էր եկել ճերմակ շորերով, երազում ես համբուրեցի նրա գրգասուն հնազանդ շուրթերը, և այդ շուրթերը վարդաբույր էին: Գրողը տանի, ինչո՞ւ շարունակ այդ մասին եմ մտածում, ինչո՞ւ կենտրոնանալ չեմ կարողանում։ Զգում եմ, որ բոլորը ինձ են նայում և դրանից ավելի եմ կորցնում ինձ, միայն կմկմում եմ.

–Անունս Մհեր է,– ակամա մտնելով խաղի մեջ , ասում եմ ես:

Պատկերացնում եմ, թե ինչպիսի ապուշ տեսք ունեմ այդ պահին։ Ագնեսան անմիջապես սկսում է ծիծաղել, նրա ետևից՝ մյուսները։ Ռուզանը նույնպես ծիծաղում է, բայց այնպես զուսպ ու համաչափ, ավելի ճիշտ, նա ժպտում է աչքերով ու շուրթերով, հետո շրջվում, գնում է աղջիկների կողմը։

Համարյա լրիվ ուժասպառ, ես վերջապես նստում եմ իմ նստարանին։ Լիլիթը, որին մինչ այդ չէի նկատել, արագ քայլերով մոտենում է ինձ.

–Տուր պայուսակս,-ասում է նա բարկացած։ Ես զարմանքով նայում եմ նրան։ Զայրույթից դողում են Լիլիթի շուրթերը։

–Իսկ ի՞նչ է պատահել,-հարցնում եմ ես։

–Տուր պայուսակս, չեմ ուզում քեզ հետ նստել։ Հասկանո՞ւմ ես, չեմ ուզում։

Գրողը տանի, թունավոր ճա՞նճ է կծել սրան, ինչ է։ Ամբողջ երկու տարի միասին ենք նստել, իսկ հիմա՝ խնդրեմ. տուր տիկնիկս, քեզ հետ խաղալ եմ ուզում։ Չէ, դժվար է այս աղջիկներին հասկանալը։

Լիլիթը պայուսակը վերցնում, գնում, նստում է Մարատի կողքին։ Եվ հիմա Մարատը ներկած աքլորի է նման. նստել է մեջտեղը՝ մի կողմից Ռուզանն է նստած, մյուս կողմից՝ Լիլիթը։

Զանգը հնչում է, և ես այս երկու տարվա մեջ առաջին անգամ, մենակ եմ մնում իմ նստարանին։ Ու նոր միայն հասկանում եմ, թե մենակ մնալը, թեկուզ դա լինի ընդամենը մի դասաժամ, ինչքան դժվար բան է։

Առաջին ժամը անգլերեն է. ուր որ է ընկեր Մարոն ներս կմտնի։ Նա միաժամանակ մեր դասղեկն է և, ինչպես ինքն է ասում, առանձնահատուկ սեր ունի մեր հանդեպ։ Ինչքանով է դա համապատասխանում իրականությանը՝ աստված գիտի, որովհետև մեկ էլ տեսար ասաց. ''Ախ, երբ կավարտեք տասերորդը, որպեսզի ազատվեմ ձեզանից''։ Այդ խոսքերի հետ նա միշտ ժպտում է իր հրապուրական ժպիտով, դրա համար էլ չենք վիրավորվում։ Սպասման րոպեները, ինչպես գեղարվեստական գրքերում է նկարագրվում, ինձ համար անցնում են սարսափելի ծանր ու ձանձրալի։ Եվ, ահա, վերջապես, թեթև կաղալով ներս է մտնում ընկեր Մարոն։