–Բարև ձեզ, երեխեք,– ասում է նա՝ դասամատյանն անփութորեն նետելով սեղանին։ Նրա մշտապես ժպտացող աչքերը սահում են մեր վրայով։
–Այս ի՞նչ է պատահել,– հարցնում է ընկեր Մարոն քիչ խոժոռվելով։– Ազատ տեղ չկա, ի՞նչ է, ինչո՞ւ եք երեքով նստել,– նա հավանորեն գիտի, որ Ռուզանը փոխադրվել է մեր դասարանը, ոչինչ չի ասում։-Ռուզան, անցիր Մհերիկի մոտ նստիր։
Շշմել կարելի է…Ռուզանը հանգիստ վերցնում է պայուսակը և տեղափոխվում ինձ մոտ։ Նկատում եմ՝ Լիլիթը բարկացած ինչ որ բան է շշնջում Մարատին, Մարատը նրա ասածը հաղորդում է Միքայելին, սա էլ իր հերթին՝ Զավենին, և Զավենը, թեքվելով իմ կողմը, կամացուկ ասում է ականջիս.
–Լիլիթը այլևս քեզ մոտ չի գալու։
–Ավելի լավ,-դիտմամբ բարձր, որ լսելի լինի Լիլիթին, ասում եմ ես և, իբր դա ինձ համար էական ոչ մի նշանակություն չունի, լուսամուտից անտարբեր նայում եմ դուրս։
Ես հո լավ գիտեմ Լիլիթին. մի ժամ չանցած, պայուսակն առած ետ է գալու։ Իսկ մինչ այդ ընկեր Մարոն, դիմելով Ռուզանին, ասում է.
–Սրանից հետո դա քո մշտական տեղն է։ Իսկ Լիլիթը թող նստի Մարատի կողքին։
Եվ վերջ։ Սկսվում է դասը։ Ռուզանից ոչ այն է օծանելիքի, ոչ այն է ծաղիկների այնպիսի անուշ բուրմունք է գալիս, որ ուղղակի շշմել կարելի է։ Եվ իմ հոգու խորքում այնպիսի մի բան է կատարվում, որ առաջներում երբեք չի եղել ու անհնարին է բառերով նկարագրել։ Ես ակամաբար կրկին մտաբերում եմ գիշերվա երազը, Ռուզանին՝ ձյունասպիտակ շորերով…
Աջից, մեր նստարանից քիչ այն կողմ, դուռ է բացվում դեպի հարևան սենյակը, որտեղ պահվում են լաբորատորական փորձասարքերը։ Դռան ապակու մեջ, ինչպես հայելում, անդրադարձվում է ամբողջ դասարանը… ավելի ճիշտ, ոչ թե ամբողջ դասարանը, այլ դասարանի մեծ մասը։ Ապակու մեջ պարզ երևում է Ռուզանը։
Նրա մազերը թափված են ուսերին։ Մազերը բաց գույնի են և, հավանաբար, այնպես փափուկ… Իսկ աչքերը սև են ու խոշոր։ Աստված վկա, ճիշտ էր ասում Զավենը, նա կինոդերասանուհու է նման։
Դռան ապակու մեջ երևում է նաև Մարատը։ Նա երբեմն առ երբեմն խեթ-խեթ նայում է մեր կողմը։ Իսկ Լիլիթը հայացքը բոլորովին չի կտրում ինձանից։ Նա, ըստ երևույթին, կարծում է, թե ես չեմ տեսնում իրեն։ Շատ լավ, ես դա հիմա գլխի կգցեմ նրան։ Ես անսպասելի շրջվում և ծաղրանքով աչքով եմ անում Լիլիթին։ Ուրիշ անգամ Լիլիթը այդ ծաղրանքը ոչ մի կերպ կուլ չէր տա, բայց հիմա, չգիտես ինչու, լռում է։ Կամ հեռու է նստած մեզնից, կամ էլ դաս է՝ դրա համար։ Սակայն նրա լռությունը, ինքս էլ չգիտեմ ինչու, տագնապահույզ է անում ինձ։Գուցե նրա համար, որ նա չհեռացրեց աչքերը, երբ մեր հայացքները հանդիպեցին։ Չգիտեմ։ Ես աչքերով նրան հարցնում եմ՝ ''ի՞նչ է պատահել''։
Լիլիթը, միանգամայն անսպասելի, սկսում է լաց լինել։ Դասարանն իսկույն շրջվում է նրա կողմը և, ուղղակի զարմանալի է, բոլորը լուռ են։ Ոչ ոք չի համարձակվում առաջինը խոսել։
–Ի՞նչ է պատահել,– հարցնում է ընկեր Մարոն՝ շարքերի արանքով մոտենալով Լիլիթին։ Քեզ ի՞նչ եղավ, Լիլիթ։
Լիլիթը չի պատասխանում, նրա ուսերը ցնցվում են հեծկլտանքից։ Ընկեր Մարոն քնքշորեն շոյում է նրա մազերն ու սփոփում ոնց որ երեխայի։
–Դե, Լիլիթ, լաց լինել պետք չէ, հանգստացիր, դու հո փոքրիկ աղջիկ չես։ Շուտով կավարտես դպրոցը, կգնաս ինստիտուտ և ամեն ինչ լավ կլինի։
Աստված իմ, ախր, մինչև ե՞րբ պիտի այս մեծահասակ մարդիկ մեզ անխելահաս երեխաների տեղ դնեն։ Մի՞թե նրանք, իրոք, հավատում են այն բանին, որ բարեհաջող կերպով ինստիտուտ ընդունվելը կփրկի Լիլիթին կամ էլ մեկ ուրիշին կյանքի ձախորդություններից։ Ախր, իրենք անգամ չեն հավատում իրենց խոսքին։ Բայց, միևնույն է, ասում են։ Լավ է, որ Լիլիթն ինքն իրեն, առանց մխիթարիչ խոսքերի, հանկարծակի խաղաղվում է՝ ինչպես ամառային տաք անձրև։ Լիլիթն այլևս չի նայում իմ կողմը, նա նայում է լուսամուտից դուրս, բայց ես պարզ տեսնում եմ, թե ինչքան տխուր արտահայտություն ունի նրա դեմքը։ Ես խղճում եմ Լիլիթին։ Ոչ մի կերպ հասկանալ չեմ կարողանում, թե հատկապես ինչի համար, բայց երկու տարվա մեջ առաջին անգամ, խղճում եմ նրան։ Վճռում եմ զանգը տալուն պես մոտենալ Լիլիթին և հարցնել, թե ինչ է պատահել նրան, և նա ինչու հանկարծ լաց եղավ։ Սակայն զանգը հնչում է թե չէ՝ Լիլիթն արագ պայուսակը վերցնում է և գնում տուն։
Դասամիջոց է։ Բոլոր դասարաններից աշակերտները դուրս են հորդում միջանցք, և միջանցքը գվվում է ինչպես մեղվափեթակ։ Ես նստել եմ առանց շարժվելու և չգիտեմ ինչ անել։ Ոչ թե որ չեմ ուզում ելնել նստած տեղից, այլ որովհետև հնարավոր չէ դա. բանն այն է, որ ես նստած եմ պատի կողմը, ես կարող եմ դուրս գալ՝ Ռուզանի ելնելուց հետո միայն, իսկ Ռուզանը, չգիտեմ ինչու, չի ուզում ելնել տեղից։