Выбрать главу

Այս մեծ, անծայրածավալ աշխարհում գեղեցիկ գյուղեր շատ կան երևի, բայց մեր Հնձախութն էլ գեղեցիկ է։ Այն գեղեցիկ է անգամ գիշերը, երբ ծուլորեն ելնում է լուսինը և շուրջը ամեն ինչ շողշողում է գիշերային անեզր լռության մեջ։ Ես նայում եմ երկնքին, ամպի կտոր չկա, նորալուսինը անարգելք լողում է դեպի մեր բարձր սարերը, մեկ ասես աղոտանում, մեկ երևում է շատ պայծառ։ Ոնց որ կախարդական հեքիաթում։ Բայց այդ ամենը բնավ չի գրավում ինձ, որովհետև ես մտածում եմ Ռուզանի մասին։

–Մհերիկ, շուտ արա, մայրիկն ուր որ է կգա ֆերմայից, իսկ մենք դեռ ոչինչ չենք արել։

Ինչ-որ ճիշտ է՝ ճիշտ է, մայրիկն իսկապես հիմա կգա աշխատանքից, իսկ մենք ոչինչ չենք հասցրել անել։ Տնամերձ այգիներից ծուխ է ելնում։ Թանձր ծուխը ծալծլվելով ելնում, բարձրանում է վեր, խառնվում երկնքի մուգ կապույտին։ Երևի անծանոթ նայողին հեռվից կարող է թվալ, թե մեր անտառներն են վառվում։ Այնինչ պարզապես աշուն է, բոլորը զբաղված են իրենց տնամերձ հողամասերով, մաքրում են այն, գոմաղբ շաղ տալիս, փխրեցնում. պատրաստվում են գարնանը։ Հեղինեն երեկվա իր գործին է. նա լոբու ծիլերը ցցերից հանում, բերում, կիտում է ինձ մոտ։ Եգիպտացորենի չորացած կողեր ու տերևներ էլ է հավաքում-բերում, ես դրանք լցնում եմ խարույկի վրա, և կապտակարմրավուն ծուխը երկինք է սլանում։ Կրակի լույսի տակ ցոլցոլում են Հեղինեի աչքերը։ Թողնես, մտքերի մեջ խորասուզված, ժամերով կնայի կրակին։ Ես էլ եմ սիրում նայել։

–Մհերիկ։

Շրջվում եմ։ Դարձյալ Զավենն է։ Եվ նորից, ինչպես երեկ, կանգնել է մեր ցանկապատի այն կողմում։

–Արի այստեղ,-ձայնում եմ ես բարձր, իսկ հետո նայում եմ Հեղինեին և, կամացուկ, որպեսզի Զավենը չլսի, ասում եմ.-Տուն գնա։

–Մհերիկ, իսկ քանի՞ օրում պիտի ավարտենք այգու փխրեցումը,-ասում է նա այնպիսի անմեղ տոնով, ասես չի էլ լսում իմ ասածը։

–Տուն գնա քեզ ասեցին,– ես ձայնս քիչ բարձրացնում եմ։

–Չեմ գնում,-ասում է Հեղինեն մարտական տեսքով, սակայն, տեսնելով իմ անզիջող հայացքը, գրկի կույտը զայրացկոտ նետում է գետնին ու գնում։

Զավենը անցնում է ցանկապատը, գալիս նստում է ինձ մոտ։ Որոշ ժամանակ մենք լուռ նայում ենք սարերի կողմը, որոնց ուղղածիգ լանջերը հստակ երևում են երկնքի կապտավուն հեռանկարի վրա։ Աստղերը խոշոր են, պայծառ, թվում է, թե դրանք ոչ թե երկնքում են, այլ սարերի բարձր կատարներին կպած։ Հեռվից այդ աստղերը վառվող կանթեղների են նման։

–Դու այդ որտե՞ղ էիր։ Տնի՞ց ես գալիս,-ասում եմ ես։

–Չէ, Մարատի մոտ էի։

–Ի՞նչ էիր անում այնտեղ։

–Գնացել էի հանրահաշվի տետրս վերցնելու։ Դասարանում էր վերցրել, հետո մոռացել, տուն էր տարել։

–Վերցրի՞ր։

–Այո…Ռուզանն էլ այնտեղ էր։-Իբր ի միջի այլոց, ասում է Զավենը՝ սևեռուն նայելով իմ աչքերին։-Պարապում էին միասին։

Ախ, աստված իմ, ինչ նողկալի սովորություն ունի այս Զավենը՝ ինչ-որ խելքին փչեց՝ դուրս կտա առանց մտածելու։ Մի՞թե չի հասկանում նա, որ իր յուրաքանչյուր խոսքը ծանր քարի պես իջնում է իմ սրտին։ Երբ մարդուն հարվածում են, նա բռնում է ցավող տեղը, հառաչում է ցավից, և հառաչանքը մի տեսակ թեթևացնում է տանջանքը։ Իսկ երբ հարվածը սրտի՞ն է իջնում և սուր ծակոցից շունչդ անգամ հատվում է՝ ի՞նչ անել նման դեպքում։ Սիրտդ ձեռքով չես բռնի, իսկ հառաչանքը լոկ ծիծաղ կարող է առաջացնել։

–Եվ հետո ի՞նչ…-ասում եմ ես, և ձայնս այնպես խռպոտ է հնչում, որ իմ իսկ սիրտն անգամ խառնում է։ – Թող ինչքան ուզում են, պարապեն… Եվ կարծեմ, նրանք ինչ որ հեռու ազգականներ են, չէ՞…

–Խանդում ես…-չգիտես ինչու հառաչում է Զավենը։ Նա նայում է ուղիղ իմ դեմքին, չի հարցնում, այլ մի տեսակ ասես հիմնավորում է իր միտքը։-Գիտե՞ս երբ են սկսում խանդել։

–Չգիտեմ, ոչինչ չգիտեմ,-գրգռված ասում եմ, հետո զգում եմ, որ իմ մեջ ինչ-որ բան սկսում է թուլանալ, և ես, ինքս անգամ դա չուզենալով, խոստովանում եմ…-Զավեն, ինձ հետ ինչ –որ անհասկանալի բան է կատարվում, որ երբեք չի եղել առաջներում։ Չգիտեմ նույնիսկ, թե դա ինչ է։