–Մհերիկ, կանչե՞լ ես ինձ։ Ինչ-որ մեկը կանչեց, կարծեցի դու ես։ Բարև, Զավեն։-Ինչպիսի երջանկություն, որ հատկապես այս պահին հայտնվեց Հեղինեն. ես արդեն քիչ էր մնում հիմնովին ջրիկանայի…Կեցցես, քույրիկս։ Բայց, գրողը տանի, Հեղինեն, ասես ոչ մի բան էլ չի եղել, կանգնել է կողքիս ու հարցական նայում է երեսիս։
–Ո՞վ է քեզ կանչել։ Ոչ ոք չի կանչել, գնա,-ասում եմ ես՝ արդեն որոշ չափով հանգստացած։
–Ցտեսություն,-ֆշշացնում է Հեղինեն։ Նրա և Զավենի հայացքները մի ակնթարթ հանդիպում են՝ մի տեսակ վախվորած ու գողունի փաղաքշելով իրար։ Ես արդեն ձևացնում եմ, թե իբր ոչինչ չեմ նկատում։ Ասենք, դա այդպես էլ կա, հիմա իմ մտքերն ուրիշ տեղ են…
Դպրոցի պահակ շիլ Երեմը՝ գլուխը կողքի թեքած, երկար նայում է ինձ, որովհետև այսպես վաղ ես երբեք դպրոց եկած չկամ։
–Հավերը դեռ թառից չեն իջել, էսքան շուտ ո՞ւր ես եկել,-ասում է շիլ Երեմը։
–Հենց այնպես…-քրթմնջում եմ ես՝ չիմանալով ինչ պատասխանել։ Ինձ, չգիտեմ ինչու, մի պահ թվում է, թե շիլ Երեմը երբեք չի հասկանա իմ ասածները, եթե նույնիսկ ես հանգամանորեն բացատրեմ նրան բանի էությունը, քանզի մեր տարիքների տարբերությունը կազմում է շուրջ վաթսուն տարի։
Երկրորդ զանգից հետո դասարանը լցվում է աղմուկ-աղաղակով։ Բայց դեռ ոչ բոլորն են եկել։ Ես լուսամուտից նայում եմ դուրս։ Գյուղի բոլոր թաղամասերից նեղլիկ ճանապարհներ են գալիս դեպի դպրոց։ Աշակերտները՝ տղաներ ու աղջիկներ՝ համարյա բոլոր դասարաններից, այդ ճանապարհների տուտը բռնած շտապում են դպրոց, որովհետև երրորդ զանգին քիչ է մնացել…Ահա և Ռուզանը։ Զգում եմ, թե ինչպես է սիրտս սկսում արագ-արագ խփել… Ռուզանն ինձ, պարզ է, չի նկատում, բայց ես ակամաբար ժպտում եմ նրան։ Երկար չի տևում այդ ժպիտը, այն իսկույն խամրում է իմ հոգում, որովհետև, ասես գետնի տակից, Ռուզանի կողքին հայտնվում է Մարատը։ Նրանք զրուցելով մտնում են դպրոցի բակը։ Այդ տեսարանից աչքերս նույնիսկ մթնում են։ Ես շրջվում, արագ դուրս եմ վազում դասարանից։ Դրսում կարծես թե հեշտ է շնչելը։ Եվ այդ պահին հանկարծ նկատում եմ Լիլիթին… Սպասիր, ուղղակի գալիս է դեմ առ դեմ, սակայն ուզում է ձևացնել, թե իբր չի էլ նկատում ինձ, անբարհավաճ տեսք ունի, բայց չէ, դա ինձ մոտ չի անցնի, սիրելիս։ Ձեռքերս խոթում եմ գրպաններս և, մեջքով շրջվելով նրա կողմը, անտարբեր ինչ-որ եղանակ եմ սուլում։ Այդպես էլ գիտեի։ Ազդեց։ Ոտնաձայները կանգ առան ինձնից երկու քայլ այն կողմ։
–Բարև,-իմ ետևից հնչում է Լիլիթի ձայնը։ Դե հիմա գնա, հիմարիկս։ Որտեղ քոնն ասես՝ մի մոռացիր նաև իմը։ Կանգնել եմ նույն դիրքում, հայացքս հեռո՜ւ-հեռու Մռավա սարին, որի գագաթները աղոտ շողշողում են հավերժական ձյուներից։
–Ես ասեցի՝ բարև,-կատաղաբար նետում է Լիլիթը։
Ես շինծու հանգստությամբ շրջվում եմ նրա կողմը և…գրողը տանի, նա, պարզվում է, կտրել է մազերը, և նրա սանրվածքը հիմա ճիշտ այնպիսին է, ինչպես Ռուզանինը։
–Դու այդ ի՞նչ ես արել մազերդ,-չարախնդորեն ժպտում եմ ես, թեպետ, ընդհանուր առմամբ, ինձ դուր է գալիս նրա նոր սանրվածքը։
–Իսկ քո ի՞նչ գործն է, թե ինչ եմ արել,-կոտրատվում է Լիլիթը։-Գուցե պիտի հարցնեի քեզնից։ Ներեցեք, խնդրեմ…
–Լավ, գլուխ մի տար,-ասում եմ։– Եվ առհասարակ, չեմ հասկանում, ի՞նչ ես կպել ինձ։ Դու ինչ է, իմ քո՞ւյրն ես, որ թույլտվություն հարցնեիր ինձնից, թե ես քո նշանա՞ծն եմ։
Ինձ հետ հաճախ է այդպես լինում. առանց մտածելու խոսում եմ ու նոր միայն գլխի ընկնում, որ համը հանեցի։
Լիլիթը հանկարծ գունատվում է, նրա աչերը լցվում են արցունքով։ Ամբարհավաճության արտահայտությունն իսկույն չքանում է նրա դեմքից։ Թեթևակի օրորվելով, նա մոտենում է ինձ և կամացուկ, բացառիկ սպառնալիքով ասում.
–Դե մի կրկնիր, ի՞նչ ասացիր…Նորից կրկնիր…
–Կարող եմ և կրկնել,-ասում եմ ես՝ անտարբեր թոթվելով ուսերս։
Կրկնել, սակայն, չի հաջողվում. Լիլիթն անսպասելի ապտակում է ինձ, և նա այնպիսի ուժով է հասցնում ինձ այդ ապտակը, որ աչքերս պեծին են տալիս։ Ակնոցս ընկնում է գետնին, բայց, փառք աստծո, ապակիներն անվնաս են։ Այդ ամենը այնպես արագ է կատարվում, որ ես չեմ հասցնում անգամ զարմանալ։ Առանց մի խոսքի ես թեքվում, վերցնում եմ ակոցս և լուռ նայում եմ Լիլիթին։ Ցնցված սեփական իսկ արարքից, նա այնպիսի հայացքով է նայում ինձ, ասես պատրաստ է նետվելու իմ գիրկն ու աղերսներով ներում խնդրել։ Ոնց որ կուտ գցես՝ հավերի պես այս ու այն կողմից վազելով հավաքվում են աշակերտները։ Լավ է մարդ գետինը մտնի, քան օրը ցերեկով խայտառակվի այսպես։ Բայց ուշ է արդեն։ Որտեղից-որտեղ, անսպասելի հայտնվում է ընկեր Մարոն։
–Գնանք,– բռնելով ձեռքս, կարգադրում է նա։ Ես լուռ հետևում եմ նրան։ Համոզված եմ՝ նա ինձ դիրեկտորի մոտ է տանում, և մտքում ծանրութեթև եմ անում այն ամենը, ինչ պիտի ասեմ այնտեղ, որպեսզի անհարմար կացության մեջ չդնեմ ոչ ինձ, և ոչ էլ առավել ևս՝ Լիլիթին։ Եթե պիտի մեղադրեն, ապա թող ինձ մեղադրեն, որովհետև ես էի մեղավոր։ Լիլիթը, ոչ մի մեղք չունի, ես արժանի էի, դրա համար էլ նա ապտակեց ինձ, վերջ։
–Ընկեր Մարո,-ասում եմ ես նողկալի դողդոջ ձայնով։ Ես ուզում եմ նրան ասել, որ, իրոք, մեղավորը ես էի, և որ Լիլիթի հետ, չեմ առարկում, չափից դուրս կոպիտ վարվեցի, բայց դա կապված էր որոշ հանգամանքների հետ… Լիլիթն ինձ ապտակեց, և ամբողջ դպրոցը տեսավ դա, մի՞թե այդքանը քիչ էր, որ հիմա էլ դիրեկտորի մոտ եք ուզում տանել…Բայց ընկեր Մարոն չի թողնում ասելիքս վերջացնեմ. հավանաբար, հասկացել է, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Նա միշտ էլ այդպիսին է՝ դյուրըմբռնող ու սրտացավ։