Выбрать главу

–Գնա դասարան, -ասում է նա,– և մի մոռացիր, տղամարդը, ինչ տարիքում էլ ուզում է որ լինի, պետք է տղամարդ մնա։

Ընկեր Մարոն երբեմն սիրում է մանվածապատ արտահայտություններ անել, բայց ես, ամենայն հավանականությամբ, հասկացա նրան, այլապես ինչո՞ւ այսպես հիմարաբար կարմրեցի…

Պատկերացնում եմ, թե ինչպիսի տեսք ունեի, երբ ոտքերս քարշ տալով մտա դասարան և լուռ ու գլխահակ գնացի, նստեցի իմ տեղը։ Չէ, լավն են մեր դասարանցիները, չսկսեցին հարցուփորձը՝ իբր ոչինչ էլ չէր եղել։ Ռուզանը նույնպես չի հարցնում։ Նա միայն կողքանց թռուցիկ հայացքներ է ձգում ինձ վրա և վեհերոտ ժպտում է։ Իսկ ինչ-որ մի պահ նա հանկարծ ձեռքը դնում է իմ ձեռքին և թեթևակի սեղմում է այն։

–Դու այնքան էլ մի մտածիր,– ասում է նա կամացուկ, համարյա միայն շուրթերով, որոնք վառ կարմիր են, թեթևակի ուռած՝ ինչպես մանկան շուրթեր։– Կանցնի, ում հետ էլ ասես, կարող է պատահել…-Եվ քիչ խոնարհվելով իմ կողմը, կրկին ժպտում է։ Նրա մատների ջերմությունն ասես թափանցում է իմ ամբողջ էության մեջ, և ես զգում եմ, թե ինչպես հետզհետե մեղմանում, վերադառնում եմ նորմալ վիճակի։ Աստված իմ, ես հաստատ գիտեմ. այս աղջիկը շատ շուտով խելքահան կանի ինձ։ Թող, միայն թե ձեռքը չվերցնի իմ ձեռքի վրայից, այդպես թող այրի ինձ իր ջերմությամբ։ Հանուն դրա արժե նույնիսկ զրկվել խելքից։ Միթե՞ այդպես չէ…

Վերջին զանգից հետո Մարատը նորից տիրոջ պես կանգնում է մեր նստարանի մոտ և Ռուզանին ասում է.

–Գնացինք։

Ռուզանը հնազանդ ելնում և գնում է դռների կողմը։ Տա՞տն է, ինչ է, սովորեցրել նրան այդ ազգակցական հնազանդությանը։ Այնպես կուզենայի հենց դռների մոտ կանգնեցնել այդ Մարատին և տարահարված թափով խփել նրա դեմքին։ Բայց ոչ, չարժե երկրորդ անգամ կռվի մեջ ընկնել։ Մի օրվա համար չափից դուրս շատ կլինի դա։

Լիլիթը նույնպես ելնում, հավաքում է դասագրքերն ու տետրերը, տեղավորում պայուսակում։ Չի շտապում։ Գաղտուկ նայում եմ նրան։ Եթե առաջինը ես դուրս գամ դասարանից, ստիպված նրա մոտով պիտի անցնեմ։ Հավանաբար ուզում է խոսել հետս, դրա համար է ոտքը կախ գցում։ Ի՞նչ պիտի խոսի։ Պարզ է, ուզում է հաշտվել։ Ոչ միայն Լիլիթի՝ ոչ մեկի հետ խոսելու տրամադրություն չունեմ։ Ես նույնպես դասավորում եմ դասագրքերս ու նույնպես չեմ շտապում։ Լլիլիթը տխուր հետևում է ինձ, հետո գլխիկոր, դանդաղ գնում է դեպի դռները։

Հեռվում վառվում է անտառը… Այդպես թվում է առաջինը հայացքից։ Իրականում անտառը չի վառվում։ Դա արևն է հասել Կաղնախաչի սարերին, անցնում է սարերի այն կողմը, և նրա կարմիր շողերը ոսկեզօծել են անտառը։

Հայացքս հեռավոր անտառներին, ծանոթ արահետով, ցածր, ինքս ինձ սուլելով, տուն եմ գնում։ Իսկ հետո հանկարծ սթափվում եմ՝ ախր, առավոտյան հենց այդ եղանակը սուլելու համար ապտակ կերա։ Քմծիծաղում եմ ու շարունակում ճանապարհս…

Գժտությունը հիմար բան է։ Ես դա գիտեմ, բայց երբեմն լինում է նաև այնպես, որ ստիպված գժտվում եմ ես որևէ մեկի հետ։ Երևի այդպես էլ պետք է լինի, երևի առանց դրան հնարավոր էլ չէ։ Ահա ինչքան ժամանակ է ես ու Լիլիթը խռով ենք։ Մի անգամ ուզում էի հաշտվել, բայց ոչինչ դուրս չեկավ. Նա զայրացկոտ նայեց ինձ և շրջեց դեմքը։ Հո չեմ պարտադրելու՝ թող չուզենա։ Մարատի հետ նույնպես չեմ խոսում: Ռուզանի համար մի թեթև միջադեպ եղավ մեր միջև ու այդ օրվանից չենք խոսում. նրա հետ ես իմ անձնական հաշիվներն ունեմ…

Իսկ ահա Ռուզանի հետ… Իմ գլուխն անգամ չի մտնում այն միտքը, որ երբևէ կարող եմ խռովել նրանից։ Նոր տարվա նախօրյակին նա հանկարծ ասում է ինձ.

–Ես քեզնից ոչ մի քնքուշ խոսք չեմ լսում երբեք…

Ես քիչ մնաց շնչահեղծ լինեի։ Կարծես թե բառերով կարելի է ասել այն, ինչ զգում ես։ Ախր, ես պատրաստ եմ առավոտից մինչև երեկո նրան փաղաքշական խոսքեր ասել, բայց դե, դա այնքան էլ հեշտ չէ։ Թեկուզ հենց հիմա։ Ի՞նչ պատասխանեմ նրան։ Սկզբում լսում եմ, ոնց որ համր, հետո ինչ-որ փնթփնթում եմ.

–Այսինքն, ի՞նչ խոսքեր ի նկատի ունես։

Ազնիվ խոսք, իմ սիրտն անգամ խառնում է իմ ասածից։ Զարմանում եմ, թե Ռուզանն ինչպես է կարողանում նույն նստարանին նստել մի այնպիսի բութ ոչխարի հետ, ինչպիսին ես եմ։ Իսկ նա… միայն ժպտում է լուսաշող , իսկ հետո ասում.

–Դու ուրախ ես, չէ՞, մեր մտերմությամբ…

–Ուրախ եմ… Դե, իհարկե, ուրախ եմ։

Ռուզանը մատը տանում է շուրթերին։

–Սուսս…

Ես բնազդաբար նայում եմ շուրջս, թեպետ ինքս էլ գիտեմ, որ դասասենյակում ոչ ոք չկա ինձ ու Ռուզանից բացի: Դասերը վաղուց ավարտվել են, բայց ես տուն չեմ գնում, որովհետև, ըստ դասացուցակի, այսօր հերթապահ եմ։ Ռուզանը սկզբում գնացել էր Մարատի հետ, սակայն մի տասը րոպե անց, նորից ետ եկավ։ Եվ ահա մենք մենակ ենք՝ կիսամութ ու ընդարձակ դասասենյակում։

–Իսկ դու՞,-հարցնում եմ ես ու զգում, թե ինչպես է ձայնս դողում։ Ռուզանը թոթվում է ուսերը։