–Դու հո տեսնում ես… Ես ինքս էլ զարմանում եմ ինձ վրա…Շարունակ ուզում եմ քեզ մոտ լինել, թեկուզ ոչ մի բանի մասին չխոսենք էլ, միևնույն է, ինձ համար հետաքրքիր ու հաճելի է քեզ հետ…
–Շնորհակալություն,– ասում եմ,-շնորհակալություն, Ռուզան։
–Ինչի՞ համար՝ շնորհակալություն,-Ռուզանը խորհրդավոր ժպտում է։ Զարմանալի ես դու, Մհերիկ…Ես հո չեմ ստիպում ինձ։ Ինձ պարզապես դուր է գալիս միշտ լինել քեզ մոտ, յուրաքանչյուր րոպե… Թե ինչից է դա, չգիտեմ, ինքս ևս հասկանալ չեմ կարողանում, բայց զգում եմ, որ այսուհետ միշտ այդպես կլինի… Միայն թե այդ մասին ոչ ոքի մի ասա։ Լա՞վ։ Դա պատկանում է միայն երկուսիս, լա՞վ։
Այդ խոսքերից տաք քնքշության այնպիսի հոսանք է հաղորդվում իմ էությանը, որ ես, անկարող զսպելու ինձ, ինքս էլ չգիտեմ, թե ինչպես ստացվեց դա, ասում եմ.
–Եթե դու իմանայիր, թե ինչպես եմ ես քեզ սիրում…
Անսպասելիությունից Ռուզանը նույնպես ետ է ընկրկում։
Դե, իհարկե, վերցնես ու այդպիսի բան ասես դպրոցահասակ աղջկան… Երևի այդ պահին լրիվ ապուշ տեսք ունեի։ Ստեղծված անհարմար դրությունն ինչ-որ կերպ կոծկելու համար, ես արագ վերցնում եմ սրբիչը և սկսում մոլեգնորեն մաքրել գրատախտակը՝ միևնույն ժամանակ, ինքս էլ դա չկամենալով, աչքի տակով գաղտուկ նայելով Ռուզանին։ Ես վախենում եմ, որ Ռուզանը կարող է թողնել ու հեռանալ։ Եվ ճիշտ էլ կանի,-այդպիսի բան ով է աղջկան ասում միանգամից…Չէ, դեռ այժմ չի գնում, բայց շրջվել է դեպի լուսամուտը։ Եթե թողնի ու գնա, ես ինձ երկրորդ հարկից կնետեմ ցած։
–Լավ, ներիր, – ասում եմ,-միայն մի գնա, խնդրում եմ…
Եվ այստեղ հանկարծ պատահում է այն, ինչ որ չէի սպասել երբեք։ Ռուզանը դանդաղ շրջվում է լուսամուտից (նրա դեմքը վառվում է ինչպես տենդի մեջ) և դանդաղ մոտենում է ինձ։ Կանգնելով բոլորովին մոտիկ (ես նույնիսկ զգում եմ նրա շնչառությունը), նա ասում է կամացուկ.
–Համբուրիր ինձ, Մհերիկ։
–Ի՞նչ… ի՞նչ ասացիր,-ես ցուցամատով ուղղում եմ ակնոցս։ Շփոթվում եմ թե չէ՝ ակամա այդպես եմ վարվում։
–Համբուրիր ինձ…
–Ռուզան, սիրելիս, թանկագինս…– Ես երկու ձեռքով գրկում եմ նրա ուսերը (այս ինչ նրբագեղ ու փխրուն են նրա ուսերը, նույնիս երկյուղալի է դիպչելը) և համբուրում եմ տաք այտը։ Ռուզանը գլուխը թեթևակի թեքում է ետ, և ես համբուրում եմ նրա ալ կարմիր, հնազանդ շուրթերը։ Իսկ հետո, ինչպես հանցագործության մեջ բռնված, նայում ենք տարբեր կողմեր։ Ես արդեն չգիտեմ, թե ինչքան ժամանակ ենք այդպես լուռ մնում, նույնիսկ չենք նայում իրար, ասես խռով ենք իրարից։ Երկուսս էլ մի տեսակ ամոթ ենք զգում, բայց դրա հետ միաժամանակ՝ հաճելի է։ Ես երբեք չեմ մտածել, որ մարդու մեջ կարող են գոյակցել այդ երկու զգացմունքները՝ ամոթխածությունն ու բերկրանքը։ Պարզապես զարմանալի է։
–Դու ոչ ոքի չես ասի, չէ՞… Դեհ, այդ մասին, էլի…-վերջապես խոսում է Ռուզանը։ Երևի սրտում զգում է նույն երկվությունը, դրա համար էլ վախենում է արտաբերել, ''համբուրվել'' բառը։
–Ես չեմ էլ մտածում, որևէ մեկին ասել քո մասին։ Այդ մասին չեն խոսում, պա՞րզ է։
–Այո,-գլխով է անում Ռուզանը, իսկ հետո ասում է,-դե, ես գնամ, Մհերիկ։ Թե չէ տատս կանհանգստանա։
Նա այնպիսի տոնով է խոսում, կարծես թույլտվություն է խնդրում ինձնից։ Այդ խոսքերից ոչ այն է նրա հանդեպ ունեցած խղճահարությունից, ոչ այն է՝ գորովանքից, սիրտս կծկվում է կրծքիս տակ։
–Դե, իհարկե,-ասում եմ,-գնա։
Նա շրջվում, քայլում է դեպի միջանցք, հետո հանկարծ կանգնում է դռների մոտ և, կիսաշրջվելով իմ կողմը, ասում է.
–Վաղը նոր տարի է։ Վաղը պարապմունք չունեք, իրար չենք տեսնելու։
–Այո,-ասում եմ,– երևի չենք տեսնելու։
–Շնորհավոր քո նոր տարին։
–Քոնը ևս…
Ռուզանը գնում է, իսկ ես մնացել եմ կանգնած՝ շվար ու մի տեսակ խլացած, և չգիտեմ ինչ անել։ Ես ուզում եմ միաժամանակ ծիծաղել, և լաց լինել, և աստված գիտի թե էլ ինչ… Այդպիսի բան կյանքում առաջին անգամ է պատահում ինձ, և ես չգիտեմ, թե ինչ է դա, ինչպես է կոչվում։ Օրորվելով, ոնց որ հարբած, գնում և նստում եմ մեր նստարանին։ Նայում եմ մյուս նստարաններին և իմ աչքերին չեմ հավատում. Մերը կարծես թե ավելի հարազատ ու գեղեցիկ է, քան մյուս նստարանները։ Ուղղակի զարմանալի է։
Օրերը չեն անցնում, նրանք պարզապես թռչում են։ Ընկեր Մարոն ամեն օր համարյա թե նույն բանն է կրկնում.
–Մինչև ավարտական քննությունները հաշված օրեր են մնացել։ Պատրաստվեցեք, որ ինձ ամոթով չթողնեք։
Իսկ մինչև քննություններ ահագին ժամանակ կա դեռ՝ ուղիղ ամսուկես։
Լիլիթի հետ այդպես էլ չհաջողվեց հաշտվել։ Իսկ Մարատի հետ՝ նույնիսկ չեմ էլ ուզում։ Ավելի ճիշտ՝ չեմ էլ մտածում այդ մասին՝ ինչի՞ս է պետք։ Ինձ հետ է Ռուզանը, և դա բավական է։ Մարմաջ ունի Ռուզանը՝ սիրում է մեկ-մեկ խայթել ինձ ու ծիծաղից թուլանալ։ Իսկ ես… աստված չանի իր շահերին կպչող մի բան ասեմ։ Իսկույն ձեռքը տնկում է օդում. և այն էլ մշտական ֆիզիկայի դասին, որովհետև ֆիզիկայի ուսուցիչ ընկեր Շեկյանը թաքուն սիրահարված է նրան և անհապաղ կատարում է նրա ամեն մի քմահաճույքը։
–Ի՞նչ է պատահել, Ռուզաննա,-հալվում է ընկեր Շեկյանը։ Նա նոր է ավարտել ինստիտուտը, առաջին տարին է դասավանդում դպրոցում և, ըստ երևույթին, չգիտի դեռ բարձր դասարանների աղջիկների հետ իրեն պահելու ձևը։