Выбрать главу

Ռուզանը դանդաղ ելնում է տեղից, չմոռանալով կամացուկ զգուշացնել՝ ''ուղիղ երեք րոպե հետո դուրս կթռչես դասարանից''։ Նա այդ բառերը այնպիսի խոր հոգոցով է արտաբերում, ասես ցավում է, որ ստիպված է դիմելու այդպիսի կտրուկ միջոցների։ Ես չեմ հասկանում, թե ինչպես պիտի ''դուրս թռչեմ'' դասարանից և քմծիծաղով ասում եմ. ''մի րոպեն անցավ''։

–Ընկեր Շեկյան, Մհերիկն իմ տետրը թանաքով կեղտոտել է:

Ընկեր Շեկյանը չի էլ պահանջում, որպեսզի ցույց տան իրեն կեղտոտած տետրը, նա հավատում է Ռուզանի խոսքերին։

– Վեր կաց տեղիցդ,-խստությամբ ասում է ընկեր Շեկյանը։

Ես, իհարկե, ելնում եմ նստած տեղից։

–Դուս արի դասարանից։

Դասարանից դուրս գալիս ես շրջվում, նայում եմ ետ. Ռուզանը կծել է ստորին շուրթը, որպեսզի չփռթկացնի, իսկ հետո սիրալիր աչքով է անում. իբր, ցնոր տեսություն…

Իսկ դպրոցից առաջվա պես Մարատի հետ է տուն գնում։Ինչ խոսք, դա ինձ խիստ կատաղեցնում է:

–Միևնույն է, դրա դունչը պիտի մի լավ արդուկեմ:

–Ո՞ւմ,-հարցնում է Զավենը։

–Այդ հնդուհավի,-ասում եմ ես։

–Ի՞նչ հնդուհավ։ Մարատի՞։

Եվ լռում է։ Այլևս ոչ մի խոսք։

Ես ու Զավենը նստած ենք մեր տանը։ Քննության ենք պատրաստվում։ Հարևան սենյակում մայրիկն ինչ-որ բան է թակալում կարի մեքենայով։ Մեր զրույցը նա չի լսում։ Իսկ Զավենը շարունակում է լռել, ասես ջուր է առել բերանը։ Միայն երբեմն առ երբեմն ժրաշարժ աչքերով ծիկրակում է խոհանոցի կողմը. այնտեղ, փակ դռան ետևում, Հեղինեն ինչ-որ բանաստեղծություն է սերտում։ Բառերը դժվար է ըմբռնել, լսվում է միայն՝ ''ես, սե, սե, սե'', և ուրիշ ոչինչ։ Բայց Զավենի համար այդ ''սե, սե-ն'' երևի հնչում է ինչպես աստվածային մեղեդի։

Իմ համբերությունն արդեն հատվելու վրա է.

–Դե, ի՞նչ ես լռել,-քիչ է մնում գոռամ ես։

–Ո՞վ։ Ե՞ս։-Զավենն այնպես է նայում ինձ, ասես քնի քաղցր պահին արթնացել եմ։– Իսկ ի՞նչ է պատահել։

–Դու առհասարակ լսե՞լ ես, թե ինչի մասին եմ խոսել։

–Լսել եմ։ Ուզում ես արդուկել դունչը։– Եվ հանկարծ աչքերը չռում է վրաս։-Սպասիր, ո՞ւմ դունչը։

Դե փորձիր չծիծաղել։ Եվ ես ծիծաղում եմ, թեպետ ծիծաղելու սիրտ չունեմ։

–Մարատի՞,-ոչ մի կերպ չի կարողանում հանգստանալ Զավենը։

–Իսկ Մարատն անձեռնմխելի՞ է, ինչ է։

Զավենը միառժամանակ մտասույզ նայում է ինձ, ասես համաշխարհային մակարդակի լուրջ պրոբլեմ է վճռում։ Հետո ցածրաձայն ասում է.

–Փակիր դուռը։

–Ինչո՞ւ։

–Փակիր քեզ ասում եմ։ Խոսել է պետք։

Այս անգամ արդեն ես եմ չռում աչքերս. մուտքն, ինչպես ասում են, շատ է բազմախոստում։ Տեղից ելնում, գնում դուռը փակում եմ։

–Մամա, մեքենայի չխչխկոցները խանգարում են մեզ, ավելի լավ է, դուռը փակեմ, հա՞…

–Փակիր, փակիր, եթե խանգարում է։

Դուռը կողպում, վերադառնում եմ գրասեղանի մոտ։

–Դե, պատմիր, ի՞նչ էիր ուզում ասել։

Զավենը սեղանի վրայից մի կողմ է հրում անկանոն կերպով թափված դասագրքերը, տետրերն ու հարցատոմսերը, հետո հազում է և, բազմանշանակորեն ցածրացնելով ձայնը, ասում է.

–Դու իսկականի՞ց ես սիրում Ռուզանին։

–Ինչպե՞ս թե՝ իսկականից…Անիսկական սե՞ր է լինում։ Եթե սիրում են, ուրեմն, իսկականից են սիրում։ Դու մտածո՞ւմ ես, թե ինչ ես ասում։ Սա՞ էր քո ասելիքը։

–Չէ, սպասիր… Դու նրան հարցրե՞լ ես Մարատի մասին։ Գոնե մի անգամ հարցրե՞լ ես։

–Ոչ… Եթե ինքը չի ասում, ինչո՞ւ հարցնեմ։

–Ինքը չի ասում։ Ինքը գուցե երբեք էլ չի ասելու։– Զավենը հանդիմանանքով նայում է ինձ, շարունակում,-իսկ ինչո՞ւ ամեն օր Մարատի հետ է տուն գնում։

–Ինչ-որ… հեռու բարեկամներ են…

–Հետո ինչ՝հեռու բարեկամներ են… Դրա համար են միասին շրջում անտառներում։

Զավենը այնպիսի հայացքով է նայում , ասես ուրիշ մոլորակից եմ իջել, և ինքն առաջին անգամ է տեսնում ինձ։

–Իսկ գիտե՞ս, որ նրանք միասին գնացել են Ստեփանակերտ։ Տեսնող է եղել թատրոնում։ Դրա՞ն ինչ կասես։– Զավենը ելնում, առաջ ու ետ է քայլում սենյակում։-Նրանք սիրում են իրար և լավ կանես՝ հանգիստ թողնես նրանց։ Սա իմ խորհուրդն է։ Ինչո՞ւ ես այդպես նայում ինձ։

Չէ, մեզնից մեկը հաստատ թռցրել է խելքը՝ կամ ես կամ Զավենը։ Ես տիրապետում եմ ինձ և, ինչքան կարելի է սառնասրտորեն, ասում եմ.

–Դա պարզապես քեզ թվում է, Զավեն։ Իսկ քեզ նույնիսկ նայում եմ սովորական ձևով, նույնիսկ շատ սովորական ձևով… Ուրեմն, ես պարտավոր եմ հանգիստ թողնել նրանց… Այսինքն, ես քեզ լա՞վ եմ հասկացել, պարտավոր եմ չսիրել Ռուզանին։ Իսկ մի՞թե դա հնարավոր է, Զավեն, դա անհնարին է…-Ես չկարողացա շարունակել, իմ ձայնը դողաց։

Զավենն այնպես տանջալից կերպով հառաչում, կնճռոտում է ճակատը, ասես իմաստության ատամն է ցավում։ Վերջապես, իմ վրայով նայելով պատի կողմը, նա ասում է.

–Դու հասկանո՞ւմ ես… Ես քեզ ասել եմ, ախր… Նրանք սիրում են իրար… Եվ եթե կուզես իմանալ… նրանք արդեն նշանված են…

Չեմ հիշում, թե ինչպես վեր թռա, իմ տակից թռավ աթոռը և շրխկոցով ընկավ հատակին։

–Ստում ես…-ասացի ես։-Ստում ես դու…

Պարզվում է, որ այդ խոսքերը ես շշուկով չեմ ասել, այլ բարձրաձայն, համարյա բղավոցով։ Մայրիկը հայտնվում է դռների մեջ.