Выбрать главу

–Դու ինչ է, գժվե՞լ ես, Մհերիկ։

Այո, գժվել եմ, միթե՞ այլ կերպ էլ է լինում գժվելը։

Իսկ Զավենը՝ այդ հրաշք տղան, երևակայում եք, հանդարտ ժպտում է և այդպես հանդարտ ձայնով էլ մայրիկին ասւմ է.

–Մի անհանգստացեք, իմ պատճառով էր, հարցատոմսերը շփոթել էի, դրա համար էլ բարկացավ։

Մայրիկը կշտամբանքով օրորում է գլուխը.

–Եվ ո՞ւմ է եկել էդ անզուսպ բնավորությամբ։

Զավենը բռնում է թևս և ինձ հրում դեպի դուռը.

–Գնանք մի քիչ թարմ օդ շնչենք, այս դասագրքերից ու տոմսերից սիրտս խառնում է արդեն։

Ահա թե երբ նախանձեցի ես Զավենի ինքնատիրապետմանը։ Նման մարդը չի կարող պատահել, որ երջանիկ չլինի ամբողջ կյանքում։ Ես էլ ասեմ ինչու նա այդպես դուր է գալիս մեր Հեղինեին։

Մենք դուրս ենք գալիս բակ և այստեղ ես հանկարծ զգում եմ, որ ինձ հարկավոր է մենակ մնալ, մեն-մենակ, որովհետև անկարող եմ որևէ խոսք ասել, նույնիսկ թվում է՝ եթե Զավենը թեկուզ մի խոսք անգամ ասի, ապա ես չեմ դիմանա, կամ կկոպտեմ նրան, կամ լաց կլինեմ՝ երկար ու դառնորեն։

–Գնա, Զավեն,-ասում եմ,-գնա տուն։

Զավենը քաջալերիչ ժպիտով բարձրացնում է ձեռքը՝ իբր, քիթդ մի կախիր, ամեն ինչ լավ կլինի, և գնում է։ Որոշ ժամանակ ես աննպատակ շրջում եմ մեր տնամերձ այգում։ Հետո ակամայից կանգնում եմ բակի վրա խոնարհված ծիրանու մոտ։ Ծիրանին, ոնց որ դեռատի հարս, զուգվել, զարդարվել է կարմիր ու մանուշակագույն ծաղիկներով, և այդ ծաղիկները աղջկական ժպիտների են նման… Բայց ոչ, սուտ է, այդպիսի բաներով հիմա չես խաբի ինձ։ Դատարկ փչոցներ են այդ ծաղիկները, ժպիտները, բոլոր տեսակի քնքուշ խոսքերը, համբյուրները… Առաջին իսկ թեթև քամուց այդ ծաղիկները կթափվեն գրողի ծոցը, և ծառը կմնա կանգնած տկլոր ու ծիծաղելի… Չէ, հավատ չընծայելու հարցերում վարպետ եմ ես արդեն, դժվար է ինձ խաբելը… Խոնարհ ողջույն քեզ, գեցեցկուհի Ռուզան, դու իմ բթամիտ գլխից լավ հանեցիր սենտիմենտալ մրուրը։

Թեպետ արդեն հնչել է զանգը, սակայն ընկեր Մարոն չկա դեռ։ Դասարանը գգվում է. բոլորը բարձր խոսում, ծիծաղում են, իսկական գժանոց։ Առանց որևէ մեկին նայելու, ուղիղ գնում եմ դեպի իմ նստարանը։ Ռուզանն արդեն նստած է իր տեղը, նա արագ թերթում է դասագիրքը՝ ինչ-որ բան է որոնում այնտեղ։ Տեսնելով ինձ, նա սկզբում ժպտում է, բայց հետո ժպիտը հանգչում է նրա դեմքին։ Ես լուռ գլխով եմ անում նրան և նստում իմ տեղը։

–Ինչ-որ բա՞ն է պատահել,-շշուկով ասում է Ռուզանը և ձեռքը դնում է իմ արմունկին։-Երեսիդ գույն չկա։

–Քո գործը չէ,-ասում եմ ես։ Ինքս էլ զգում եմ, որ կոպտաբար եմ վարվում, սակայն այլ կերպ չեմ կարողանում։ Նա նույնիսկ չի նեղանում։ Հրեշտակի անմեղապարտ դեմք, ջինջ, անապական հայացք… Եվ ձայնն էլ այնպես սրտահույզ է… ինչ որ առիթով, հիշում եմ, ասաց, որ ցանկություն ունի գյուղատնտեսական ինստիտուտ ընդունվել, ագրոնոմ է ուզում դառնալ։ Բա ո՜նց, մարդը պաշտում է բնությունը, ինչպե՞ս կարող է առանց հայրենական դաշտերի…Ի՞նչ դաշտեր՝ նրա տեղը թատերականն է, գլուխ տալով կվերցնեն ու դեռ մի բան էլ ավելի, հանաք բա՞ն է այդպես վարպետորեն ձևացնելը… Հո ամեն մարդ չի կարողանա…

–Մհերիկ։

–Ի՞նչ ես ուզում։

–Քեզ ի՞նչ է պատահել։

–Ասացի, որ քո գործը չի։

–Դե լավ, խնդրում եմ…-Ռուզանի աչքերում նույնիսկ արցունքներ են երևում, այդ արցունքներն այնպես գեղեցիկ շողշողում են, բեմում, հավանաբար, ուժեղ ազդեցություն կգործեին…

Ես մեքենաբար ժպտում եմ։ Նայելով ինձ, Ռուզանն էլ է ժպտում։ Ճիշտ է, անվստահ, բայց, այնուամենայնիվ, ժպտում է։ Ես աչքերով ցույց եմ տալիս Մարատին։

–Համբյուրվե՞լ ես նրա հետ:

–Մհերիկ,-նա ձեռքը դնում է իմ ձեռքին, երկարուկ մատներով ուժեղ սեղմելով իմ մատները:-Մի հարցրու,-գլխահակ, մարող շշուկով ասում է նա,-ոչինչ մի հարցրու:

Արյունն ասես սառչում է իմ երակներովմ, սակայն ես, այնուամենայնիվ, ուժ եմ գտնում իմ մեջ հարցնելու.

–Նշանվա՞ծ ես նրա հետ։

Ռուզանի դեմքը հետզհետե գունատվում է, ասես արյունը արտահոսում է նրա երակներից։ Մի քանի ակնթարթ նա ինձ նայում է այնպիսի սարսափով, կարծես ես ձեռքս բարձրացրել, և ուր որ է պիտի հարվածեմ նրան։

–Դա ո՞վ է քեզ ասել։

–Կարևոր չէ, թե ով։ Ասա, ճի՞շտ է դա, թե ոչ։

Ռուզանը մի պահ հապաղում, հետո պատասխանում է հազիվ լսելի.

–Ճիշտ է, Մհերիկ… Ես քեզ հետո ամեն ինչ կբացատրեմ։

Իմ ներսում ասես ինչ որ բան է կտրվում։ Ըստ երևույթին, ես դեռևս հույս ունեի, թե գյուղական սովորական բամբասանք կլինի դա, բայց… կանգնած է մարդը անթացուպերով, եթե վերցնես ու դեն նետես այդ անթացուպերը, գուցե նա չընկնի, մնա կանգնած, բայց նա կզգա իրեն անօգնական, անպաշտպան, նա կթափահարի ձեռքերը, որպեսզի կառչի որևէ բանից, իսկ կառչելու ոչինչ չկա։ Կար հույսը, և հանկարծ չկա այն, թեկուզ մեռիր, չկա…

–Ամեն ինչ կբացատրե՞ս… Պետք չէ… Դու ավելի լավ է նրան բացատրիր, թե ինչու էիր ինձ հետ համբուրվում։-Խոսում եմ, բայց ձայնս ասես իմը չէ, ասես ինչ-որ մեկ ուրիշն է այդ բառերը արտասանում իմ թիկունքում։

Ես փութկոտությամբ գրքերս վերցնում, դուրս եմ գալիս դասարանից։ Դռների մոտ դեմ-դիմաց հանդիպում եմ ընկեր Մարոյին։ Նա զարմանքով նայում է ինձ.

–Մհերիկ, ո՞ւր ես գնում։ Զանգը տվել են արդեն, չե՞ս լսել ինչ է։