Զա՞նգը… իսկ ես չեմ էլ լսել։ Ի՞նչ կապ ունի այստեղ զանգը։
–Գլուխս սաստիկ ցավում է…
Եվ վազելով ելնում եմ փողոց։
Տուն մտնել չեմ ուզում. գիտեմ, այնտեղ երկար մնալ չեմ կարող։ Ես մտնում եմ այգի և այգու ամենախորքում, եղնջուտի մեջ թաքցնում եմ դասագրքերս։ Ինձ ոչ ոք չի տեսնում, հազիվ թե տեսնող էլ լինի. Հեղինեն դպրոցում է, իսկ մայրիկը ֆերմա է գնացել և ուշ երեկոյան է միայն տուն գալու։ Ավելի լավ է գնամ դեպի սարերը, մի քիչ թափառեմ այնտեղ։
Գյուղից ճանապարհը ելնում է թե չէ՝ սկսվում են անտառները։ Այնտեղից, գյուղագլխից, աննկարագրելի գեղեցիկ տեսարան է բացվում… Ոնց որ ափիդ մեջ՝ երևում է ամբողջ գյուղը՝ իր բոլոր թաղամասերով, իսկ թաղամասերը շրջապատված են այգիներով, ընդարձակ դաշտերով, որոնց մեջ այս ու այնտեղ պահակություն են անում մենավոր ընկուզենիներն ու տանձենիները։ Սիրում եմ թափառել գյուղի մերձակայքում, փորձել եմ, ամեն անգամ, երբ որևէ վիշտ եմ ունենում, դուրս եմ գալիս գյուղից, թափառում եմ մենակ և ամեն ինչ մեղմանում, անցնում է։
Լուռ քայլում եմ ինձ համար, հազար անգամ անցել եմ այս արահետներով, աչքերս փակ էլ որ գնամ՝ էլի չեմ սխալվի։ Արահետներն ինձ տանում են դաշտերով, անտառներով, Ղրըմա աղբյուրի մոտ նստում, երկար ունկնդրում եմ ջրի երգին, հետո նորից քայլում եմ և այդ ամբողջ ճանապարհին ինձ շարունակ ուղեկցում են դեղձանիկների քաղցր ձայներն ու կկվի թախծանուշ կանչը… Ոչ ոք չի հանդիպում ինձ, և դա լավ է, թե չէ կսկսեն ամեն տեսակի հիմար հարցերը՝ ինչպե՞ս թե, բա ո՞նց, ինչո՞ւ չպրոցում չես…
Այդպես թափառում եմ մինչև ուշ երեկո, արևը մայր է մտնում ու նոր միայն գլխի եմ ընկնում, որ տանը կարող են անհանգստանալ և շտապում եմ տուն։ Եվ որպեսզի կրճատեմ ճանապարհս, ուղիղ գծով՝ անտառով իջնում եմ Բախչուտի ձորի աղբյուրի վրա։ Իրիկնային թանձրացող աղջամուղջի մեջ ինչ-որ մեկը, կուժը դրած գետնի տակ, ջուր է լցնում աղբյուրից։ Նույնիսկ լսվում է, թե ջուրն ինչպես է կլկլում նովում դրված պղնձե կուժի մեջ։ Ջրի հաճելի ձայնից անգամ կարելի է ծարավել…
–Բարև ձեզ,-հասնելով աղբյուրին, ասում եմ ես և ուզում եմ անցնել՝ առանց նայելու, թե ով է աղբյուրից ջուր լցնում, բայց ձայնը, որ իմ ետևից հնչում է ինչպես կրակոց, մեխում է ինձ տեղում։
–Բարև,-արձագանքում է ձայնը։Ռուզանն է։ Զգում եմ, թե ինչպես են ծնկներս դողում անակնկալ հանդիպումից, բայց չեմ ուզում ետ նայել։ Մի պահ մնում եմ այդպես, հետո, ի վերջո, շրջվում, նայում եմ Ռուզանի կողմը։ Ռուզանը զննում է ինձ մի տեսակ և ուրախ, և միաժամանակ վախեցած, ասես այդ ոչ թե ես եմ, այլ աչքին է երևում։
–Մհերիկ,-նա ակամա երկու քայլ առաջ է գալիս։
Միևնույն է, չեմ խոսի… Այ քեզ քաղաքավարության վնասներ… Ախր, ո՞ւմ էր պետք, ինչո՞ւ բարևեցի… Ես շարունակում եմ ճանապարհս։
–Մհերիկ…-Ռուզանը կանչում է իմ ետևից…-Դե, սպասիր… Գոնե մի րոպեով, խնդրում եմ քեզ…-նա կուժը թողնում, վազելով գալիս է իմ ետևից։ – Մհերիկ…
Կանգ եմ առնում՝ միաժամանակ ձգտելով չնայել նրա կողմը։
–Ի՞նչ ես ուզում։ Չե՞ս վախենում նա տեսնի հանկարծ։
–Պետք չէ… Պետք չէ այդ մասին…– Խոշոր, լայն բացված աչքեր, որոնց մեջ քարացել են արցունքները։ Նրանք այդպիսին էին նաև առավոտյան։-Ես քեզ հիմա ամեն ինչ կբացատրեմ…
–Ի՞նչ եմ անում քո բացատրությունը… Ինչի՞ս է պետք,– ասում եմ ես և կրկին շրջվում, որպեսզի գնամ, բայց Ռուզանը արագ բռնում է ձեռքս։
–Մի գնա, Մհերիկ, խնդրում եմ քեզ, սկզբում լսիր ինձ, հետո՝ ինչպես կուզենաս, ես չեմ պահի քեզ և, եթե ուզում ես, նույնիսկ կարող եմ վաղվանից այլևս չնստել քեզ մոտ…
–Քո գործն է, ուզում ես նստիր, ուզում ես մի նստիր։ Դա ինձ բոլորովին չի վերաբերում… Լավ, ասա, միայն կարճ՝ ի՞նչ ես ուզում ասել։
–Հիմա կասեմ, սպասիր,-ասում է Ռուզանը հևալով։– Այս րոպեին, միայն մի գնա… Դու գիտես, որ Մարատի հետ ազգականներ ենք, հեռու ազգականներ… Եվ գիտես նաև, որ ես ահա շուրջ տասը տարի, նույնիսկ ոչ թե տասը, այլ համարյա փոքրուց տատիս մոտ եմ ապրում, որովհետև հայրս վաղուց մեզնից բաժանվել, ամուսնացել է ուրիշի հետ, ես նույնիսկ նրա դեմքն անգամ չեմ հիշում, մայրս ինձ թողել է, նույնպես ամուսնացել, քաղաքում է ապրում… Նրանք նոր երեխաներ ունեն, նոր հոգսեր…-Ռուզանի արցունքներն աչքերից ընկնում, սահում են այտերով, ես նույնիսկ խղճում եմ նրան, սակայն չեմ համարձակվում ընդհատել։– Եվ ահա տատս շարունակ կրկնում է, որ մայրս չլսեց իրեն, ամուսնացավ հորս հետ առանց իր՝ տատիս համաձայնության ու դրա համար էլ նա դժբախտացավ։ Ահա թե ինչու նա որոշել է անձամբ զբաղվել իմ ամուսնության հարցով… Եվ շարունակ նույն բանն է ասում, թե իբր, հենց որ դպրոցն ավարտեմ, ինձ ամուսնացնելու է Մարատի հետ…Թեպետ ինքը Մարատին այնքան էլ չի հավանում…– Ռուզանը խոսում է արագ, շնչահեղձվելով, կուլ տալով բառերի վերջավորությունները, և հապշտապ, ասես վախենալով, որ կարող եմ հանկարծ թողնել-գնալ՝ այդպես էլ մինչև վերջ չլսելով իրեն։ Եվ ինձ համար այնպես ծանր է նրան տեսնել այդպես շփոթված, խռովահույզ։ Մնացել եմ շվար կանգնած, իմ հոգում ամեն ինչ տակնուվրա է լինում, ես ձգտում եմ չլսել նրան, բայց նրա ձայնն ինքնին թափանցում է իմ էության մեջ, և ես անուժ եմ ընդդիմանալու դրան։ Եվ նա շարունակում է խոսել, հետզհետե խաղաղվելով, հավանաբար այն բանից, որ հանգիստ լսում եմ իրեն…-Մարատի ծնողները նույնպես ինձ համարում են իրենց հարսնացուն, ես ևս սկզբում կարծես թե սիրում էի նրան, բայց… Իմ հոգում այնպիսի սարսափելի շփոթ է տիրում հիմա։-Մատների ծայրերով Ռուզանը սրբում է արցունքները, զարմացած օրորելով գլուխը՝ ասես ինքն էլ չհասկանալով, թե ինչ է կատարվում իր հետ։– Բայց ահա այն օրվանից, ինչ մենք սկսեցինք միասին նստել… Ինձ համար դժվար է դա բացատրել, Մհերիկ… Բայց ես հանկարծ հասկացա, որ Մարատի հանդեպ… Որ դա սեր չի եղել… Ինչպես կուզես կոչիր ինձ, համարիր խելազուրկ, անլուրջ ու թեթևամիտ, քո գործն է, բայց ես հենց առաջին օրվանից հասկացա, որ Մարատն այլև գոյություն չունի ինձ համար, և եթե իրոք կա մեկը, որին սիրում եմ, ապա դու ես, միայն դու…-Ռուզանը հառաչում է՝ ասես վերջապես ազատվելով ծանր բեռից, և հանգիստ ավելացնում է.-Ահա բոլորը, հիմա կարող ես գնալ։ Եվ ներիր, եթե ինքս էլ դա չհասկանալով, ցավ եմ պատճառել քեզ, ես դա երբեք չէի ուզենա։ Մհերիկ, խնդրում եմ դրան հավատաս։ Իսկ հիմա գնա… Դե, գնա, ի՞նչ ես կանգնել…