Ո՞ւր գնամ։ Ես գնալու ոչ մի տեղ չունեմ։
–Եթե պետք լինի, ինքս կգնամ։ Առանց քո ասելու… Դե, լավ, ի՞նչ ես լաց լինում…
Ես բռնում եմ նրա թևը, նրան թեթևակի ձգում եմ իմ կողմը և մատներով զգույշ սրբում եմ արցունքները։ Իսկ արցունքները հոսում ու հոսում են։
–Սա, ի՞նչ է, մինչև առավոտ պիտի սրբեմ արտասուքներդ,-ասում եմ ես ժպտալով։– Վերջ տուր, խնդրում եմ։
–Ոչ մի դեպքում,-գլուխն օրորելով ասում է Ռուզանը։-Մինչև առավոտ այդպես կանգնելու ես,-և նա հանկարծ դեմքը սեղմում է կրծքիս, ես վերնաշապիկիս միջով զգում եմ Ռուզանի տաք շնչառությունը։ Ես քնքշորեն շոյում եմ նրա ուսերը, ուզում եմ սփոփել։
–Գիտես, ես… ես ինքս էլ չգիտեմ, թե ինչու, բայց ես այնպես լավ եմ զգում ինձ հիմա-շշնջում է Ռուզանը,– իսկ արտասուքներն իրենք իրենց են գալիս… ինքս էլ չգիտեմ ինչու…
Երբ նա քիչ խաղաղվում է, ես ասում եմ.
–Իսկ ինչո՞ւ առաջ չես պատմել այդ բոլորը։
–Եթե դա այդպես հեշտ լիներ… Ինձ շարունակ տանջում էր այն երկվությունը, թե իբր միանգամից խաբում եմ երկու հոգու՝ խոսք եմ տվել մեկին, իսկ սիրում եմ մյուսին… Դա սոսկալի է… Ես նույնիսկ ցանկանում էի գնալ քաղաք, մորս մոտ։
–Իսկ ինչո՞ւ չգնացիր։
Ռուզանը բռունցքներով թեթևակի խփում է կրծքիս, ես ծիծաղում եմ՝ գրկիս մեջ ավելի ու ավելի սեղմելով նրան։ Ես շուրթերով արագ գտնում եմ նրա այրվող բերանը, համբուրում եմ արցունքներից թաց, հնազանդ շուրթերը։ Դա երկար է տևում, հետո Ռուզանն իմ գրկից ազատվում, վազում է աղբյուրի կողմը։
–Ես շատ ուշացա, Մհերիկ,-ասում է նա աղբյուրի մոտից, կուժն առնելով ուսին։-Դե, ես գնամ…
–Գնա,-արձագանքում եմ ես՝ մեքենաբար հանելով ակնոցս։ Իսկ որոշ ժամանակ անց ավելացնում եմ.-Ուշ է արդեն։
Իրոք ուշ է արդեն, շրջակա բլարակներն ու ծառերը հետզհետե ընկղմվում են մթության մեջ։
Հաջորդ օրը, դասերից հետո, Մարատն իր սովորության համաձայն մոտենում է Ռուզանին և տիրաբար ասում.
–Գնացինք։
Ռուզանը, առանց տեղից ելնելու, անհողդող նայում է նրան։
–Ես քեզ հետ ոչ մի տեղ չեմ գնում,– հանգիստ ասում է նա։– Ես դեռ երեկ եմ ասել այդ մասին։ Մոռացե՞լ ես։
Մարատը հանկարծ կարմրում է մինչև ականջների ծայրերը։ Հավանաբար, երեկ նրանց միջև լուրջ խոսակցություն է եղել։ Իսկ հետաքրքիր է, ե՞րբ է կայացել այդ խոսակցությունը՝ մինչև մեր հանդիպո՞ւմը՝ աղբյուրի մոտ, թե՞ դրանից հետո։Ասենք, ինչ տարբերություն։
–Ինչպես թե՝ չես գնում… Դու մտածո՞ւմ ես, թե ինչ ես ասում։-Մարատը նայում է շուրջը՝ աշխատելով ինչքան հնարավոր է հանգիստ մնալ։
–Մտածում եմ, դրա համար էլ ասում եմ։ Ես Մհերիկի հետ եմ տուն գնալու։ Չէ՞ որ այդ մասին նույնպես ասել եմ։
Մարատի դեմքը մի պահ այլայլվում է, կեղծ հանգստությամբ մի հայացք ձգելով ինձ վրա, նա ասում է.
–Ահա թե ինչ…-և հաստատուն քայլերով դուրս է գալիս դասարանից՝ ետևից շրխկոցով փակելով դուռը։
–Վերջացավ,-թեթևացած շունչ է քաշում Ռուզանը։-Հիմա արդեն հանգիստ եմ։
–Ես էլ,-արձագանքում եմ ես։
Իսկ երեկոյան, երբ գյուղի շրջակա հանդ ու ձորերի վրա իջնում է մութը, և գյուղական նեղլիկ փողոցներում հետզհետե մարում են բոլոր ձայները, մեր ցանկապատի մոտից ինչ-որ մեկը կանչում է շվոցով։ Պարզ է, ինձ են կանչում։ Բայց ո՞վ է։ Դուրս գալով տնից ու քիչ կանգ առնելով բակում, որպեսզի աչքերս ընտելանան մթությանը, ես գնում եմ դարպասի կողմը։ Այնտեղ, դարպասից քիչ այն կողմ, մթության մեջ կանգնել է Մարատը։ Զգում եմ, թե արյունն ինչպես է սկսում ծանր խփել իմ քունքերում։ Շինծու զսպվածությամբ ասում եմ.
–Այդ դո՞ւ ես։ Ողջույն։
–Բան ունեմ ասելու,-ասում է նա օտարոտի խեղդված ձայնով։ Երևում է, ինձնից պակաս չի հուզվում։ Ավելի լավ։
–Ասա։
–Ոչ այստեղ։
–Որտեղ ուզում ես։
Նա լռին շրջվում, քայլում է ձորի կողմը, որտեղից երբեմն առ երբեմն լսվում է գիշերահավի խլաձայն, աղիողորմ կանչը։ Մարատը նույնիս չի էլ նայում իմ կողմը՝ գալիս եմ իր ետևից, թե՞ ոչ, գիտի, որ վախեցողներից չեմ։
Ահա վերջապես և ձորը։ Սարերի ետևից հանդարտ , հանդիսավոր ելել է լուսինը և նրա շողերի ներքո արծաթազօծվել են ձորով հոսող գետակի ջրերը։ Ձորի վարսաթափ ուռենիների տակ, կամրջից ոչ հեռու, Մարատը անսպասելի շրջվում, մեջքով հենվում է ուռենիներից մեկին և սկսում անբարտավանությամբ զննել ինձ։ Նրա լպիրշ հայացքն ինձ հանում է հավասարակշռությունից։