Выбрать главу

–Ինչ ասելու ես, ասա, ես ժամանակ չունեմ,-ասում եմ ես։

–Ժամանակ չունեմ,-քմծիծաղում է Մարատը։-Ի՞նչ է, սպասո՞ղ կա։

–Այո։

–Եվ ո՞վ է սպասում, հետաքրքիր է։

Կամրջի տակից դուրս գալով՝ երկու տղա դանդաղ առաջանում են մեր կողմը։ Խավարի մեջ դժվար է ճանաչելը՝ ովքեր են։ Սարսուռի նման մի բան է անցնում իմ մարմնով։

–Ուրեմն մենակ չես,-ասում եմ ես։-Ճիշտն ասած քո մասին ես ուրիշ կարծիք ունեի։ Ըստ երևույթին, լավ չեմ ճանաչել քեզ։

–Իսկ հիմա՞։

–Հիմա արդեն ճանաչում եմ՝ սովորական սրիկա ես, ուրիշ ոչինչ։

–Հիմա քեզ ցույց կտան, թե ով է սրիկան։

Այդ երկուսը հասնում են մեզ ու նոր միայն ճանաչում եմ նրանց՝ մեկը Ռուբենն է՝ մեր դասարանից, մյուսը տրակտորիստ Հրանտը, որի մասին ասում են, թե իբր բանակում բռնցքամարտի չեմպիոն է եղել։ Նա երկու փթանոց ծանրաքարը նետում է վեր, հետո կուրծքը առաջ է տալիս, ծանրաքարը խփում է կրծքին ոնց որ գնդակ ու ընկնում է գետնին։ Իսկ ինքը կանգնում, ծիծաղում է։ Անցյալ տարի, երբ նա եկավ բանակից՝ նավաստու սևավուն զգեստով ու ծովայինի գեղեցիկ գլխարկով, մենք իններորդում էինք սովորում։ Հրանտը եկավ դպրոց։ Երկար դասամիջոցին էր, միջանցքը պայթում էր անհամար ձայներից։ Ներս մտավ Հրանտը՝ հաղթանդամ, բարձրահասակ, բոլորը շրջվեցին նրա կողմը. նա մի տեսակ կորցրեց իրեն, հետո մոտեցավ, սկավառակավոր ծանրաձողը դրված էր միջանցքում, լուսամուտի տակ, վերցրեց ու բարձրացրեց այն։ Ծանր էր ծանրաձողը: Հրանտը ծանրության տակ ետ-ետ գնաց, խփվեց պատին, իսկ ծանրաձողի ծայրը բռնեց լուսամուտին և լուսամուտի ապակիները զրնգոցով փշրվեցին, թափվեցին հատակին։

–Սա շտանգ չի,-Հրանտը ծանրաձողը շպրտեց գետնին՝ ոտքով պահելով այն, որ առաջ չգլորվի։– Ափսոս չի բանակի շտանգը…

Իսկույն հայտնվեց դիրեկտորը, գազազած հայացքով առաջ եկավ, բայց տեսնելով Հրանտին՝ ուժեղ ու կռվարար, վախեցած, շինծու ժպիտով ասաց.

–Ապակիները ջարդվել են, հա… Ոչինչ, դատարկ բան է։ Ինչպե՞ս ես, Հրանտ…-Եվ այդ օրվանից Հրանտի հեղինակությունը բարձրացավ մեր աչքում։ Մենք հասկացանք մի պարզ ճշմարտություն՝ ամեն մարդ չէ, որ կարող է չափվել նրա հետ։

Հրանտն ու Ռուբենը կանգնում են ինձնից համարյա մի քայլ այն կողմ։ Հրանտը ծխախոտ է վառում։

–Հը՞,-ասում է նա՝ ծուխը անփութորեն փչելով վեր։

–Լսիր, չորսաչքանի,-ոգի առած՝ սկսում է Մարադը,– դու գիտես, չէ՞, թե Ռուզանը ով է ինձ համար։

–Ոչ, չգիտեմ-ասում եմ ես, կուլ տալով վիրավորանքը։– Բայց գիտեմ, թե դու ով ես նրա համար։ Պաշտոնաթող փեսացու։ Այսինքն՝ ոչնչություն։ Դա՞ էիր ուզում իմանալ։

Հրանտի անսպասելի հարվածը անակնկալի է բերում ինձ։ Այդպիսի դանդալոշից նման թույլ հարված՝ չէի սպասում։ Ես միայն թեթևակի երերում ու ցատկում եմ մի կողմ՝ հաջորդ հարվածից խուսափելու համար։ Բայց, Հրանտը, երևում է, չի էլ մտածում երկրորդ անգամ խփել ինձ։ Եվ զարմանալի է, որ նրա նկատմամբ ոչ մի քեն չունեմ: Նա, բոլորն են ասում, բարի է, միայն մի քիչ միամիտ ու դյուրահավատ , մի մատ երեխան անգամ նրան կարող է խաբել։ Այո, քեն ես բոլորովին չունեմ նրա նկատմամբ, Մարատը կանչել է, նա էլ եկել է, և դեռ ով գիտի, թե ինչեր է ասել նրան իմ մասին։ Իմ բարկությունը Մարատի դեմ է, միայն նրա դեմ, և ես հանկարծ հուսաբեկ չարախնդությամբ զգում եմ, թե ինչպես է իմ մեջ արագընթաց կերպով աճում վայրի կատաղությունը։

Հարվածից ակնոցս մի կողմ է թռել, և լավ է, որ խոտերի մեջ ընկավ, Ռուբենը փնտրում-գտնում է և լուռ մեկնում ինձ. ակամաբար մատներով շոշափում եմ ապակիները. դիմացկուն ապակիներ են, չեն ջարդվել։ Դժվարությամբ զսպելով ինձ, որ չհարձակվեմ Մարատի վրա, ես ասում եմ.

–Ասացի ու հիմա էլ կրկնում եմ, ոչնչություն ես դու, Մարատ, ոչնչություն ես և ուրիշ ոչինչ…Դու նրանց այստեղ ես բերել, որպեսզի նրանց ձեռքով հաշվեհարդար տեսնես ինձ հետ։ Երեքի դեմ ես, իհարկե, ոչինչ անել չեմ կարող, չնայած կռվելու եմ մինչև վերջին շունչս։ Բայց հիշիր…-ես խորը շունչ քաշեցի,-հիշիր, վերջում ես ու դու ենք կռվում, մենակ ես և դու, և այն էլ այնտեղ, նրանց աչքի առաջ։ Հասկացա՞ր, սողուն։ Այլապես հենց հիմա կթողնեմ ձեզ այստեղ ու կգնամ, և ոչ ոք չի էլ կարող պահել ինձ։ Իսկ վաղը քո հաշիվը ես կմաքրեմ դպրոցում, ամբողջ դասարանի առաջ։ Դեհ, համաձա՞յն ես։ Համաձա՞յն ես, թե՞ ոչ։

Անկեղծորեն ասած չէի ասի, թե Մարատը վախկոտի մեկն է, ինձ նույնիսկ թվաց, թե իմ խոսքերից հետո նա կնետվի ինձ վրա, բայց ոչ… Նա շփոթված նայում է իր համախոհներին ու չգիտի ինչ անել…Գուցե արդարամտությո՞ւնն է գլուխ բարձրացրել նրա մեջ… Կամ հասկացե՞լ է, որ անմտություն է այս ամենը, որովհետև Ռուզանն արդեն ասել է նրան իր վճռական խոսքը…

Չգիտեմ ինչպես կվերջանար այդ հիմար լռությունը, եթե չլիներ Հրանտը։ Նա ձեռքերը գրպաններում, դանդաղ շրջվում է Մարատի կողմը և ասում է իր շառաչուն ձայնով.

–Մի լսիր… Էս ի՞նչ է ստացվում, ուրեմն ինչ-որ աղջկա պատճառով ենք կռիվ եկել… Արա, Մարատ, բա դու ասում էիր, թե իբր օր ու արև չի տալիս քեզ դպրոցում, հայհոյում է… Սա ի՞նչ է ստացվում, խաբե՞լ ես ուրեմն ինձ…