Выбрать главу

–Իմ հարսնացուին հետապնդում է,-հուսահատությամբ պաշտպանվում է Մարատը։-Դրա համար էլ նա թողել է ինձ…

–Էհ, բա ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ… Թող հարսնացուն գար բողոքելու, դու ի՞նչ ես տվել մեջը։-Հրանտը հանկարծակի սկսում է քռքռալ, հետո նույնպես հանկարծակի լրջանում է,-Թյու, իսկ ես կարծում էի…Իսկ նա պարզվում է… Գնանք էստեղից, Մհերիկ։ Դու ներիր ինձ, հիմարի պես հավատացի, վեր կացա եկա…-և, դառնալով Մարատին, ավելացնում է,-թեկուզ քեզ հետ հեռավոր բարեկամներ էլ ենք, բայց մարդ չես դու։ Արա, բա տղամարդը աղջկա համար ձեռք բարձրացնել կտա ընկերոջ վրա… Համոթ քեզ, և լավ է արել էդ աղջիկը, որ թողել է քեզ…

Մենք շարժվում ենք կամրջի կողմը։ Ես ու Հրանտը առջևից, Ռուբենը՝ մեր ետևից։ Մի քանի քայլ անցնելուց հետո ես շրջվում, ետ եմ նայում: Մարատը կանգնած է դեռ այնտեղ, հեռվում, մեջքով հենված ուռենուն: Անկախ ինձնից՝ սիրտս սեղմվում է կրծքիս տակ։ Ինձ թվում է լալիս է նա: Եվ ես մտածում եմ,որ երևի ամոթից է լալիս, կամ էլ գուցե այն բանից, որ ընդմիշտ կորցրել է Ռուզանին, որին, ամենայն հավանականությամբ, սիրում է ամբողջ սրտով։

Ծագում է արևը։ Նրա առաջին շողերն ընկնում են Սառնատան քերծի վրա, հետո անթիվ, անհամար բլրակների, անտառների ու դաշտերի վրայով անշտապ սահելով գալիս հասնում են գյուղ և ջինջ լույսով ու խնդությամբ ողողում այն ծայրից-ծայր։ Ես այնպես լավ եմ զգում ինձ այսօր։ Եվ սա նոր չէ, մի քանի ամիս է արդեն։ Յուրաքանչյուր օր ոնց որ տոն… Ինչ էլ որ լինի, թեկուզ ամենավատ բանն աշխարհում,-միևնույն է, ոչ մի ուժ չի կարող իմ մեջ մարել զգացմունքի այդ տոնակատարությունը։ Չէ՞ որ յուրաքանչյուր օր ինձ համար բերկրալի է նրանով, որ անպայման գիտեմ՝ կրկին պետք է հանդիպեմ Ռուզանին։ Թող խիստ զարգացած մարդիկ ծիծաղեն ինձ վրա, թող ասեն՝ ինչ սրտներն ուզում է, բայց այդ տոնակատարությանն ընտելանալը անհնարին է, այն մշտական իմ մեջ է, և մշտական նոր է, նման չէ նրան,որ եղել է երեկ ու կլինի վաղը։ Ես դա հաստատ գիտեմ։

Այսօր կիրակի է, բայց կթվորների համար ինչ կիրակի, մայրիկը դարձյալ առավոտ կանուխ ֆերմա է գնացել, իսկ Հեղինեն չկա. այգում է երևի։ Ես արագ ելնում եմ անկողնուց, լվացվում, մի թեթև նախաճաշում եմ և ուղիղ Բախչուտի ձորը՝ Ռուզանի մոտ… Ռուզանը գալիս է կուժն ուսին, և արևը շողշողում է կժի թաց մակերևույթին։

Ես զգույշ, որպեսզի չվախեցնեմ նրան, դուրս եմ գալիս ծառերի ետևից։

–Բարի լույս, Ռուզան։

Ռուզանը արագ շրջվում է իմ կողմը և, տեսնելով ինձ, սկսում է ծիծաղել։

–Օհ, այդ դո՞ւ ես… Իսկ գիտե՞ս, թե ինչ էի մտածում այս պահին, Մհերիկ… Մտածում էի՝ եթե առավոտյան շուտ տեսնեմ քեզ, օրը երջանիկ կլին։

Միշտ էլ այդպես է՝ տեսավ ինձ թե չէ՝ հայացքը բացվում, պայծառանում է…

Ես նրա ուսից իջեցնում եմ կուժը, դնում ծառի ստվերում, հետո շոյում եմ փափուկ մազերը: Ռուզանը նայում է ինձ իր սև, խոշոր աչքերով, որոնք ասես մագնիսի պես ձգում են։ Ռուզանի ուսերը նուրբ են, մեջքը բարակ՝ ինչպես եղեգ, որ կարող է բեկվել ամենաթեթև հովից։ Նա նույնիսկ չի էլ փորձում ձևացնել, թե իբր ամաչում է, իբր չի ուզում, որ իրեն համբուրեմ, որ ինքն այնպես խիստն է։ Եվ ինձ ամենաշատը հենց այդ բացսրտությունն է դուր գալիս։ Եվ, իրոք ,ինչու ձևացնել. եթե սիրում ես, ուրեմն, սիրում ես առանց մտածելու, հախուռն կերպով, անմնացորդ… Ահա թե ինչպիսին է իմ Ռուզանը…

–Ես երևի խելագարվեմ,-շշնջում է նա մի թեթև շփոթված,-գիտակցություննս կարծես թե մթագնել է… Հասկանո՞ւմ ես, ես մի ժամ անգամ չեմ կարողանում ապրել առանց քեզ։

–Եվ շատ լավ է, որ չես կարողանում,-ծիծաղում եմ ես։– Սարմափելի կլիներ, եթե կարողանայինք ապրել առանց իրարու։

–Ուրեմն դու և՞ս չես կարողանում առանց ինձ։

–Ախ, դու հիմարիկս, դե, իհարկե, չեմ կարողանում… Բայց ասա… Մարատի հետ նույնպե՞ս լավ էր քեզ համար… ասենք, ահա, ինչպես ինձ հետ։

Ռուզանը մարմնով կիպ սեղմվում է ինձ։

–Ախր, ինչո՞ւ փչացնել կիրակնօրյա այսպիսի հրաշալի առավոտը։ Պետք չէ այդ մասին, Մհերիկ, խնդրում եմ քեզ։ Դու հո գիտես, որ ես նրան վաղուց ջնջել եմ իմ հիշողությունից։

–Իսկ սրտի՞ց,-ժպտում եմ ես։

–Իմ սրտում նա երբեք չի էլ եղել։ Դու այն զբաղեցրել ես լրիվ՝ ուրիշների համար ծվարելու մի անկյուն անգամ չթողնելով այնտեղ… Դե համբուրիր ինձ նորից, ես պետք է գնամ։

Ես Ռուզանին ամբողջ ուժով սեղմում եմ իմ գրկում և, խենթանալով նրա տաք մարմնի հպումից, դարձյալ ու նորից համբուրում եմ նրա կիսաբաց շուրթերը, աչքերը, պարանոցը…

–Հի՜-ի-ի Ռուզան։– Տատն է կանչում։

–Տեսնո՞ւմ ես…-ականջը ձայնի՝ ասում է Ռուզանը հոգոցով և ուղղում է սանրվածքը։-Դե, ես գնամ, Մհերիկ։

Ես կուժը դնում եմ ծորակի դակ, այն արագ լցվում է:

–Գնա,– մի անգամ ևս սեղմելով նրան կրծքիս, ասում եմ ես:

Մնալով մենակ, ես նստում եմ ծառերի ստվերում՝ քաղցրանուշ ու դուրեկան հոգնություն զգալով ամբողջ մարմնում։ Աստված իմ, մի՞թե հնարավոր է չսիրել այն օրը, որի առավոտն այսքան սքանչելի է։ Մի՞թե հնարավոր է չխոստովանել, որ, այո, երջանիկ օր է այսօր…