Ավարտական վերջին քննությունն է այսօր: Իսկ վաղը…
–Վաղվանից մենք ոչ թե դպրոցակկաններ ենք, այլ հասունության ատեստատներով լիիրավ քաղաքացիներ,-ասում է Զավենը:-Ինչ ուզում ես՝արա, ոչ դասատու,ոչ դաս ու դասագիրք,ոչ զանգ ու ոչ էլ ծնողական ժողով…
Մայիսն ասես առաջին անգամ է լսում այդ մասին, արագ խաչակնքում է՝ իբր, փառք աստծո, ազատվեցինք վերջապես… Բոլորը ծիծաղում են, իսկ Գրետան տխրությամբ ասում է.
–Էհ, հիմարներ, քծիծաղում եք հիմա, իսկ կգա ժամանակ, լաց կլինեք իրար հիշելիս…
Դու ճիշտ էիր, Գրետա, հազար անգամ ճիշտ էիր, սիրելիս, բայց այն հեռավոր տարիներին դու որտեղի՞ց գիտեիր այդ դաժան ճշմարտությունը։ Ավա՜ղ, եկել է այն ժամանակը, որի մասին ասում էիր՝ կանգնած արևի բորբ շողերով լուսավորված մեր դասարանում։ Սիրտս բեկբեկուն խփում, կարոտից թրթռում, թպրտում է ձեզ բոլորիդ հիշելիս։ Քո ծիծաղի ջինջ ղողանջները մինչև հիմա էլ իմ ականջներում են, Սաթիկ։ Քեզ նույնպես հիշում եմ, Ագնեսա, և քեզ, սիրելի Գավո, և քեզ,Մայիս։ Ո՞ւր նետեց ձեզ կյանքը և որտե՞ղ եք հիմա։ Դու որտե՞ղ ես Համլետ, և դու Ժորա, և դուք Աբել, Մաքսիմ, Էդիկ… Իսկ քեզ, Լյուդիկ, այդպես էլ չմոռացա երբեք։ Մի՞թե հնարավոր է երբևէ մոռանալ Շուրիկին, Ջուլիետային, Ռոզային, Եվգենիային, Ալբերտին, մյուսներին… Ինչքան մարդիկ հանդիպեցի հետագայում, բայց ձեզ նմանը չկային, սիրելիներս… Ի՜նչ արագ թռավ-անցավ կյանքը և ի՜նչ շուտ ձյուն տեղաց մեր սև մազերին։
…Այն ժամանակ Գրետայի խոսքերից հետո անհոգ ծիծաղեցինք բոլորս, իսկ Մաքսիմը, փոքրիկ Մաքսիմը՝ հարևան Ղազանչի գյուղից, ուրախ-ուրախ ասաց.
–Չէ մի… ո՞վ պիտի լաց լինի։ Ոչ ոք ինձ պետք չէ՝ բացի Ագնեսայից, իհարկե։ Ատեստատս ստացա թե չէ՝ իսկույն ամուսնանում ենք։ Ճի՞շտ չեմ ասում, Ագնեսա։
Ի պատասխան, Ագնեսան փռթկացնում է՝ միաժամանակ շիկնելով մինչև ականջները։
–Շատ պետք ես ինձ…
Միջանցքում նորից պայթում է ծիծաղը։ Ընկեր Մարոն բացում է քննասենյակի դուռը և ասում ։
–Էլ ո՞վ չի հանձնել։
Քննություն չհանձնածները յոթ հոգի են, և նրանց մեջ ես ու Ռուզանը։ Ես հաստատուն քայլերով մտնում եմ ներս, սեղանի վրայից հարցաթերթիկ եմ քաշում և նստում առաջին նստարանին։ Ռուզանը նույնպես ներս է մտնում, մոտենում է սեղանին, սակայն մի պահ տատանվում է՝ ասես վախենալով հարցաթերթիկ վերցնել։
–Ռուզաննա, տոմս վեցրու,-ընկեր Շեկյանը լայն ժպտում է Ռուզանին՝ իբր մի վախենա, կօգնեմ, սակայն Ռուզանը ժպիտով չի պատասխանում նրան, նա թռուցիկ մի հայացք է ձգում ինձ վրա և, անտարբեր վերցնելով հարցաթերթիկներից մեկը, նստում է հարևան նստարանին։ Ես արագ աչքի եմ անցկացնում հարցերը։ Հեշտ հարցեր են, կարող եմ հենց միանգամից պատասխանել, առանց նախապատրաստվելու։
Ընկեր Մարոն ասիստենտ է, նա ժպտադեմ մոտենում է ինձ և հարցնում շշուկով.
–Ինչպե՞ս ես։
–Ոչինչ։
–Տես հա, խնդրում եմ… Ձեռքիցս չես պրծնի, եթե մեդալ չստանաս։
Ընկեր Մարոն հեռանում է, ես հարցական նայում եմ Ռուզանի կողմը։ Նա ասես (իսկ գուցե այդպես էլ կա) իր վրա զգում է իմ հայացքը, շեղակի նայում է ինձ։
–Ո՞նց են գործերը։
Լռին գլխով են անում՝ իբր ամեն ինչ կարգին է։ Կեցցես, Ռուզան։ Ես այնպես եմ ուզում որևէ հաճելի բան ասել նրան։
–Ռուզան…
–Ի՞նչ է։
–Ես սիրում եմ քեզ։
Ռուզանը վախեցած կծում է շրթունքը. նրա աչքերում և սարսափ կա, և չթաքցրած ուրախություն։
–Ցնորվե՞լ ես, ինչ է,– կամացուկ, ժպտաշուրթ ասում է նա։
–Այո։ Չգիտեի՞ր։
Ռուզանը գլխով է անում՝ գիտեր ուրեմն։ Եվ ես ինձ այնպես թեթև ու երջանիկ եմ զգում, ասես արդեն ստացել եմ վերջին ''հինգը''։
–Առաքելյան Մհեր։
Ես ծուլորեն ելնում, գնում եմ գրատախտակի մոտ։ Սկսում եմ պատասխանել իմ հարցերին։ Ոչ ոք չի ընդհատում։ Պատմում եմ ու միաժամանակ աչքի տակով երբեմնակի նայում Ռուզանին։ Նա ժպտում է, գոհ է, մինչև իսկ աչքերը շողում են։ Երբ վերջացնում եմ, դպրոցի դիրեկտոր ընկեր Արամայիսը՝ սովորաբար գովասանքում բավականին ժլատ, ասում է.
–Ապրես, ամոթով չթողեցիր մեզ։
–Իսկապես որ, կեցցես,-ասում է մարզժողկրթբաժնի ներկայացուցիչը՝ թանձրամարմին ու բարձրահասակ մի մարդ։
Ընկեր Մարոն, լուսամուտի մոտ կանգնած, երջանիկ տեսքով նայում է մեկ դպրոցի դիրեկտորին, մեկ մարզժողկրթբաժնից եկած մարդուն, մեկ ընկեր Շեկյանին։ Ընկեր Շեկյանը ևս գոհ է։
Ես և Ռուզանը որոշել ենք աս տարի մնալ կոլտնտեսությունում, արտադրական փորձ ձեռք բերել, իսկ հաջորդ տարին ընդունվել ինստիտուտ։ Ոչ միայն մենք, շատերն են այդպես որոշել։ Սակայն ամեն ինչ այլ կերպ դասավորվեց…
Մի անգամ, դա աշնան սկիզբն էր, ես տուն եկա հանդից և տեսա, որ մայրս լալիս է։ Սկզբում ես նույնիսկ վախեցա՝ կարծելով, թե Հեղինեին ինչ-որ բան է պատահել։
–Մամա, ի՞նչ է պատահել…
Հարևան սենյակից դուրս է գալիս քեռի Հարությունը և լուռ մոտենում է լուսամուտին, սկսում է ծխել։
Ոչինչ չեմ հասկանում և դրանից տագնապն իմ հոգում կրկնապատկվում է։
–Բացատրեք, վերջապես, ի՞նչ է պատահել այստեղ։
Մայրիկը շրջվում, կարի մեքենայի արկղից մի թուղթ է հանում և արտասվելով ու գլուխն օրորելով մեկնում է ինձ։ ''…Շրջանային զինկոմիսարիատը… իսկական զինվորական ծառայության ընդհանուր կանոնադրության համաձայն կարգադրում է…'' Ամեն ինչ պարզ է։ Առաջին պահ ես նույնիսկ ուրախանում եմ, որ ամեն ինչ այսպես բարեհաջող ավարտ ունեցավ, և որ ոչ մի դժբախտություն չի պատահել։