Выбрать главу

–Թուհ, ես էլ ասեմ ինչ է պատահել։

Ոչ ոք չի արձագանքում ինձ։ Քեռի Հարությունը դեռևս ինքնամփոփ կերպով ծխում է լուսամուտի մոտ կանգնած։ Ինչ-որ տեղից գլխահակ ներս է մտնում Հեղինեն։ Մայրիկը շարունակում է հեծկլտալ՝ ժամանակ առ ժամանակ աչքերը սրբելով գլխաշորի ծայրով։ Անհարմար վիճակ է։ Ուզում եմ ասել, որ այդ բոլորը դատարկ բաներ են, և որ արտակարգ ոչինչ չկա այստեղ, երբ մարդ հասնում է զորակոչային տարիքի, ուրեմն պետք է գնա բանակ, և նման բաներ, սակայն…լռում եմ, զգում եմ՝ եթե փորձեմ խոսել, ձայնս ինձ չի ենթարկվի։Տատս նույնպես արտասուք է թափում՝շուրթերն իրար սեղմած ու գլուխն օրորելով:

Բայց հարկավոր է ինչ-որ բան անել։ Ես մոտենում, նստում եմ մայրիկի կողքին։

–Մամա,-ձայնիս մեջ շինծու ամրակամություն դնելով ասում եմ ես։– Ախր ի՞նչ կա դրա մեջ։ Բանակ է, կգնամ էլ, կգամ էլ, երեք տարին ինչ է որ… Այնպես կանցնի, դու էլ չես իմանա… Հետո էլ՝ մենա՞կ ես եմ բանակ գնում ինչ է…

–Է՜հ, քոռանա տատտ…Ախր, հինգ հոգու ուղարկել եմ, ոչ ոք չի վերադարձել,– ասում է նա ցածր և դարձյալ օրորում է գլուխը։– Գոնե մեկնումեկը վերադառնար։ Հինգը՝ դա նրա չորս եղբայրներն են ու հայրս։ Նրանք բոլորն էլ զոհվել են Հայրենական մեծ պատերազմում։ Մինչև հիմա էլ տատս սրբությամբ պահպանում է նրանց եռանկյունի նամակները, գրված ռազմաճակատից։

–Նրանք էլ էին ասում շուտով կգան, բայց չեկան… Դուրս է գալիս, որ խաբեցին ու չեկան…

Նման դեպքերում մխիթարանքի բառերն անուժ են՝ որևէ ներգործություն թողնելու համար։ Բառերն ինչ կարող են անել, երբ խոսքը վերաբերում է հինգ ջահել-ջիվան տղաների, որոնք գնացին կռվելու հայրենի սրբազան հողը ներխուժած անարգ թշնամու դեմ ու այլևս տուն չվերադարձան…

–Ի՞նչ կարիք կա լացուկոծի,-ասում է քեռի Հարությունը քիչ կոպտավուն տոնով։-Կարծես տասը տարով է գնում։

Մայրիկը հույսով նայում է եղբորը, նա ուզում է հավատալ այն բանին, ինչ ասում է քեռի Հարությունը, բայց, ավաղ, դժվար է հավատալը. այս աշխարհում նա ցավեր շատ է տեսել։

–Պետք չէ զուր տեղն անհանգստանալ,-շարունակում է քեռի Հարությունը։-Փառք աստծո, կռիվ-բան չկա, խաղաղ ժամանակներ են…

Բայց ոչ, այնքան էլ հեշտ չէ տատիս ու մայրիկին համոզելը: Վիշտը մարդուն սովորեցնում է թերահավատությամբ նայել ամեն ինչի, որովհետև ամեն բան էլ, այդ թվում և խաղաղությունը, կարող է ժամանակավոր լինել։ Մայրիկը ծանր հառաչում է՝ ձեզ համար հեշտ է ասելը…

–Գրադարանին գիրք ունեմ հանձնելու, տանեմ հանձնեմ,– ասում եմ ես։

Գիրքը պատրվակ է, ուզում եմ դուրս գալ տնից։ Հեղինեն որոշ կասկածանքով նայում է ինձ։ Նա հավանաբար հասկանում է իմ վիճակը։ Առհասարակ հասկացող աղջիկ է նա, կես խոսքից մարդուն կարող է հասկանալ։ Դրա համար էլ ես շատ եմ սիրում նրան։

–Տար, տար հանձնիր,-ընկճված ձայնով ասում է մայրիկը։

Գրքերը վերցնում, դուրս եմ գալիս տնից։ Բակում Հեղինեն հասնում է իմ ետևից։

–Գրադարանն այսօր փակ է,-ասում է նա աչքերը գետնին։– Տուր գրքերը։

Ես երախտագիտությամբ նայում եմ նրան…Սեպտեմբերին մեր կողմերում տաք եղանակներ են լինում միշտ։ Պատահում է, միայն դեկտեմբերի վերջերին է սկսում եղյամ դնել դաշտերի եզրերին։ Բայց այսօր, չգիտեմ ինչու, ցուրտ է։ Նույնիսկ, թվում է, կարող է ձյուն գալ այս գիշեր։

Բակից ելնում, քայլում եմ ակումբի կողմը։ Գուցե երևա Ռուզանը… Բայց նա չկա՝ ոչ աղբյուրի ճանապարհին, ոչ էլ իրենց բակում, ոչ մի տեղ չի երևում։ Իրիկնային աղջամուղջը գնալով խտանում է։ Ձորերը լցվում են անթափանց մթությամբ և միայն բարձր լեռներն են պարզ երևում՝մերված իրիկնային երկնքի կապտավուն հեռանկարին։ Վճռում եմ ուղիղ գնալ Ռուզանի մոտ՝ տուն։ Առաջ այդպիսի քայլի չէի դիմի երբեք, բայց հիմա գնում եմ։ Սիրտս արագ, անհանգիստ խփում է։ Դեռևս հեռվից ես նկատում եմ Ռուզանին՝ մի խտիտ փայտ գրկին բարձրանում է տուն։ Տեսնելով ինձ, նա փայտն արագ դնում է պատշգամբում, վառարանի մոտ և սանդուխքներն ի վար վազելով իջնում, գալիս է դեպի ինձ։

–Մհերիկ, ի՞նչ է պատահել այսպես ուշ։

–Ինչն է ուշ…Նո՞ր չիջավ երեկոն,-բռնազբոսիկ ծիծաղում եմ ես։ Բայց Ռուզանին չես խաբի։ Նա նայում է ինձ կասկածամտությամբ ու կարծես թե մի քիչ սարսափով։

–Ինչ-որ բա՞ն է պատահել։

–Աստված իմ, նույնիսկ հյուր գնալն էլ վտանգավոր է դառել։

–Հյո՞ւր,-զարմանքից Ռուզանի աչքերը լայնանում են։

–Հյուրն աստծունն է,-պատշգամբից լսվում է Անուշ տատի ձայնը։– Արի, մեր տանը հյուրերն այնքան էլ շատ չեն լինում, որպեսզի հարցնենք, թե ինչու ես եկել։ Բարձրացիր, որդիս, մի ամաչիր…

–Տեսնու՞մ ես,– ասում եմ ես Ռուզանին,-իմաստուն խոսքեր են, սովորիր։

Իմ կատակա-խրատային տոնը, ինչպես երևում է, հանգստացուցիչ ազդեցություն է ունենում Ռուզանի վրա։ Նա ժպտում է։

Բարձրանում ենք պատշգամբ։ Անուշ մայրիկն երկու ձեռքով անսպասելի գլուխս բռնում, համբուրում է ճակատս։ Ես քիչ շփոթվում եմ նման սիրալիր ընդունելությունից, բայց Ռուզանը գոհ է, նա ծիծաղում է։ Պարզ է, նա ամեն ինչ պատմել է արդեն պառավին, այլապես ինչու պիտի նա այդպիսի մտերմությամբ ընդունի ինձ։ Երևի Մարատի մասին նույնպես պատմել է…-Ռուզան ջան, իջիր ներքևի տուն, խնձոր բեր,-ասում է Անուշ մյրիկը։-Թեյնիկն էլ դիր կրակին, թող տաքանա։