Ռուզանն իջնում է ներքևի հարկ։ Տեսնելով պառավի հարցական հայացքը, ես ասում եմ.
–Բանակ եմ գնում, Անուշ մայրիկ։
–Բանա՞կ։
–Ըհը… Միայն թե այդ մասին դեռ առայժմ նրան ոչինչ մի ասեք, ես ինքս կասեմ։
Պառավը ձեռքը ծանր իջեցնում է ծնկանը, հառաչում։
–Վույ, քոռանամ ես։ Բա էդ ո՞նց կլինի։
Ես թոթվում եմ ուսերս՝ իբր, ինչ կա, որ, հայրենիքի պաշտպանությունը մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտականությունն է։
–Իմ երկու տղեն էլ մնացին կռվում,-հառաչում, գլուխն օրորում է Անուշ մայրիկը։-Մեծ տղաս նոր էր ուսումը պրծել, դասատու էր գյուղում, փոքրը սովորում էր…Հանգցրին օջախս, որդիս, աստված հավիտյանս հավիտենից հանգցնի նրանց օջախները…
Ռուզանը վերադառնում է կարմրաթուշ խնձորներով լի մի մեծ աման ձեռքին։
–Թեյնիկը դրեցի՞ր,-հարցնում է մայրիկը, փութկոտ սրբելով արցունքները։
–Հա, մեծ մամա,-պատասխանում է Ռուզանը՝ զարմանքով նայելով տատին։ Նա նկատում է, իհարկե, որ պառավը հենց նոր արտասվել է։ Սակայն ոչինչ չի հարցնում։
Պատշգամբում նստած մենք երկար զրուցում ենք տարբեր բաներից, հոնի մուրաբայով թեյ ենք խմում, իսկ հետո, երբ ելնում և ուզում եմ հրաժեշտ տալ, Անուշ մայրիկը կրկին համբուրում է ինձ և արտասվաթոր աչքերով նայելով ինձ, ասում է.
–Բարով գնաս, բալաս, մի մոռացիր մեզ,– և, դառնալով Ռուզանին, ավելացնում է, – ճամփու դիր, եկ։
Փողոցում մութ է, լռություն։ Սպիտակավուն մառախուղը սահում է գետնի վրայով։ Այստեղ-այնտեղ, ինչպես վարագույրների ետևից, աղոտ փայլում են տների լուսամուտները։ Ես մտածում եմ, թե ինչպես ասեմ Ռուզանին բանակի մասին, որպեսզի նրա համար անակնկալ չլինի։ Բայց Ռուզանը կանխում է ինձ.
–Տատս ինչո՞ւ էր արտասվում։ Ինչ-որ բա՞ն է պատահել։ Ես արդեն գիտեմ՝ մեր տղաներից շատերը ծանուցագիր են ստացել զինկոմիսարիատից։ Քե՞զ էլ են կանչել։
–Այո,-ասում եմ ես, քիչ թեթևություն զգալով այն բանից, որ նա որոշ բան գիտի արդեն։-Բանակ եմ գնում։
Ռուզանը հանկարծ կանգ է առնում։
–Դո՞ւ։ Բանա՞կ,-ասում է նա այնպիսի տոնով, ասես հաստատ գիտի՝ բանակ կարող է գնալ ամեն ոք, միայն ոչ ես։– Դու մտածո՞ւմ ես, թե ինչ ես ասում։
–Բանակ հո մենակ ե՞ս չեմ գնում, Ռուզան,-ես թոթվում եմ ուսերս։-Բոլորն են գնում։
–Իսկ ե՞ս։ Առանց քեզ ես ինչպե՞ս պիտի անեմ։ Դու մտածե՞լ ես իմ մասին։
Երեխայական-պարզամիտ այս խոսքերից սիրտս սեղմվում է։ Ես գրկում եմ Ռուզանի ուսերը և զգում եմ, թե ինչպես են նրանք դողում իմ գրկի մեջ։
–Դու կարծում ես ինձ համար հե՞շտ կլինի առանց քեզ։ Չէ՞ որ ես հիմա միայն քեզնով եմ ապրում, Ռուզան…
–Ի՞նչ կարելի է անել,-հարցնում է Ռուզանը միանգամայն շշմած։ Հավանաբար, մինչև այդ պահը նա դեռևս հույս ուներ, թե ես ծանուցագիր չեմ ստացել։ Ես փարատեցի այդ հույսը,և դարձյալ Ռուզանի համար ամեն ինչ անակնկալ էր, որը և շփոթեցրեց նրան այդքան։ Ես խղճում եմ Ռուզանին։ Ես ինձ ևս խղճում եմ… Բայց չգիտեմ, չեմ կարողանում հասկանալ, թե ինչ կարելի է անել, և միայն Ռուզանին ավելի ու ավելի եմ սեղմում իմ կրծքին, շոյում եմ մազերը, ուսերը, մխիթարական ինչ-որ բաներ եմ մրմնջում…
Այսպես իրար գրկած, քարացած, շվար՝ մոտալուտ բաժանման համար, մենք կանգնել ենք դատարկ ու մութ փողոցում, ու չենք ուզում բաժանվել։
Մառախուղն հետզհետե հալվում է, բայց երկինքը մութ է դեռ՝ պատված գորշավուն ամպերով։ Հեռվում, լեռների վրա խուլ որոտում է երկինքը, մերթ ընդ մերթ պայթում են կայծակները՝ մտրակաձև կտրտելով խավարը։ Այնտեղ, լեռներում, հորդ անձրև է տեղում երևի։
–Քեզ համար ցուրտ կլինի… Թեթև ես հագնված, իսկ դրսում խոնավություն է… Դու չե՞ս մրսում։
Այս բառերը ես դժվարությամբ եմ արտաբերում, որովհետև գիտեմ՝ ցուրտն ու խոնավությունը կապ չունեն այստեղ։
–Մի գնա, Մհերիկ,-շշնջում է Ռուզանը մի տեսակ ջերմեռանդորեն։– Մի գնա, լսո՞ւմ ես։
–Դու գժվե՞լ ես, ինչ է,-բռնազբոսիկ ծիծաղով ասում եմ ես։
–Ոչ, չեմ գժվել։ Դու ոսկե մեդալով ես ավարտել դպրոցը, դու իրավունք ունես… Տեր աստված, ախր, ինչո՞ւ, ինչո՞ւ մենք իսկույն չգնացինք ինստիտուտ։ Ինչո՞ւ մնացինք այստեղ… Եվ այդ բոլորը իմ պատճառով, քեզ թվում էր, թե լավ չեմ պարապել… Ասում էիր այս տարի լավ կպարապենք ու նոր կգնանք ընդունվելու… Ոչ, հարկավոր էր գնալ, գուցե և ընդունվեինք, կսովորեինք միասին, նույն խմբում, և չէինք մտածի բաժանման մասին…
–Ուշ է արդեն,-ասում եմ ես, թեպետ հասկանում եմ՝ ինչ-որ բանում իրավացի է նա։– Ավելի լավ է մտածենք այն մասին, թե ինչ անենք, որպեսզի արագ անցնի այդ երեք տարին։
–Ախր, ես կմեռնեմ առանց քեզ,-համարյա ճչում է Ռուզանը։– Մտածելն անգամ ահավոր է՝ ամբողջ երեք տարի։ Ես չեմ դիմանա…
–Իսկ ի՞նչ կանես,-ակամա ժպտում եմ ես։
–Չգիտեմ, Մհերիկ, սիրելիս, հարազատս։ Վշտից կմեռնեմ։ Ախր, երեք տարին… Հաշվիր, տես քանի օր է անում։
–Դու ինձ շուտ-շուտ նամակ գրիր, և տարիները արագ կանցնեն, չես էլ նկատի, թե ոնց անցան։ Գրելո՞ւ ես ինձ։