Նա դեմքը սեղմում է իմ կրծքին։
–Մհերիկ, դու երբ պիտի վերջ տաս քո հիմարավուն հարցերին։ Էլ ո՞ւմ պիտի գրեմ, եթե ոչ քեզ։
Անձրևը, երևում է, մոտենում է գյուղին։ Մթան մեջ լսվում է նրա հետզհետե մոտեցող վշշոցը։
–Այսպես կկանգնեի ու կսպասեի քեզ երեք տարի,– արտասանում է Ռուզանը, և նրա աչքերն իսկույն լցվում է վճիտ արցունքով։
–Հազիվ թե դա հաջողվի քեզ,-ժպտում եմ ես։ Լսո՞ւմ ես ձայնը՝ տես ինչ անձրև է մոտենում գյուղին։
–Հետո ինչ։
Ցանկապատներից այն կողմ, խավարի մեջ, մի լուսամուտ է բացվում։ Անուշ մայրիկն է երևի։ Նա է։ Չանցած մի րոպե լսում եմ նրա ցածր ձայնը.
–Ռուզան, տուն եկ, անձրև է սկսվում։
Անձրևի խոշոր կաթիլներն ընկնում են այս ու այնտեղ։
–Դեհ, գնա,-ասում եմ ես։– Կթրջվես հանկարծ։
–Դու էլ գնա,-ասում է Ռուզանը և այստեղ, նրա մեջ ըստ երևույթին, շատ զարմանալի մի միտք է ծագում. ես դա նրա հայացքից եմ զգում։-Ինչ կլինի, եթե կանգնես անձրևի տակ ու մրսես-հիվանդանաս,-ասում է նա,-ոչ ծանր, իհարկե… գուցե այնժամ չտանեին քեզ որոշ ժամանակ։ Դե, ինչ ես ծիծաղում, Մհերիկ։
–Ի՞նչ պիտի լինի, միևնույն է, ես չեմ հիվանդանա։ Ես քարի պես պինդ եմ… Դե լավ, գնա, թե չէ տատիկդ կկարծի թե քեզ փախցրել եմ։
–Դու էլ փախցրու…-վերջապես ժպտում է Ռուզանը։
–Ես սև այծենակաճ չունեմ, որպեսզի թաքցնեմ քեզ նրա մեջ։ Լավ, գնա, վաղը կհանդիպենք։
Ռուզանը դանդաղ շրջվում և գնում է իրենց տան կողմը։ Ես նրա ետևից նայում եմ այնքան ժամանակ, մինչև նա բարձրանում է սանդուխքներով։
Երբ մեր փոքրիկ գյուղից մի մարդ անգամ հեռանում է, դա իսկույն զգացվում է։ Թվում է դատարկվում է նրա տեղը և մարդիկ զգում են այդ դատարկությունը՝ ինչպես թատրոնում, ուր ներկայացման ժամանակ հանկարծ մեկը ելնում, թողնում է դահլիճը։ Իսկ հիմա միանգամից տասներկու հոգի հեռանում են գյուղից։ Հիմնականում մեր դասարանցիներն են։ Տղաներից մեզ հետ չեն մեկնում լոկ Մարատը, Ռուբենը, Մաքսիմը և Զավենը։ Նրանք մեզնից մի տարով փոքր են և եկող տարի են միայն գնալու զինվորական ծառայության։
Մենք խայտաբղետ կազմով քայլում ենք փոշոտ ճանապարհով։ Բաբկենի ապրանքատար հին ավտոն սպասում է մեզ գյուղատակին. դրանով ենք գնալու մինչև շրջկենտրոն։ Ռուզանը լուռ գալիս է իմ կողքից և մատների ծայրով գողունի սրբում է արցունքները։ Լիլիթն էլ է եկել ճանապարհելու…Նա գլուխը կախ քայլում է որոշ հեռավորության վրա, բայց ես տեսնում եմ, թե ինչպես է ժամանակ առ ժամանակ թռուցիկ հայացքներ գցում իմ կողմը։ Ես ու Լիլիթը ոնց որ արդեն վաղուց հաշտվել ենք, սակայն օտարության սառնությունը մեր մեջ, այնուամենայնիվ դեռ մնում է։
–Լիլիթ, դու ինչո՞ւ շարունաակ լռում ես,-դառնալով նրա կողմը, հարցնում եմ ես։
–Ի՞նչ ասեմ,-հազիվ լսելի արտասանում է նա շիկնելով։ Ռուբենը թեթև քաշում է թևս։ Տեսնում եմ՝ նա ինչ-որ բան է ուզում ասել ինձ։ Գյուղից մինչև այստեղ հարմար պահ էր փնտրում, որ ասեր։ ''Ի՞նչ է'',-հայացքով հարցնում եմ ես։
–Մհերիկ, ներիր այն բանի համար,-ցածրաձայն ասում է Ռուբենը՝ գրկելով թևս ու ուսով սեղմվելով ինձ։
–Ի՞նչ բան,-չեմ հասկանում ես։
–Այն էլի… որ Մարատի հետ եկանք ձորը…
Ես նոր միայն գլխի եմ ընկնում, թե ինչի մասին է խոսքը։
–Ես դա վաղուց մոռացել եմ արդեն
–Ապրես,– ասում է Ռուբենը:
–Յուրաքանչյուր օրը՝ մի նամակ,– արմունկս ցնցում է Ռուզանը։-Լսո՞ւմ ես ինձ։ Որպեսզի ամեն օր նամակ լինի։
–Անպայման,-ժպտում եմ ես։– Այսինքն ամիսը երեսուն նամակ։
Ռուզանը չի վիրավորվում, բայց ձևացնում է, թե վիրավորված է։ Եվ այն էլ խիստ։ Զայրացկոտ նայում է ինձ, բայց հետո չի դիմանում, սկսում է ժպտալ արցունքների միջից։
Ինչ-որ մեկը մեր հետևից կամացուկ ասում է.
–Եկող տարի ես էլ եմ գնում բանակ։ Նայիր՝ որպեսզի օրական մի նամակ ստանամ քեզանից։ Հասկացա՞ր։
Ես ձայնի վրա շրջվում եմ ետ։ Զավենն է։ Նա և Հեղինեն քայլում են կողք-կողքի։ Մտնում եմ Զավենի թևը, որոշ ժամանակ քայքլում ենք լուռ, հետո նրան մի կողմ եմ քաշում։
–Զավեն,– ասում եմ ես,– քեզ հետ մոտ ընկերներ ենք եղել… և դու գիտես, որ… մի խոսքով, մեր հայրը զոհվել է կռվում… Հեղինեին, տես, չնեղացնես… Լավ հիշիր խոսքս, մի բան պատահի, կգամ, երկուսիդ վերջն էլ կտամ…
–Մհերիկ, դու գիտես ինձ…ես կյանքս անգամ չեմ խնայի նրա համար…-Զավենը շփոթված նայում է չորս կողմը։
–Լավ, պայմանավորվեցինք,-սառը նետում եմ ես։
Հասնում ենք գյուղատակի բարձր, մինչև երկինք հասնող չինարիներին։ Այդ չինարենիները գիշեր ու ցերեկ օրորվում, խշշում են մեծ ճանապարհի վրա։ Քամի չկա այսօր, ջինջ արև է, բայց միևնույնն է, մեղմիկ օրորվում, խշշում են նրանք, ասես հրաժեշտի խոսքեր են շշնջում մեզ։
Կոմբայնավար Գարեգինը, առանց որի ոչ մի ուրախություն չի լինում գյուղում, ուսապարկից հանում է զուռնան, սկսում նվագել։ Անուրախ, թախծոտ նվագ է դա, կատարածու Սիմոնը մոլեգնորեն խփում է դհոլը՝ ամեն հարվածից ցնցելով գլուխը ինչպես կաթվածահար։
Լեռներն ու ձորերը արձագանքում են երաժշտությանը։ Մենք հրաժեշտ ենք տալիս մեր հարազատներին և հերթով բարձրանում ապրանքատարի թափքը։ Կանայք արտասվում են, իսկ տղամարդիկ, ապրանքատարի մոտ հավաքված լուռ ծխում են լրագրից սարքած հաստ գլանակները և երբեմնակի խորհուրդներ են տալիս, թե ինչպես պահենք մեզ այնտեղ, բանակում։ Դա ինքնին հասկանալի է, նրանցից շատերն անցել են պատերազմի դաժան ճանապարհներով, հասնելով մինչև Բեռլին։