Выбрать главу

Համարյա ամբողջ գյուղն է եկել ճանապարհելու, նրանք, երևի հիշում են իրենց որդիներին, եղբայրներին, հայրերին, որոնք վաղուց, շատ տարիներ առաջ, ահա այսպես մեկնել են բանակ ու այլևս չեն վերադարձել։ Պատերազմ էր այն ժամանակ, այստեղ, այս չինարենիների տակ կանգնած, գյուղը ճանապարհեց նրանց արցունքն աչքին և այդպես արցունքն աչքին մինչև հիմա էլ պահում է նրանցից շատերի ճամփան, որ, ով գիտի, ո՞րտեղ ընկան, ո՞ր երկնքի տակ… Էհ, ինչքան բան են տեսել այս չինարենիները և ինչ կպատմեին, նրանք եթե կարողանային պատմել…

Բաբկենը գործի է գցում մոտորը, ապրանքատարը տեղից շարժվում է։ Սկզբում գնում է դանդաղ, ասես չուզենալով։ Տղաները հանում են գլխարկները, թափահարում են։ Ռուզանը մի քանի քայլ առաջ է գալիս, ասես ցանկանալով հասնել մեքենային, հետո կանգնում է բոլորից քիչ հեռու և, հանելով կարմիր գլխաշորը, թափահարում է երկար։

Ապրանքատարը արագություն է վերցնում, շրջկենտրոն տանող ճանապարհի վրա փոշու ամպ է բարձրանում։ Այդ փոշին, ինչպես ծուխ, բարձրանում է վեր և նրա ետևում ոչինչ չի երևում այլևս։ Երբ անցնում էինք վերջին ոլորանը, գյուղը նորից երևաց. այնտեղ, չինարենիների տակ դեռ կանգնած են մերոնք։ Ես հեռվից նկատում եմ Ռուզանին. Նա դարձյալ կանգնած է ընդհանուր խմբից անջատ և գլխավերևում շարունակ թափահարում է գլխաշորը։

Սա ուրիշ աշխարհ է՝ մեզ համար բոլորովին անսովոր։ Բայց մարդ, բարեբախտաբար, ընտելանում է ամեն ինչի։ Այլապես ցնդել կարելի է։ Աշնանային մեր տաքուկ եղանակներին ու բազմերանգ գույներին փոխարինել է ձյունաճերմակ տափաստանը, որ ոչ սկիզբ ունի, ոչ վերջ։ Եվ այդ համատարած ձյան թագավորության մեջ մեր ցածրիկ զորանոցներն են միայն ծխում։

Հեռու է մնացել մեր գյուղը, հազարավոր կիլոմետր տարածություն է բաժանում մեզ։

–Երբ գյուղում արևը մայր է մտնում, այստեղ նոր միայն բացվում է օրը,-ասում է Մայիսը։ Մեր դասարանի տղաներից Մայիսն է մնացել ինձ հետ, մյուսները ուրիշ վայրերում են ծառայում։

Տեղ հասնելուն պես նամակ եմ գրում Ռուզանին։ Գրում եմ, որ ծանր է ինձ համար առանց իրեն։ Հետադարձ հասցես նույնպես ուղարկում եմ, այնուհետև ամբողջ մի ամիս սպասում եմ, սակայն՝ ոչ մի պատասխան։ Ես գրում եմ երկրորդ նամակը, հետո երրորդը, չորրորդը։ Դարձյալ ոչ մի պատասխան։ Հերթական, թվով արդեն չգիտեմ որերորդ նամակում, որպեսզի քիչ վախեցնեմ նրան, գրում եմ. ''Եթե դու անհապաղ չպատասխանես ինձ, ես այնպիսի բան կանեմ այստեղ, որ ինձ հաուպվախտ կնստեցնեն կամ նույնիսկ կտան ռազմական տրիբունալ և այլևս չես տեսնի ինձ''։ Եվ դարձյալ Ռուզանից ոչ մի պատասխան։ Չէի ուզում այդ մասին գրել Հեղինեին կամ Զավենին։ Մտածում էի՝ ավելորդ խոսակցություններ կսկսվեն, ավելի լավ է, թող ոչինչ չիմանան, թող նրանց թվա, թե մենք կանոնավոր գրում ենք իրար։

Մայիսը հանգստացնում է ինձ.

–Կպատասխանի, ոչինչ էլ չի լինի։

Սակայն առաջվա պես նամակ չկա Ռուզանից։ Մի՞թե իմ մեկնելուն էր սպասում։ Մի՞թե այդպես շուտ մոռացավ ինձ։ Իսկ ո՞ւր մնացին նրա խոստումները, նրա խոսքերը՝ իր անաղարտ սիրո մասին։

Հավանաբար, ես տխուր դեմք ունեմ, դրա համար էլ տղաները մխիթարում են ինձ իրենց խորհուրդներով։

–Հիմարություն է այդ աղջիկներին հավատալը,-ասում է Տոլյա Տրետյակովը՝ սիբիրցի անչափ սրտագին մի տղա,-նրանց համար մեկ է՝ այսօր քեզ հետ են, վաղը չկաս, մեծ բան չէ, մեկ ուրիշին կգտնեն…

–Շնորհակալություն, մխիթարեցիր,-բռնի ժպտում եմ ես։

Տղաները ծիծաղում են, բայց դրանից ես թեթևություն չեմ զգում։ Ինձ համար չափից դուրս անտանելի է այդ անորոշությունը։ Եվ ահա մի անգամ գիշերը, երբ բոլորը պառկել էին քնելու, ես մի նամակ ևս գրեցի Ռուզանին։

Ում մտքով կանցներ այն ժամանակ, որ դա իմ վերջին նամակն է Ռուզանին։

Կոպիտ ու դաժան ստացվեց նամակը։ Մի խոսքով, գրեցի ինչ-որ խելքիս փչեց, նույնիսկ հիմա, երբ շատ տարիներ են անցել, ամաչում եմ այդ մասին հիշելիս։ Բայց այն ժամանակ շատ էի զայրացած և, բացի այդ, թաքուն հույս ունեի, որ գոնե այս նամակը նա անպատասխան չի թողնի։ Միայն հետո հասկացա, որ հենց այդ նամակին է, որ նա երբեք չպիտի պատասխանի։

Այդպես էլ եղավ…

Իսկ օրերն անցնում են միատեսակ՝ տխուր ու տաղտկալի։ Տղաները շարունակ նույնն են կրկնում. ''Ուշադրություն մի դարձրու, Մգեր, նա արժանի չէ դրան։ Մի՞թե քեզ համար պարզ չէ, թե ով է նա՝ առօրյա մի անպետքություն, որ սովոր է տղաների հետ սիլի-բիլի անելու։ Մոռացիր և վերջ''։

Համաձայն եմ, բայց ինչպե՞ս մոռանամ, երբ ամեն վայրկյան նա կանգնած է աչքիս առաջ, երբ մինչև հիմա էլ շուրթերիս վրա զգում եմ նրա շուրթերի համը, ամեն րոպե լսում նրա ձայնը, նրա ծիծաղը, նրա շրջազգեստի շրշյունը։ Տեսնում եմ նրան՝ արցունքն աչքին կանգնած չինարենիների տակ, մարդկանց խմբից անջատ, և ապրանքատարի ետևից թափահարում է գլխաշորը… Կամ ահա քայլում է նա լուսաբացի ջինջ արևի միջով և կժի ողորկ մակերևույթին կուրացուցիչ փայլատակում են արևի շողերը։ Դե, փորձիր մոռանալ այն, ինչ փշի պես ամուր խրվել է հոգուդ մեջ։ Ցերեկները դեռ ոչինչ, բայց գիշերները, երբ բոլորը քնում են, և դու մնում ես մեն-մենակ ինքդ քեզ հետ… Դա սարսափելի է։