–Էլի Ռուզանի մասին ես մտածում,-շշնջում է Մայիսը՝ տրորելով քնկոտ աչքերը։ Մեր մահճակալներն իրար մոտ են։
–Իսկ էլ ո՞ւմ մասին պիտի մտածեմ, հարցին հարցով պատասխանում եմ ես։
–Դրանից որև բա՞ն է փոխվում։
–Փոխվում է, թե չէ, բայց չմտածել չեմ կարող։ Դու քնիր, քեզ ի՞նչ է եղել։
–Թողնո՞ւմ ես, որ քնեմ՝ շարունակ տնքում, հառաչում ես։
Իսկ օրերը վազում են իրար ետևից, օրերը դառնում են շաբաթներ, շաբաթները ամիսներ ու տարիներ… Քեռի Հարությունը ճիշտ էր, երբ ասում էր. ''Երեք տարին էնպես կթռչի, որ ինքդ էլ չես իմանա, թե երբ անցավ''։ Իրոք, երեք տարին երեք ամսվա պես անցավ։
Եվ ահա նորից եկել, կանգնել եմ ծանոթ չինարենիների տակ։ Ամառ է։ Արև։ Ծառերը օրորվում, խշշում են առաջվա պես։ Այստեղ հրաժեշտ տվեցի մերոնց, Ռուզանին… Իսկ ահա քիչ այն կողմ կանգնած էր Բաբկենի հին ապրանքատարը։ Այս երեք տարիների ընթացքում չինարենիները ամենևին չեն փոխվել։ Բայց երևի շատ բան են տեսել։ Ափսոս, որ պատմել չգիտեն… Լավ, թողնենք այդ էժանագին քնքշությունները, երեք տարով մեծացել ենք արդեն։ Բայց մի՞թե միայն երեք տարով։
Համարյա ամբողջ գյուղը՝ մեծ թե փոքր, հավաքվել են մեր բակը։
–Աստված լսել է աղաչանքս,-ասում է տատս,-հինգը գնացին անհետ կորան… Բայց ահա վեցերորդը՝ թոռս, տուն է եկել, որպեսզի օջախիս ծուխը չմարի։ Փառքդ շատ լինի, աստված…Վախենում էինք, թե Աղվանստան կտանեն…
–Էն թաքցրած արաղից-բանց բեր,-ծիծաղում է քեռի Հարությունը։-Որ ասում էի էսօր-էգուց գալու է, չէիր հավատում։
Սրտաբաց, անկեղծ է մեր գյուղի ժողովուրդը։ Գալիս, աչքալուսանք են տալիս մորս ու տատիս, որ ողջ-առողջ տուն եմ վերադարձել բանակից, գրկում, համբուրում են ինձ։ Հեղինեն նրանց արանքներով խենթի պես այս ու այն կողմ է վազում՝ սեղանին դնելով մեկ թթի օղի, մեկ մոշի բուրավետ սև գինի, մեկ կերակուրների մեծ ափսեն։ Այս երեք տարվա մեջ Հեղինեն այնպես է փոխվել, գեղեցկացել է, որ առաջին հայացքից դժվար է ճանաչելը։ Զավենը օգնում է նրան. նա էլ է փոխվել, պարթև երիտասարդ է արդեն, հայացքը դարձել է հաստատուն։ Եվ ոնց էլ սազում են իրար։
–Հեղինեն ու Զավենը բժշկական ինստիտուտ են ընդունվել, ապագա բժիշկներ են,– հպարտությամբ հաղորդում է մայրիկը։ Նա, իհարկե գիտի, որ ինձ հայտնի է այդ մասին, բայց ուզում է մի անգամ ևս հիշեցնել։ Հեղինեն կարմրատակում է։
Ամենավերջում մեր բակ է մտնում քեռի Առաքելը։ Նրա միակ որդին զոհվել է Ռայխստագի գրավման ժամանակ, հաղթանակից ընդամենը մի օր առաջ, բայց ծերուկն հավատում է նրա վերադարձին։ Հավատում ու սպասում է, թեպետ գյուղի կենտրոնում, Հայրենական մեծ պատերազմում նահատակված հնձախուրթցիների պատվին կանգնեցրած հուշակոթողին կա և նրա որդու անունը։
Ամեն անգամ, հենց որ մեկնումեկը վերադառնում է զինվորական ծառայությունից, նա գալիս, համարյա միևնույն բանն է հարցնում միշտ. ''Որդուս չե՞ս տեսել, բալաս, բարձրահասակ, սիրուն աչքերով տղա է, անունը՝ Արամ''։
Բոլորն ակնածանքով մի կողմ են քաշվում՝ թողնելով, որ քեռի Առաքելը մոտենա ինձ։ Ինքս ելնում, ընդառաջ եմ գնում նրան։ Լրիվ ծերացել է քեռի Առաքելը, աչքերը խամրած են, քայլերը դողդոջ։ Նա, հենվելով հոնի ձեռնափայտին, ուղիղ նայում է իմ աչքերին։ Ծանր է նրա հայացքը, ես ակամաբար փախցնում եմ աչքերս։
–Գուցե այնտեղ հանդիպած լինես որդուս, բալաս՝ սիրուն աչքերով, անունը Արամ…– առանց ավարտելու խոսքը, նա ձեռքը անհույս թափ է տալիս, թողնում, հեռանում…
Ես լռում եմ, որովհետև… ես ի՞նչ պատասխան կարող եմ տալ նրան։
Արևը վաղուց է ծագել։ Ես ելնում, բացում եմ լուսամուտները։ Առավոտվա թարմ հովը՝ դեղձանիկների երգի, շների բեկբեկուն հաչոցների, հավերի չընդհատվող կչկչոցի ու հեռու լեռնալանջերին խոտ հարող տղամարդկանց կանչերի հետ թևածում է ներս։
Արևի շողերը սարի վրա են դեռ, դեռ չեն հասցրել իջնել մինչև ձորերը։
Մարդու սիրտ ակամա ուռչում, ճախրում է երջանկությունից։ Որտեղ կա այսպիսի բարձր, լուրթ ու գեղեցիկ երկինք։
Իսկ գուցե այն գեղեցիկ է, որովհետև մանկուց ենք ընտելացել նրան, մանկուց են մեր աչքերը տեսել այն ու սիրել։ Մեր մանկության կապտաջինջ երկինքն է դա, դրա համար էլ անսահման թանկ է մեր հոգուն… Իսկ աշխարհի որ մի ծայրում կա առհասարակ այսպիսի գեղեցկություն՝ երևի ոչ մի տեղ։ Հետզհետե ձորերը նույնպես ողողվում են արևի պայծառ շողերով։ Պատշգամբից երևում է ձորի ծանոթ ուռենին, որի տակ այն ժամանակ քիչ մնաց կռվեինք ես ու Մարատը։
Ես հագնվում, թեթև նախաճաշում եմ և քայլում դեպի Բախչուտի ձորը։ Ամեն մի քար, ամեն մի ծառ ու թուփ ինձ հիշեցնում է Ռուզանի մասին։ Մտքերի մեջ խորասույզ՝ ես երկար քայլում եմ, հասնում Բախչուտի աղբյուրին, որից այն կողմ՝ չորս կողմից ծառերով շրջափակված մարգագետնում, շատ անգամ ենք ժամադրվել ես ու Ռուզանը։ Ահա այստեղ, օտար աչքից թաքուն, ես համբուրել եմ Ռուզանի հրակարմիր շուրթերը… Իսկ ահա աղբյուրը, այն աղբյուրը, որի մոտ, կարճատև գժտությունից հետո, կրկին հաշտվեցինք ես ու Ռուզանը։ Այդ օրը նա ինձ պատմեց Մարատի մասին…Պետք չէ, պետք չէ այդ մասին։ Դա անցած-մոռացված պատմություն է արդեն։