Выбрать главу

–Քեզնից նամակ չէր ստանում… Ձուն կորցրած հավի նման էս ու էն կողմ էր վազում… Եվ շարունակ սպասում էր, ոնց էր սպասում, խեղճ երեխաս… Օրերով տնից դուրս չէր գալիս՝ վախենալով, թե փոստատար Շահնազարը կգա, կհարցնի իրեն ու ինքը տանը չի լինի… Ոնց էր լաց լինում, ոնց էր տանջվում…

Փաթեթում մի նամակ էր ընդամենը և մետաքսե մի կարմիր գլխաշոր, որ ծննդյան օրվա առթիվ գնել էի Ռուզանի համար։ Իսկ ո՞ւր են մյուս նամակները։ Մի՞թե նա չի ստացել իմ նամակները։ Իսկ ինչո՞ւ վերջին նամակը ստացել է։ Դուրս է գալիս, որ ինչ-որ մեկը թաքցրել է իմ նամակները։ Իսկ ո՞վ կարող է դա անել…

Ու հանկարծ սարսափելի մի միտք է առկայծում իմ մեջ՝ «Մարատն է արել…»: Ես ցնցված դուրս եմ նետվում փողոց և վազելով գնում եմ Մարատենց տան կողմը։

Մարատի հայրը՝Քեռի Շահնազարը, բակում թամբում է ձին։

–Բարև ձեզ,-չոր-չոր ասում եմ ես։-Գործ ունեմ ձեզ հետ։

Քեռի Շահնազարը ձևացնում է, թե նոր միայն տեսավ ինձ։

–Վա՜հ, էս ո՞ւմ եմ տեսնում, բարև, շատ բարև։-Բայց ես պարզ տեսնում եմ՝ աչքերը փախցնում է ուրիշ կողմ։-Լսել եմ, որ եկել ես։

Չեմ պատասխանում։ Ասելու շատ բան կա, իսկ ես լռում եմ։ Կարկամի զգացմունքը չի թողնում խոսեմ, շնչեմ։

–Գնանք տուն,-անսպասելի խռպոտված ձայնով արտաբերում է քեռի Շահնազարը։– Տանը ոչ ոք չկա, էնտեղ կխոսենք։

Մենք մտնում ենք տուն։

–Ինչո՞ւ եք թաքցրել իմ նամակները,-հարցնում եմ ես ցածր ձայնով՝ մի կերպ զսպելով կատաղուոթյունս։– Ես ձեզ ի՞նչ վատ բան էի արել…

–Ես գիտեի, որդիս, գիտեի, որ վաղ թե ուշ պիտի գա էս օրը,– ասում է ծերունին գլուխը շարժումով։– Եթե ես միայն ժամանակին իմանայի… Ես որտեղի՞ց իմանայի, որ մեր տղան ամեն անգամ, երբ փոստը Կիչանից ստանում, բերում էի տուն՝ առավոտը բաժանելու համար, պայուսակից թաքուն նամակներ է հանում… Իսկ երբ իմացա, ուշ էր արդեն…Չեմ իմացել, որդիս, մեղավոր եմ քո առաջ

…Ակամաբար նստում եմ պատահած աթոռին։ Քեռի Շահնազարը նստում է իմ դիմաց՝ հոգնած ձեռքերը դնելով ծնկներին։ Նա իմ կողմը չի նայում։ Լուռ նայում է գետնին։ Իսկ հետո ցածր, հազիվ լսելի ձայնով պատմում է այն մասին, որ Ռուզանի քաղաք գնալուց հետո մի առ ժամանակ անց Մարատը ևս գնում է՝ իբր ընդունելության քննություններ հանձնելու։ Քննություններից սակայն կտրվում է, բայց գյուղ չի վերադառնում, դիմում է հանրապետության զինկոմիսարիատ՝ խնդրելով ընդունել իրեն ռազմական ուսումնարան։ Իսկ որոշ ժամանակ անց ամուսնանում են Ռուզանի հետ…

…Հավերժական ոչինչ չկա։ Եվ գուցե դա է լավը։ Գուցե հենց դրանից է, որ կյանքը այսպես քաղցր ու գեղեցիկ է թվում։ Վաղուց անցած այն օրերը ես հիմա հիշում եմ ինչպես տխուր, բայց գեղեցիկ երազ։ Այդ օրերն այնքա՜ն են հեռու մնացել…

Որտե՞ղ է հիմա Ռուզանը, և երջանիկ է նա արդյոք Մարատի հետ՝ չգիտեմ։ Տեսնես հիշո՞ւմ է ինձ։ Երևի երբեմն հիշում է։ Ինչպես ես եմ իրեն հիշում։ Չէ՞ որ այն ժամանակվանից շատ տարիներ են անցել։ Բայց ժամանակ առ ժամանակ ես տեսնում եմ նույն երազը, Աֆրոդիտեն՝ շիկահեր ու գեղեցիկ, ձգվում է իմ կողմը, ուզում է գրկել ինձ, իսկ ձեռքերը չկան… Ես դրանից և ցավ եմ զգում, և սարսափ, սիրտս ճմլվում է խղճահարությունից՝ ոչ այն է նրա հանդեպ, ոչ այն է իմ… Իսկ հետո, երբ արթնանում եմ, չգիտեմ ինչու, ինձ այնպես է թվում, թե մի կարճ ակնթարթ վերադարձել եմ իմ անցյալը։ Եվ այնպես եմ ուզում՝ հեռավոր մի տեղ լինել, հեռու-հեռավոր մի տեղ, խոր անտառի մեջ, մեն-միայնակ…

=================

Մ Ե Ն Ա Վ Ո Ր Կ Ր Ա Կ

Թարթառի ձորում իմ բախտը սկզբում չբերեց։ Գետի վրա կառուցվող ամբարտակի շինարարության պետը, որին ես անպայման պետք է տեսնեի՝ մինչև կսկսեի նյութեր հավաքել հիդրոկոմպլեքսի շինարարների մասին, խորհրդակցության էր մեկնել մինիստրություն և ոչ ոք հաստատ չգիտեր, թե երբ կգա։

Ձորը լցված էր աղմուկով, ինքնաթափ ծանր մեքենաների հռնդյունով ու գետի շառաչով, մերթ ընդ մերթ ստորերկրյա խուլ պայթյուններից ցնցվում էր գետինը։ Ես կանգնել էի շինվարչության գրասենյակի բակում և նայում էի հորդահոս Թարթառին, որ ներկված էր շրջապատի լեռների գույնով, լեռներին էի նայում, որոնց բարձր գագաթները քսվում էին ձորի վրայով սրընթաց անցնող նոսր ամպերին, և ասես ամբողջ մի տարի պիտի մնայի այստեղ՝ անսպասելիորեն տխրեց սիրտս։ Ես նույնիսկ մտովի հայհոյեցի խմբագրին, որ հատկապես ինձ ուղարկեց այս հեռավոր ու անիծյալ ձորը։ ''Դու այնտեղ արդեն մի անգամ եղել ես,-աչքերը չկտրելով ողորկված փայլուն սեղանից, դանդաղ ասաց նա,– ծանոթ ես կառույցին։ Ի միջի այլոց,-նա մի վայրկյան նայեց ինձ,– անցյալ անգամվա ակնարկաշարդ այդ կառույցից՝ հաջողված էր։– Ես գիտեի, որ այս խոսքերից հետո նա թեթևորեն կժպտա։ Դա էր պակաս, որ սխալվեի. ժպտաց և հանդարտորեն, ասես կշռադատելով յուրաքանչյուր բառն ու շարժումը, շարունակեց.– Պետք է ասել, որ քեզ հաջողվում է կյանքի երևույթներից ու փաստերից ընտրել, այսպես ասած, ամենատիպականը, ստեղծել այսպես ասած, լիարժեք կերպարներ՝ բնավորության համոզիչ գծերով։ Գնա և գրիր։ Հուսով եմ, որ այս անգամ ևս կուրախացնենք մեր բազմահազար ընթերցողներին ''։ Մի երկու քաղցր խոսքով ու ժպիտներով սիրաշահեց-ուղարկեց՝ փոխանակ արձակուրդ տալու, և հիմա կանգնել էի կիզիչ արևի տակ ու չգիտեի, թե ինչ անել։