Выбрать главу

Քիչ այն կողմ, բարձրադիր բլրակի ստորոտում, ուր գետը, ծունկ տալով դեպի աջ՝ կորչում էր կիրճում, միայնակ կանգնել էր բանվորական ցածրիկ ճաշարանը։ Կեսօրվա ընդմիջումը վաղուց վերջացել էր, ճաշարանում մարդ քիչ կար. Տեղամասային միլիցիոներ Գավրուշն էր՝ նիհարավուն ու բարձրահասակ, խուզարկու սև աչքերով ու պոչավոր բեղերով, և մի քանի շինարարներ, որոնք բաց լուսամուտներից նայելով մոտակա լեռներին, գարեջուր էին խմում։

Մի գավաթ գարեջուր վերցնելով, նստեցի ալյումինե սեղաններից մեկի մոտ, լուսամուտի առջև։ Աղ լցնելով գավաթի եզրին, իմ ետևի սեղանին երեք հոգի գարեջուր էին խմում։ ''Երևի հերթափոխությունից են գալիս'',– մտածեցի ես և նայեցի ետ։ Նրանցից մեկը՝ երկարահասակ, մոտ վաթսուն տարեկան մի մարդ՝ չորացած դեմքով ու սուր, ասես աքցանով սեղմած քթով, շփոթվեց իմ հայացքից։ Դեմքը ծանոթ էր, ու ես մտաբերեցի. Միշա Առոստամյանն էր դա, այստեղից ոչ այնքան հեռու Պողոսագոմեր գյուղից՝ ''Սուլունդու'' տարօրինակ մականունով։ Մեզ մոտ, Հնձախութում, գյուղական խորհրդի նախագահ էր, ընտրությունների ժամանակ համագյուղացի Թևոս Շեկյանի ձեռագործ գորգը գողանում, թաքցնում է մեր տան ետևի խոզանոցում։ Շնորհիվ իմ Ջալալ հորեղբոր փեսայի՝ Արշակ Հարությունյանի, որն այն ժամանակ գյուղի կոլտնտեսության նախագահն էր, բացահայտվեց հանցանքը (նա գիշերը տեսել էր այդ Միշային՝ գրասենյակի ետևում թաքնված), թե չէ իմ միամիտ ծնողներին դեռ երկար պիտի չարչարեին՝ շարունակ կանչելով շրջկենտրոն՝ հարցաքննության։ Նա ձեռքի շիշը, որից օղի էր լցնում գարեջրի մեջ՝ միլիցիոներ Գավրուշից ու ճաշարանի աշխատողներից թաքուն, արագ տեղավորեց սեղանի տակ դրված պայուսակում։

Ես դանդաղորեն խմում էի սառը գարեջուրը և նայում դուրս։ Ձորից փչող մեղմ քամուց դրսում բարդիները՝ կատարներին արագիլի բներ, օրորվում էին, նրանց տերևները թրթռում էին, ձգվում քամու ուղղությամբ։ Ներքևում, գետի մյուս ափին, կանգնել էին մի քանի մերկ երեխաներ, երևի կողքի Դրմբոն գյուղից, և երբ քամին տանում էր մեքենաների հռնդյունը, ստորերկրյա պայթունների արձագանքներն ու գետի շառաչը, հունիսյան տոթակեզ լռության մեջ երբեմն ղողանջում էին նրանց ձայները։

Մի գավաթ գարեջուր ևս խմելով, դուրս եկա ճաշարանից և քայլեցի դեպի շինվարչության գրասենյակ՝ իմանալու ոչ մի լուր չկա՞ արդյոք վարչության պետից։

Միրեյ Մատյեի սանրվածքով քարտուղարուհին՝ կլորադեմ, սակայն գեղեցիկ բերանով ու փոքրիկ, կճատ քթով, գրամեքենայի մոտ նստած ներկում էր շուրթերը։ ''Չի՞ եկել դեռ'',– հայացքով ասացի ես։

–Ո՞վ,-իբր առաջին անգամ էր լսում, հարցրեց քարտուղարուհին, կարճ մազերը ճակատից նետելով ետ և ուշադիր նայելով ինձ։

Երևում էր նրան ձանձրացրել էր մենակությունը։

–Ձեր պետը,– ասացի ես,– դուք նրա քարտուղարուհին եք, չէ՞։

–Ինչպես տեսնում եք՝ գրամեքենայի մոտ եմ նստած, ուրեմն ոչ թե մինիստր եմ, այլ քարտուղարուհի՝ ամսական իննսուներկու ռուբլի համեստ աշխատավարձով։ Ուրիշ էլ ի՞նչ է հետաքրքրում ձեզ։

Նա շարունակում էր սևեռուն նայել ինձ, և նրա սևորակ աչքերը անչար ծիծաղում էին։

–Կուզենայի իմանալ ձեր անունը։ Եթե կարելի է, իհարկե։

–Եթե շատ եք ուզում՝ կարելի է։ Ռոզա։

–Ռոզա, ե՞րբ կգա պետը։

–Պետն ո՞վ է։

–Կառույցի պետը։ Ինչ է, չգիտե՞ք նրան։

–Գիտեմ թե ոչ՝ միևնույն է, այստեղ չէ, և չգիտեմ, թե երբ կգա։

–Որևէ տեղ գնալիս չի՞ ասում, թե երբ է գալու։

–Պետը նա է և ոչ թե ես։ Թույլտվություն չի հարցնում։Գալուց կզգուշացնեմ, որ այլևս նման բան չանի։ Բավարարվա՞ծ եք։

–Ձեր լեզուն ձեզ հեռու կտանի,-ժպտացի ես։

– Իսկ ձեզ ինչու՞ է թվում, թե ես ուզում եմ մնալ այստեղ։

–Եվ ու՞ր եք ուզում գնալ։

–Միևնույն է թե ուր, միայն հեռու լինեմ սարսափազդու այս ժայռ ու ձորերից։

–Իսկ ինչու՞ ուրիշները չեն գնում։

–Ո՞վ ասաց, թե չեն գնում,-ծիծաղեց Ռոզան՝ ցուցադրելով գեղեցիկ ատամները։– Մի ընկերուհի ունեի՝ անունը Սիմա, նույնպես կոմերիտական ուղեգրով էր եկել շինարարություն, աշխատանքային գրքույկն անգամ չվերցրեց, թողել, գնացել է։

Անունը ծանոթ թվաց, և ես ասացի.

–Ամբարտակի վրա՞ էր աշխատում։

–Այո,-պատասխանեց Ռոզան, տարակուսանքով նայելով ինձ։-Դուք նրան որտեղի՞ց գիտեք:

–Ես մի անգամ էլ եմ եղել այստեղ: Գուրծուղում էի եկել:

–Դուք հիմա՞ էլ գործուղման մեջ եք։

–Այո, – ասացի ես, հանելով իմ գործուղման թերթիկը։– Արդեն մի շաբաթ է, ինչ այստեղ եմ, վաղը գնում եմ։

Ռոզան երկար զննում էր գործուղման թերթիկը։

–Պետը քիչ առաջ զանգել էր, ասաց, որ այսօր անպայման կգա։ Բայց դա ուշ կլինի , իհարկե։ Ես նրան կասեմ ձեր մասին։ Առավոտյան, մեկնելուց առաջ, կգաք, կխոսեք հետը։ Եղա՞վ։

–Եղավ։ Ամեն ինչի դեմ կարելի է կանգուն մնալ, բայց ոչ բարության դեմ, որովհետև որևէ մեկի կողմից մեր նկատմամբ ցուցաբերած բարությունը մեզ կապում է նրա հետ։ Դուք անչափ բարի սիրտ ունեք, Ռոզա։ Դե, ես գնացի հյուրերի տուն։