–Ձեր լեզուն նույնպես ձեզ հեռուն կտանի,-ծիծաղեց Ռոզան և, հանկարծակի շրջվելով իմ կողմը, ասաց,-սպասեք, մեր վարորդներից մեկը գնում է հյուրերի տուն, կասեմ ձեզ կտանի այնտեղ,-նա արագ ելավ տեղից և կրունկներով տկտկացնելով հատակը, մոտեցավ, բացեց լուսամուտը։ Կիրճում շառաչում, դղրդում էր գետը, իսկ ներսում, ամբարտակի շինարարության պետի ընդարձակ առանձնասենյակում լռություն էր, անդորր։ Լուսամուտը բացվելուց՝ զովասուն օդն ու գետի վշշոցը միանգամից ներխուժեցին սենյակ։
–Մերուժան, – վերևից ձայնեց Ռոզան։ – Գրիգորյան։ Բարձրացիր ինձ մոտ։
Մի երկու րոպե չանցած եկավ Մերուժանը՝ բարձրահասակ, թուխ դեմքով մի տղա՝ գլխարկի շոգոցը քաշած աչքերին։
–Մեր գլխավոր ինժեների՝ Մարատ Աղաբեկովիչի վարորդն է,-բացատրեց Ռոզան, իսկ Մերուժանին ասաց,– Մերուժ, հյուրերի տուն ես գնում, ընկերոջն էլ տար, խմբագրությունից է։
Մերուժանը հնազանդ գլուխ տվեց, իսկ ես շնորհակալություն հայտնեցի Ռոզային, և մենք դուրս եկանք։
Ամեն օրվա պես՝ ճանապարհը լիքն է ինքնաթափ վիթխարի մեքենաներով, որոնք ծանր բեռան տակ հռնդյունով գնում են դեպի ամբարտակ, և նրանց անիվների տակից փոշին ժայթքում, ծածկում է շուրջը ամեն ինչ։ Մերուժանը փոշուց աչքերը կկոցած, քշում է մեքենան՝ մերթ ընդ մերթ դուրս հանելով գլուխն ու նայելով առաջ։ Ճանապարհն անցնում էր անդունդի վրայով, իսկ անդունդը ահավոր խորն է՝ ինչպես շրջված երկինք, արևի լույսն անգամ օրը ցերեկով չի հասնում այնտեղ։ Ներքևում, անդունդի խորքում, երևում է գետը՝ կապույտ ինչպես լեղակ, ասես կապտաժեռ երկնքից էր սկիզբ առել։
Արևը դարձյալ խաշում, կրակ է թափում վերևից։ Իսկ մեր շուրջը՝ ձորեր , ձորեր ու լեռներ, նիրհող անտառ, և այդ ձորերը, այդ լեռներն ու կուսական անտառները երերում, դղրդում են լեռնային գետի որոտից։
–Հրեն Մարատի տունը,-ասաց Մերուժանը, երբ մենք,կամրջի վրայով անցնելով գետը, սկսեցինք բարձրանալ բլրալանջն ի վեր։– Չե՞ք տեսնում՝ բլրի վրա։– Մերուժանն, իհարկե, չգիտեր, որ, նախորդ գործուղման ժամանակ նույնպես ես այդ տանն եմ ապրել։ Ես մեքենայաբար նայեցի հյուրերի փայտաշեն տան կողմը, որի պատշգամբը կախված էր ուղիղ անդունդի վրա։
–Իսկ ո՞վ է այդ Մարատը,-իբր չգիտեի՝ հարցրի ես։
–Մարա՞տը,-բարեհոգի ժպտաց Մերուժանը։-Կառույցի գլխավոր ինժեներն է։ Մեզ հետ բլրի տակ՝ բանավանում էր ապրում։ Առանձին վագոն ուներ։ Հետո փոխադրվեց վերև ու հիմա մենակ ապրում է այնտեղ։ Չհաշված, իհարկե, որ մեկ-մեկ կարևոր հյուրեր լինելիս նմանապես էդ տանն են մնում։ Ոչինչ, լավ տուն է՝ մի երկու սենյակից բաղկացած։ Իսկ հիմականում մենակ է ապրում։ Գիշերները պատշգամբում, մթան մեջ նստած, ծխում է։
–Ինչու՞։
–Ով գիտի։-Մերուժանը փոխեց մեքենայի արագությունը, մեքենան աղմկեց և սկսեց ծանր հաղթահարել վերելքը։-Հոգի տղա է, ընկերական,-կրկին շարունակեց նա,– մեծի հետ մեծ է, փոքրի հետ փոքր։ Բայց դե, են աղջկա համար էդպես մենակ է ապրում, բոլորից անջատ։
–Ի՞նչ աղջիկ,-հենց այնպես հետաքրքրվեցի ես։
–Կար մեկը։ Չեք պատկերացնի, թե ինչ սիրունիկն էր։ Մազերը ուսերին թափած, ոնց որ մի հրաշք՝ աշխարհից կտրված էս խոր ձորերում ։ Անունն էլ Սիմա։ Տարօրինակ անուն է, չէ՞։
–Երևի,-անորոշ ասացի ես։
Հիշում եմ, նախորդ գործուղման ժամանակ էր, նստած էի բուժակ Ներսեսի մոտ, երբ նա ընկերուհու հետ եկավ բուժկետ։ Կարծես մի այլ մոլորակից իջած՝ նա իր քնքուշ տեսքով հմայեց ինձ այն ժամանակ։ Ոտքը մի թեթև վնասվել էր, Ներսեսը զգույշ փաթաթում էր ոտքը, իսկ նա, իբր ցավից՝ հառաչում, կծում էր բոսորաբորբ շուրթերը, միաժամանակ չմոռանալով, իհարկե, աչքով անել ընկերուհուն։ Նա հպանցիկ նայեց և ինձ՝ շուրթերին դեպի իրեն ձգող խաղացկուն ծիծաղ։ ''Հետաքրքիր է, ի՞նչ հզոր ուժ կա կանացի հայացքում, որ ակամա ուզում ես ելնել ու ընդառաջ գնալ նրան''-հիացումով ասացի ես նրա գնալուց հետո։ Ներսեսը ժպտաց իմ խոսքերի վրա և դառը քմծիծաղով ավելացրեց. ''Նա այստեղ որոշ մարդկանց խելքից կհանի… եթե իհարկե չի հանել դեռ''։
Եվս մի քանի ոլորան՝ մեքենան դուրս ելավ հյուրերի տան բակը։ Մարատը դարձյալ տանը չէր։ Նա առավոտյան շուտ ինչ-որ տեղ էր գնացել և մինչև հիմա չկար ոչ տանը, և ոչ էլ ամբարտակի վրա։ Թունելագործների մոտ էր երևի։
Հյուրերի տան փայտե սանդուխքներին նստած բրդե գույնըզգույն գուլպաներ էր գործում Ամալյան, որը միաժամանակ հյուրերի տան և վարիչն էր, և հերթապահը, և հավաքարարուհին։ Մերուժանը ինչ-որ գրքեր ու փաթեթներ հանձնեց նրան և կրկին ետ գնաց։
Ես նստեցի պատշգամբում և սկսեցի լուռ դիտել հեռավոր լեռները, որոնք լուսավորված էին արևի շողերով։ Այնտեղ լեռների վրա թափանցիկ մշուշ էր, այստեղից չէր հասկացվում՝ անձրև՞ էր հեռվում, հորիզոնի վրա, թե՞ մայր մտնող արևի հուրքն էր նստած։
Հետզհետե լեռների վրա մշուշը խստացավ՝ ներկվելով կապտամթավուն գույնով. ինչպես երևում է, այնտեղ իսկապես անձրև էր
տեղում։ Իսկ այստեղ, գետահովտում, խաղաղ էր, օրվա առաջին կեսին հորդ անձրև տեղաց, բայց դա այնքան արագ կտրեց, որ հողը չհասցրեց անգամ կարգին խոնավանալ, փոխարենը օդը դարձավ մաքուր, մեղմ։ Դիմացի սարալանջին, ջրամբարի պատճառով քանդված տնատեղերի առջև թթենիները օրորվում են քամուց և այստեղից, բարձունքի վրայից, կարծես թե երևում էր՝ ինչպես էր ծառերից թափվում հասած թութը։ Ներքևից, անդնդախոր ձորից, լսվում էր գետի խուլ վշշոցը, որը երբեմնակի խլանում էր ավազահանքի կողմից եկող բուլդոզերների ձայներից։