Այս վայրերը մանկուց ծանոթ են ինձ։ Այստեղից մի քանի կիլոմետրի վրա՝ լեռներում է գտնվում իմ հարազատ գյուղը։ Այնտեղ եմ ծնվել ու մեծացել, ավարտել դպրոցն ու մեկնել քաղաք՝ ընդունվելու ինստիտուտ։ Այդ օրվանից շատ ջրեր են հոսել, այնինչ թվում է, թե երեկ էր։ Ես այս օրերին կարող էի, իհարկե, ժամանակ գտնել ու գնալ այնտեղ, տեսնել հարազատներիս, բայց գնալ գյուղ ու այն էլ՝ մի երկու ժամով, չարժեր,– դրանով ես միայն կվիրավորեի մերոնց։ Չէ, այնուամենայնիվ, պատրվակներ են սրանք, պարզապես որևէ տեղ գնալու հարցում շատ եմ ալարկոտ։ Զարմանում եմ նույնիսկ, թե խմբագիրն ինչու՞ հատկապես ինձ ուղարկեց այստեղ, նա հո գիտեր իմ ծուլությունը, քիչ չէր պատահել, որ ձեռ էր առել ինձ այդ առթիվ։ Իսկ ուղարկել է, ամենայն հավանականությամբ, նրա համար, որ ինքս այս կողմերից եմ և, բացի այդ, արդեն մի անգամ եղել եմ կառույցում։
Ամբողջ մի շաբաթ (թեպետ այդպես էլ չէր հաջողվել հանդիպել շինարարության պետին) առավոտ կանուխ վեր կենալով տեղից, իջնում, բանավանի ճաշարանում շտապ մի բաժակ քաղցր թեյ էի խմում և վազում ամբարտակ՝ հանդիպելու ծանոթ տղաներին, աշխղեկներին, ինժեներներին, զրուցելու նրանց հետ ամբարտակի, էլեկտրակայանի ու ապագա ջրամբարի շինարարության մասին՝ ձգտելով պարզել ինձ համար բոլորովին անհայտ տեխնիկական բազում մանրամասնություններ։
Ակնարկներ ես առաջներում նույնպես գրել եմ, սակայն դրանք հիմնականում եղել են գյուղական թեմաներով, ինձ համար, որպես ի ծնե գյուղացու, դա այնքան էլ մեծ դժվարություն չէր ներկայացնում, իսկ ահա շինարարների մասին՝ միայն մի անգամ եմ գրել և այն էլ այս նույն կառույցից։ Ամբողջ օրը մինչև ընդմիջում ու ընդմիջումից հետո, շրջում էի ամբարտակի վրա, նայում, թե ինչպես էին հզոր ինքնաթափերը իրար ետևից հռնդյունով բարձրանում ամբարտակ, ցեմենտացեխ ու խճավազ բեռնաթափում ու նորից ետ գնում, հետևում էի, թե բազմատոննանոց գլանվակները ինչպես են դանդաղ գնում ամբարտակի վրայով՝ տոփանելով խճավազն ու լուսնահողը։ Մագլցելով քարերն ի վեր, բարձրանում, մտնում էի ժայռերի միջով անցնող ջրաթեք թունելները, ուր միանգամից ասես ընկնում էի սառնամանիքի մեջ։ Իսկ ամենից հաճելին ինձ համար այն էր, որ ամբարտակի վրա կանգնում, երկար ժամանակ նայում էի ընդարձակ ձորահովիտին, որը շուտով ծայրից ծայր կլցվի արհեստական լճի ջրերով։
Երեկոյան դեմ հոգնած, բայց և գոհ, վերադառնում էի հյուրերի տուն, որի փայտե սանդուղքներին նստած հերթական գուլպան էր գործում։ Ամալյան (կարծես կառույցի բոլոր շինարարները այդ գուլպաներին էին սպասում՝ ձմռանը հագնելու համար), նստում էի բաց լուսամուտի առջև, հանում բլոկնոտս և սկսում գրի առնել այն ամենը, ինչ հաջողվել էր տեսնել, հիշել։ Այդպես էի անում ամեն երեկո, բացի այս օրվանից. այսօր, չգիտեմ ինչու, ցանկություն չկա որևէ գրառում անելու։ Երևում է, եկել է այն պահը, երբ դու սկսում ես զգալ, որ քո գործն այստեղ ավարտված է, սրանից հետո ինչ էլ որ տեսնես կամ իմանաս, կլինի արդեն քո տեսածի ու լսածի սոսկ կրկնությունը։
Ամալյան ժամանակ առ ժամանակ, առանց գործն ընդհատելու, գլուխը թեքում, ակնոցի շրջանակի վրայից նայում է ինձ։
–Ուրեմն դու է՞լ ես էս տեղերից,-հարցնում է նա։
Այս մի շաբաթվա ընթացքում ես նրան առնվազն մի հինգ անգամ արդեն ասել եմ, որ այս կողմերից եմ, ասել եմ նույնիսկ, թե որ գյուղից եմ։ Բայց այսօր նա այդ մասին հարցնում է,երևի, ոչ նրա համար, որ մոռացել է։ Իմ անգործությունը, երևի, անսովոր է նրան և, բացի այդ, իմ տեսքը նույնպես, հավանորեն, շատ է թթված, և նա ուզում է ոչ այն է ցրել իմ թախիծը, ոչ այն է օգտվել պատեհ հնարավորությունից՝ մի քիչ զրուցելու համար։
Հեռավոր լեռների վրա անսպասելի որոտում է կայծակը և մթամած երկինքը մի վայրկյանաչափ ներկվում է լուսաերաժշտության բոլոր գույներով։
–Այո,– ասում եմ ես, առանց նայելու Ամալյային։– Այստեղ եմ ծնվել, բայց ապրում եմ քաղաքում։
–Իսկ ծնողներդ գյուղու՞մ են ապրում։
–Այո, – պատասխանում եմ։ -Գյուղում են։ Հնձախութում։
–Բոլոր ջահելները գյուղերից փախչում են,– քրթմնջում է Ամալյան, ըստ երևույթին, իմ ձայնի մեջ անբավականության երանգ որսալով։– Թե ինչով կվերջանա այդ ամենը, խելքս բան չի կտրում… Իմ երկու ախպերն էլ քաղաքում են։ Գյուղում գործ չկա, մնան ի՞նչ անեն։
–Ամուսնացա՞ծ են, -հենց այնպես հարցնում եմ ես։
–Բա ինչ են… Ամուսնացած են,-մի տեսակ դժգոհ արձագանքում է Ամալյան։ Մերս էլ նրանց մոտ՝ քաղաքում է մնում։
–Գո՞հ է հարսներից։
–Շա՜տ։ Ասում է՝ երանի մի մեծ օձ մեծ հարսիս կծեր, մի փոքր օձ՝ փոքր հարսիս… Խեղճ մորս կյանքը կերան, շաքարային դարձրին։ Այ ցավդ տանեմ, անունդ էլ չգիտեմ, իր հարսից ով է գոհ եղել, որ իմ մերը գոհ լինի։
Երկնքի մեր մասում մի տեսակ միանգամից հայտնվում են առաջին աստղերը՝ հարավային խոշոր, պայծառ աստղերը։ Աղջամուղջը նկատելի թանձրանում է, վիթխարի ծառերի, ժայռերի ու անբնականորեն իրար վրա կուտակված քարաբեկորների ստվերները աննկատելիորեն չքանում են։ Դա այն ժամն է, երբ օրն արդեն վերջացել է, իսկ երեկոն չի իջել դեռ, մինչև այն լրիվությամբ կիջնի՝ մնում է մի տասնհինգ-քսան րոպե։