– Ոչինչ, – դեռևս հուզվելով ասացի ես, – դո՞ւ ինչպես ես, – ավելացրի ես, ինչպես առաջին անգամ՝ անկարող հայացքս կտրելու նրանից:
– Նույնպես ոչինչ… Դե լավ, ես գնամ, – Ռենան մեղմակի շունչ առավ: – Երկար մնալ չեմ կարող, քննության եմ պատրաստվում:
Քննության մասին, նա, իհարկե, հնարում էր, ես դա հասկանում էի:
– Գոնե սպասիր մի քիչ, – աղերսեցի ես՝ բռնելով նրա ձեռքը:
– Ոչ, ոչ, ոչ, չեմ կարող… Բայց շուտ-շուտ կգամ: – Ռենան դանդաղ ետ քաշեց ձեռքը և ետ-ետ գնալով դեպի դուռը՝ ժպտալով ավելացրեց, – ես երկու օր հետո կգամ, այս ժամին: Նայիր հա, տեղ չգնաս, – հորդորեց նա դարձյալ ժպտալով: – Կսպասես չէ՞, ինձ:
– Իհարկե, – ասացի ես: – Ես ոչ թե երկու օր, երկու տարի էլ կսպասեմ, – փորձեցի կատակել:
– Երկու տարի՞, – իր կապտաշող աչքերով շեղակի նայելով ինձ՝ հարցրեց նա: – Այդքան քի՞չ:
– Լավ, ոչ թե երկու, այլ քսան տարի, – տեղի տվեցի ես ժպտա լով: – Ոդիսևսը քսան տարի սպասեց Պենելոպեին:
– Ո-ո¯չ, – պարզասիրտ բռնկումով ընդդիմացավ Ռենան: – Այդ Պենելոպեն քսան տարի Իթաքեում սպասեց Ոդիսևսին և ոչ թե՝ Ոդիսևսը նրան: Սուտասանիս նայիր:
Ես ծիծաղեցի, դռան մոտ գրկելով Ռենային, փաղաքուշ ձայնով հարցրի.
– Իսկ դու, դու կսպասեի՞ր այդքան տարի:
– Ե՞ս… – նա ետ ընկրկեց, ասես մի պահ վարանելով պատասխան տալ, և իմ սիրտը տագնապալից խփեց, – ես կսպասեի ու կսպասեմ, եթե տեղը գա, – արտաբերեց Ռենան: – Բայց ոչ, – վայրկյանական դադարից հետո հապճեպ ցնցելով գլուխը՝ ասաց նա: – Ես երկու տարի չեմ կարող սպասել, – ծեքծեքուն ժպիտով ասաց նա, ձեռքը դրեց կրծքիս և, լեզվի ծայրը վերին շրթունքի վրայով դանդաղորեն աջից ձախ ու ձախից աջ սահեցնելով՝ երկարուկ մատներն իմ փողկապի տակից փաղաքշորեն մտցրեց վերնաշապիկից ներս՝ անձայն ծիծաղով խուտուտ տվեց:
Շունչս միանգամից կանգ առավ:
– Ես երկու տարում կմեռնեմ քո կարոտից, – ավելացրեց նա արդեն խաղացկուն, հետո, անսպասելիորեն առաջ մղվելով, «Քլիմայի» բուրմունքով իր դյուրաբեկ կենսաթրթիռ մարմնով ամուր սեղմվեց ինձ: – Երկու տարի չէ, երկու ամիս առանց քեզ ապրելն անգամ սարսափելի տանջանք կլինի ինձ համար:
Ռենան հուզմունքից շիկնած իր հուր շուրթերով հպվեց իմ շուրթերին:
Դա անչափ կարճ մի ակնթարթ էր: Աչքերում շողշողուն արցունք՝ նա ետ-ետ գնաց և, դուրս գալով առանձնասենյակից, միջանցքով վազեց դեպի վերելակը:
* * * * *
Ռոբերտն իր հաջորդ զանգով մի թեթև վշտացրեց ինձ: Ասաց, որ Զարմիկը խորհուրդ է տալիս չվերադառնալ Բաքու, այլ մնալ Մոսկվայում և զբաղվել առևտրով: «Դա հիմա ամենաշահավետ գործն է, – ասաց Ռոբերտը, – ամբողջ մտավորականությունը հիմա դրանով է զբաղվում: – Իսկ հետո հարցրեց, – վաղը գնալու եմ դեսպանատուն, անկետաներ վերցնե՞մ Ամերիկայի համար»: «Վերցրու, – անտարբեր ասացի ես և միանգամայն անսպասելի մի միտք ծագեց իմ մեջ՝ Ռենայի հետ գնալ Ամերիկա: – Վերցրու, – շտապ ասացի ես Ռոբերտին, – անպայման վերցրու, երբ պետք լինի՝ ես կգամ»:
Երկու օր անց ես Ռենային զգուշորեն ասացի այդ մասին, չիմանալով ինչպիսին կլինի նրա վերաբերմունքը և անչափ ուրախացա՝ նրա աչքերում ցնծուն հրճվանք տեսնելով:
– Ամերիկա՞, – հուզված շշնջաց նա: – Մի՞թե դա հնարավոր է… Գիշեր-ցերեկ մտածում էի ու ելք չէի գտնում ու եկել էի այն համոզման, որ չկա կյանքում առավել ողբերգական բան, քան բացարձակ անհնարինությունը՝ փոխել այն, ինչ վեր է մեր ուժերից: Աստված իմ, մի՞թե դա հնարավոր է:
– Ուրեմն կգա՞ս ինձ հետ, – ասացի ես բերկրանքով:
Ռենան հանկարծակի տխրեց, մի պահ տրտում, վշտահար նայեց ինձ:
– Այո, բայց… դրանով գիտե՞ս ես ինչ հարվածի տակ կարող եմ դնել մերոնց… – կամացուկ արտաբերեց նա մտահոգ, – սակայն ես ինչո՞վ եմ մեղավոր, Լեո, ասա, ես ինչո՞վ եմ մեղավոր… – Հետո, ասես ինքն իրեն սիրտ տալով, ավելացրեց մեղսագիտակ լուսաշող կիսաժպիտով, – բայց միևնույն է, կգամ քեզ հետ, ուր էլ որ տանես՝ կգամ, – ասաց նա փութկոտ փարվելով ինձ: – Մերոնք, իհարկե, ինձ չեն ների: Սկզբում չեն ների, բայց չէ՞ որ, վերջիվերջո, կներեն… Աստված իմ, ես ոչ ոքի չեմ ասի, ոչ ոք չի իմանա այդ մասին: Իրադան ու Էսմիրան նույնպես չեն իմանա, հետո, մեկնելուց առաջ, կզանգեմ, բայց տեղս չեմ ասի, չէ՞, Լեո: Եվ դրանից հետո մենք միասի՞ն կլինենք ընդմիշտ: Աստված իմ, մի՞թե դա հնարավոր է, – խանդավառ շարունակեց Ռենան: – Լեո, ես քեզ կնվիրեմ իմ ամբողջ կյանքը, իմ կյանքի ամեն մի րոպեն, կլինեմ հնազանդ, հավատարիմ ու նվիրված ու երբեք-երբեք, ասել եմ քեզ, երբեք չեմ անի այնպիսի մի բան, որ ցավ պատճառի քեզ, ես հանուն քեզ կզոհաբերեմ իմ ամբողջ կյանքը, ամեն-ամեն ինչ կզոհաբերեմ քեզ, փոխարենը պահանջելով միայն ու միայն մի բան՝ որ սիրես ինձ, ես քեզ շատ եմ խանդում, շարունակ այդ մասին մտածում եմ, բայց չեմ ասում քեզ ու երբեք չեմ ասի, ուզում եմ, որ միայն ինձ սիրես և ուրիշ ոչ ոքի, լսո՞ւմ ես, ուրիշ ոչ ոքի… Իսկ դու երբևէ սիրե՞լ ես որևէ մեկին, – անսպասելի հարցրեց նա, լայն բացված աչքերով ուղիղ նայեց ինձ՝ մի տեսակ վեհերոտ տեսքով սպասելով պատասխանի:
– Այո:
– Ինչպե՞ս, – Ռենան արագ ետ ընկրկեց, տագնապով նայեց ինձ: