– Դա վաղուց էր, դպրոցում:
– Որտե՞ղ: Սումգայիթո՞ւմ, – հարցրեց նա վհատ ու շփոթված:
– Չէ, իհարկե: Գյուղում, առաջինից մինչև վեցերորդ դասարանը ես գյուղում եմ սովորել, այնտեղ…
Ռենան մի տեսակ խաղաղված շունչ քաշեց, հարցրեց ուշացումով.
– Ի՞նչ էր անունը:
– Լյուդմիլա:
– Նա գեղեցի՞կ էր, – դարձյալ ուշացումով հարցրեց նա:
– Գեղեցիկ էր:
– Եվ դու հիշո՞ւմ ես նրան, – ցածր հարցրեց Ռենան:
– Հիշում եմ, – ասացի ես: – Երբեմն հիշում եմ: Նրա ժպիտը սկսվում էր աչքերից ու տարածվում էր դեմքին: Ես դա հիշում եմ… Բայց դա վաղուց է եղել: Շա¯տ վաղուց:
Վեցերորդ դասարանում, սեպտեմբերի սկզբին, մեր ամբողջ դպրոցը՝ վեցերորդից մինչև տասներորդ դասարան, բեռնատար մեքենաներով տարան Ներքին Հոռաթաղի դաշտ՝ բամբակահավաքին օգնելու: Այնտեղ, աստղազարդ ու լուսնյակ մի ուշ երեկո, շարքից դուրս եկած տրակտորների ու կալսիչ մեքենաների լուսնաստվերում համբուրվեցինք Լյուդիկի հետ: Հետո՝ քնքուշ, անսահմանորեն հարազատ՝ նա գլուխը դրել էր իմ կրծքին… Մինչև լուսաբաց, սիրատենդի մեջ, ես չկարողացա քնել: Այդ գաղտնածածուկ ժամադրությունն ու առաջին հաբույրն իմ կյանքում ալեկոծել էին հոգիս…
Ռենան՝ քիփ կպած մոդայիկ ջինսով, լուսամուտի առջև կանգնած, երկար ժամանակ լուռ էր: Նա անթարթափ նայում էր դուրս, խաղաղ ծովին:
– Սերը՝ այն է, – ասաց նա, – ինչը կորցնելուց հետո մենք այլևս ոչինչ չունենք կորցնելու:
Հետո հարցրեց մարող շշուկով.
– Մենք կգնանք Ամերիկա, և այդուհետ ոչ ոք չի՞ խանգարի, որ մենք ընդմիշտ լինենք միասին:
– Ոչ ոք, ոչ ոք չի խանգարի, միասին կլինենք միշտ, միշտ միասին ու միշտ անբաժան, – շշնջացի ես նույնպես մարող շշուկով:
– Աստված իմ, ե՞րբ կգա այդ օրը…
Ես քնքշորեն գրկեցի Ռենայի ուսերը, շնչելով նրա՝ տեղի տվող մարմնի քաղցրանուշ բուրմունքը:
– Լեո, սիրելիս, ես միայն մի րոպեով էի եկել, – շրջվելով՝ արտաբերեց նա, – ես…
Ես մատներս դրեցի նրա շուրթերին:
– Ես սիրում եմ քեզ, – չթողնելով, որ նա ավարտի խոսքը, սրտահույզ ու երկչոտ ասացի ես: – Դու գիտե՞ս այդ:
Ես այդ պահին, երևի, այլայլված տեսք ունեի, որովհետև Ռենան, ասես մի տեսակ վախեցած, ինքնաբերաբար ընկրկեց, բոլորակ հետույքով սեղմվելով իմ գրասեղանին: Բայց ժպտում էր:
– Չէ, ասա, դու գիտե՞ս, որ սիրում եմ քեզ:
Ռենան, շարունակելով ժպտալ, գլխով արեց, որ նշանակում էր՝ այո, ինքը գիտի, որ ես սիրում եմ իրեն:
Արևի պայծառ շողքն ընկավ նրա դեմքին: Ռենան կկոցած աչքերով նայեց ինձ, գլխի թեթև շարժումով ետ նետեց ոսկեզօծ մազերը, նեֆերտիտյան մարմարյա ճերմակ պարանոցին շողշողացին նրա շղթայիկն ու կապտասպիտակ ադամանդով կուլոնը: Սքանչանալով Ռենայի կուրացուցիչ գեղեցկությամբ՝ ես փաղաքշորեն բռնեցի նրա կզակը, Ռենան գլուխը մի փոքր ետ տարավ՝ նայելով ինձ մեղմ ու գերպայծառ հայացքով:
– Իսկ որ ես ցնորվածության աստիճա՞ն եմ սիրահարված քեզ, – դողացող ձայնով շշնջացի ես: – Դու ա՞յդ էլ գիտես:
Ռենան դարձյալ գլխով արեց՝ ավելի լայն ժպտալով:
Ասես անգիտակցական մի շարժումով ես շրջվեցի, դռան բանալին պտտեցի փականքի մեջ, ասելով.
– Ես քեզ այստեղից բաց չեմ թողնի:
Թափանցիկության աստիճան նուրբ մատներով ձեռքերը կրծքին տանելով՝ Ռենան համր խնդրանքով նայեց ինձ: Բայց չհանդիմանեց, ոչինչ չասաց: Նա գիտեր, հասկանում էր իր հմայքի ուժը, հայացքը շողում էր ինքնավստահ հիացմունքից, նրա ջինջ աչքերից ինչ-որ մի տեսակ խորամանկ խանդավառություն էր ճառագայթում: Լեզվի ծայրը կրկին սահեցնելով վերին շրթունքի վրայով՝ նա արեգնափայլ ժպիտով նայում էր ինձ, ասես հրճվելով իմ շփոթվածությամբ: Իսկ ես… ես ոչ մի կերպ չէի կարողանում հայացքս կտրել նրա բոցավառ շուրթերից:
Աստված իմ, ինչ լավիկն է նա, երբ կարկաչուն ծիծաղում է՝ գլուխը փոքր-ինչ ետ գցած, և նրա մարգարտաշար ատամները շողշողում են՝ ինչպես նոր եկած ձյունն առավոտվա արևի տակ, երբ իբր նեղացած, հանց Մոնա Լիզան՝ Լուվրում, աչքերը կկոցած՝ խորաթափանց հայացքով հարևանցիորեն նայում է, իսկ առանձնահատուկ կերպով փայլատակող այդ կապտակապույտ շողարձակող աչքերում՝ ամեն ինչ ներող խորհրդավոր ժպիտ, երբ սիրելի սովոր շարժումով ճակատից ետ է նետում անհնազանդ ոսկեգանգուր մազափունջը, երբ բռնկուն շիկնանքով հանկարծակի փարվում է՝ պարուրելով մատղաշ մարմնի բուրմունքով, ու փարվելիս այնպես է հպվում՝ ասես ուզում է հալվել, ներթափանցել հոգուս մեջ, երբ… Աստված իմ, աստված իմ, ինչքան ցանկալի, սքանչելի է նա, ես, իրավ, խենթանում եմ նրա հմայիչ տեսքից, գլխի գեղեցիկ պահվածքից, շորորուն թեթև քայլվածքից, մեղրանուշ թավշյա ձայնից, ես անսպասելի, անհաղթահարելի ու խելահեղ տենչանքով մի բան էի ցանկանում այդ պահին միայն՝ համբուրել փքուն շրթունքի վրայով սահող վարդագույն լեզվի ծայրը: Այդ խելացնոր մտքից ես գլխապտույտ զգացի նույնիսկ: Ես ակամա բռնեցի Ռենայի թևը՝ արմունկից քիչ վերև, և հանկարծակի պոռթկումով նրան ձգեցի դեպի ինձ:
– Արար աշխարհում, Ռենա, ոչ ոք ոչ ոքի երբեք այնպես չի սիրել ու չի կարող սիրել, ինչպես որ ես եմ սիրում քեզ:
Իմ սիրատոչոր շուրթերը հպվեցին նրա քաղցրանուշիկ բերանին: Ռենայի շուրթերն ասես շիկացած էին ներքին կրակից: Ես զգում էի այդ ջերմությունը, նրա կուսական մարմնի, փափուկ ու լիքը կրծքերի ջերմությունը նույնպես զգում էի… Նրա ձեռքերը բարձրացան, քնքշորեն գրկեցին իմ ուսերը, մատները խճողեցին մազերս: Ես Ռենային սկզբում համբուրում էի շատ քնքշորեն, բայց հետո համբուրեցի լիաշուրթ ու մոլեգին: Ռենայի հյութեղ շուրթերը դանդաղ ետ գնացին, հետո բացվեցին ավելի ու ավելի, նրա ատամները՝ կրքահարույց տաք շնչի հետ խածնելով անցան իմ ծնոտի վրայով, դա շշմեցրեց ինձ, երջանկությունից խելացնոր՝ ես գրկած պտտեցրի նրան իմ առանձնասենյակում՝ առանց շուրթերս կտրելու նրա շուրթերից, նստեցրի իմ գրասեղանին: