Выбрать главу

– Արար աշխարհ գիտե իմն ես, դու համակ կյանք՝ իմ հավատն ու սրտի սյունն ես, դու իմ հույսն ու աչքի լույսն ես, ես մի հավք եմ՝ դու իմ բույնն ես… – կցկտուր, անպարզահունչ թոթովում էի ես:

Ես ուզում էի, որ հարատևեր այդ պահը, ուզում էի շարունակ զգալ նրա մարմնի դողը, այն ջերմությունը, որ բերկրանքի, հրճվանքի ու մտացիր թեթև հառաչանքի հետ ելնում էր նրա կիսաբացված շուրթերից, ես ուզում էի այդպես պահել նրան իմ գրկի մեջ, սիրել, փաղաքշել, լիզել նրան ոտքից գլուխ, ես չէի ուզում թողնել նրան ու նրանից հագենալ նույնպես չէի կարողանում, իմ աչքերի համար հաճելի էր շարունակ տեսնել նրան…

Եվ Ռենան, ասես նոր միայն սթափվելով, ասաց.

– Ես պետք է գնամ… Ես չպետք է ուշանամ, – նրբակաշվե ծոպավոր բաճկոնը կոճկելով՝ շշնջաց նա՝ դուրս սահելով իմ գրկից:

Դռան մոտ նա մի անգամ ևս շրջվեց, շիկնած ու շփոթված ժպտաց ինձ իր արևափայլ շողշողուն ժպիտով, կամացուկ արտաբերեց.

– Ցավեդ տանեմ:

* * * * *

Ռոբերտը զանգեց շաբաթվա վերջին:

– Անկետաները վերցրել եմ, – ասաց նա: – Բայց ինքդ քո ձեռքով պետք է լրացնես դրանք ու ինքդ անձամբ հանձնես դեսպանություն: Հանձնում ես թղթերը ու սպասում զրույցի: Մի խոսքով, գնում ենք Կենտրոնական Միչիգան, Լանսինգ:

Ես ստիպված էի երկար համոզել գլխավորին՝ մինչև նա կստորագրեր դիմումս:

– Գիտեմ, հասկանում եմ, երկու տարվա արձակուրդդ մնում է, չես օգտագործել: Բայց, ախր, մենակ եմ մնում, – մտամոլոր քայլելով ընդարձակ առանձնասենյակում՝ ասաց նա: – Բոլորդ գնում եք, ահա, Արինան էլ է դիմում գրել, բնակարանն էլ, կարծեմ, փոխանակում են:

– Ինչպե՞ս, – զարմացա ես:

– Դիմումը քիչ առաջ ստորագրեցի, տարավ կադրերի բաժին:

Արինայի փոքրիկ, արևկող անկյունային սենյակից երկու դուռ էր բացվում, մեկը՝ դեպի ընդհանուր բաժին, մյուսը՝ դեպի գլխավոր խմբագրի առանձնասենյակ: Դուռը փակ չէր, գլխավորի մոտից ուղիղ անցա Արինայի սենյակը: Նա կանգնած էր լուսամուտից ներս թափանցող իրիկնային շողշողենի արևի մեջ, նայում էր դուրս:

– Գնում ես ու ինձ ոչինչ չե՞ս ասում, – ներս մտնելով ասացի ես՝ մի թեթև վիրավորված:

Նա արագ շրջվեց իմ կողմը: Աչքերը՝ սև, քնքուշ ու լացած:

– Քեզ գլխավո՞րն ասաց, – աչքերը ողողած արցունքների միջից ժպտալով՝ ցածր հարցրեց Արինան:

– Այո:

– Թե իմանայիր ինչքան ծանր է ինձ համար, Լեո, – տխրաթախիծ արտաբերեց Արինան՝ նստելով սեղանի մոտ ու իր փոքրիկ ձեռքերը դնելով սեղանին: – Դու կարո՞ղ ես դա պատկերացնել, – հարցրեց: – Չես կարող:

Արինան դարձյալ շրջվեց, նայում էր դուրս: Նա չէր ուզում, որ տեսնեի արտասուքները: Հետո ասաց.

– Չեղած տեղից՝ անհայտությունից, ծնվում, գնում ենք դեպի անհայտություն, ճանապարհին կորցնելով նրանց, որոնց կարոտը հետագայում այրում է մեր հոգին… Մարդիկ չգիտեն, չեն իմանում, որ նա, ով կենսախինդ ժպտում է բոլորին, երբեմն գիշերները լաց է լինում թաքուն, և որ երբեմն ցրտից փաթաթվում, կուչ է գալիս վերմակի տակ ու միևնույն է՝ չի կարողանում տաքանալ, որովհետև այդ ցուրտն իրականում դրսից չէ, այլ՝ իր ներսում, իր սրտի խորքում… – նա կարճ մի պահ դադար տվեց, մտամփոփ ասաց, – և ես եկել եմ այն համոզման, որ ապրելու երկու տեսակ կա՝ կարող ես ապրել ու կարծել, որ հրաշքներ չեն լինում: Կամ կարող ես ապրել ու հավատալ, որ կյանքն ինքնին հրաշք է: Ես դա այստեղ զգացի միայն: Եվ կարծում եմ, որ առհասարակ դիպվածական երևույթներ չեն լինում. այս աշխարհում ամեն ինչ կա՛մ փորձություն է, կա՛մ պատիժ, կա՛մ շնորհ, կա՛մ նախանշան: Իմը ո՞րն է դրանցից՝ չգիտեմ, հասկանալ չեմ կարողանում: Մի բան գիտեմ միայն, որ յուրաքանչյուր մարդու կյանքում, երբեմն ուշացումով, բայց անպայման հայտնվում է այնպիսի մեկը, որից հետո դու միանգամայն փոխվում ես: Եվ ամենևին կարևոր չէ՝ անսահման երջանկությո՞ւն էր դա, թե խելացնոր ցավ: Պարզապես զգում, հասկանում ես, որ դու այլևս առաջվանը չես, որ այլևս այնպիսին չես լինելու, ինչպես առաջ էր: – Նա դարձյալ կարճ դադար տվեց, ասաց, – ճակատագրի բերումով և քո շնորհիվ նաև, Լեո, ես ընկա այստեղ: Մոտ երեք տարի շարունակ ես աշխատանքի էի գալիս՝ ոնց որ տոնահանդեսի… Միշտ հիշելու եմ ծառատնկման մեր ուրախ շաբաթօրյակները Շիխովի ծովամերձ զբոսայգում, հավետ անմոռանալի մեր անվերջ ծիծաղն ու աշխույժ պատմությունները՝ շաբաթօրյակներից ու մայիսմեկյան շքերթներից հետո՝ սրճարաններում, որովհետև կյանքը, իրավ, այն օրերը չեն սոսկ, որ անցել են, այլ որ հիշվում են… Աստված իմ, մի՞թե դա հնարավոր է մոռանալ, Լեո, մի՞թե ես երբևէ կմոռանամ դա… Այս երեք տարվա հմայքն ընդմիշտ կապրի ինձ հետ՝ ուր էլ որ գնամ, ուր էլ որ լինեմ, և կջերմացնի ինձ կյանքիս մնացած ժամանակներում: