Արինան ուղիղ նայեց ինձ, և կուրացուցիչ լույսի բռնկումներով շողացին նրա խոնավ աչքերը:
Ինձ համար ևս ծանր էր մտածել այն մասին, որ այլևս չեմ տեսնելու նրան, այս երեք տարում ես նույնպես ընտելացել էի նրան:
– Ո՞ւր եք գնում, Երևա՞ն, – հարցրի ես: – Գլխավորն ասաց, որ փոխանակում եք բնակարանը:
– Ստալինյան շենքում երեք սենյականոց ընդարձակ բնակարան ենք տալիս՝ կահույքի հետ միասին և դեռ վրան էլ ահագին փող, փոխարենը ինչ-որ տեղ, համարյա Երևանի ծայրամասում, երկու փոքրիկ սենյակ ենք վերցնում: Սկեսրայրս իսկույն համաձայնեց, որովհետև հետո դա էլ չի լինելու, Երևանում հատուկենտ ադրբեջանցիներ են ապրում, իսկ այստեղ՝ հարյուր հազարավոր հայեր:
– Ժամանակավոր է այս ամենը, կանցնի, – ասացի ես:
– Կանցնի… կյանքը նույնպես ժամանակավոր է, – մտահոգ ժպտաց Արինան և խորը մտածելով՝ ավելացրեց: – Սկեսրայրս ուրիշ կարծիքի է: Դո՞ւ ինչ ես անելու:
– Կմնամ այստեղ, – հենց այնպես ասացի ես, – հո բոլորս չենք գնալու:
– Ամուսնուս ծնողները կապրեն Երևանում, իսկ մենք կգնանք Հունգարիա: Սկեսրայրիս եղբայրն այնտեղ, մեր բանակում է ծառայում, Վելենցե քաղաքում, իր ասելով՝ հենց Վելենցե լճի ափին, հրավիրում է: Ես քեզ կզանգեմ այնտեղից, գոնե ձայնդ լսեմ, – դառը ժպտաց Արինան: – Ես քեզ շատ եմ վշտացրել, Լեո, ներիր, խնդրում եմ: Ամուսնուս նույնպես ներիր, շատ տաքարյուն է, բայց բարի սիրտ ունի, շատ է փոշմանել: Հայրը, գիտե՞ս, քիչ էր մնում նրան դուրս աներ տնից այստեղ գալու համար:
– Ես արդեն մոռացել եմ այդ մասին, – ասացի ես:
– Իմ մեղքով էր այդ ամենը, Սիլվային հիմար բաներ պատմեցի, չպիտի պատմեի: Հետո, երբ ամուսնուս հետ գնացել էինք նրանց տուն, գլուխը մի անգամ չբարձրացրեց, որ նայեր ինձ: Ամուսինս մտածեց, որ նա հնարել է այդ բոլորը: Բայց ես չպիտի պատմեի:
– Ի՞նչ էիր պատմել, – նստելով նրա դիմաց, սեղանի մյուս կողմում՝ հետաքրքրվեցի ես:
– Պատմել… Այն, ինչ ես կուզենայի, որ իրականում լիներ՝ նրան պատմել էի որպես իրողություն:
Արինան մտացրիվ նայեց ինձ, կարծես երկմտելով՝ ասե՞լ, թե ոչ, հետո հոգոց հանելով միանգամից ասաց.
– Ես նրան խոստովանեցի, որ սիրահարված եմ քեզ, և որ դու, իբր, նույնպես անտարբեր չես իմ հանդեպ: Ուզում էի, որ այստեղ աշխատանքի ընդունվելուց հետո պատրանքներ չունենար քո նկատմամբ:
Արինան ձեռքով ճակատից ետ տարավ մազերը, միաժամանակ հետևելով իմ ռեակցիային:
– Եվ հետո՞, – ժպտալով ասացի ես:
– Հետո… նա էլ այդ բոլորը պատմել էր ամուսնուն… Հասկացել էր, որ ես եմ խանգարել իրեն՝ աշխատանքի տեղավորվելու այստեղ:
– Ուրեմն նրա ամուսինը դե՞մ չէր:
– Իհարկե, դեմ չէր: Ես արեցի այդ ամենը, որպեսզի նա չգար այստեղ: Չէի ուզում և վերջ… Երևի խանդում էի, – ժպտաց Արինան, ուղիղ նայելով ինձ, իսկ հետո ասաց, – մի բան էլ ասեմ, միևնույն է, վերջին օրն է, պիտի ներես: Ինչքա¯ն աղջիկներ էին զանգում քեզ. մեկը կար նրանց մեջ, շատ սիրուն էր, ոսկեփայլ մազերով, «Մերիլին Մոնրո» ոճի գլխարկ էր դնում, միշտ ժպտուն, չտեսնված գեղեցիկ շուրթերով, աչքերն էլ շատ սիրուն էին՝ գորշ, ոնց որ վագրի աչքեր, շինարարական ինստիտուտի առաջին թե երկրորդ կուրսից՝ Սիլվա Ասրյան, մի երկու անգամ տեսել եմ քեզ մոտ, վերջերս չի երևում, այ, հատկապես նա համառորեն զանգում էր, մի խոսքով, բոլորին ասում էի, որ տեղում չէ, արձակուրդ է գնացել, կամ նման մի բան: Դա էլ էր երևի խանդից: Լորաննային էլ էի խանդում, կատաղությունից շունչս կտրվում էր, – հանկարծակի ամբողջովին բռնկվելով ու շառագունած նայելով ինձ ասաց նա: – Առանձնապես, երբ գալիս, ժամերով նստում էր մոտդ: Բարկանո՞ւմ ես:
– Ոչ, – ժպտալով տարուբերեցի գլուխս:
Իրոք, չգիտեմ ինչու, չէի նեղանում: Իմ ներսում ինչ-որ բան էր փշրվում, զգում էի, որ այսօրվանից թանկ ու հարազատ, շատ հարազատ մի բան եմ կորցնում:
Մի քանի վայրկյան Արինան լուռ էր, երևում էր՝ կռվում է ինքն իր հետ, կրծում էր շրթունքները, և աչքերը դարձյալ հառված էին լուսամուտից դուրս: Նա հանկարծ շեշտակի հայացքով նայեց ինձ, մի կիսաժպիտ լուսավորեց նրա դեմքը, և նա ասաց.
– Այս աշխարհում երկու կույր մարդ կար, Լեո: Դու էիր մեկը, որովհետև չէիր տեսնում, թե ինչքան թանկ ես ինձ համար, և ես, որովհետև ոչ ոքի չէի տեսնում քեզանից բացի… Միայնակ մարդիկ շատ կան կյանքում, – ավելացրեց նա: – Կարող ես բազում ընկերներ ունենալ: Հարազատներ, բարեկամներ… Ունենալ մեկին, որը սիրում է քեզ ու միշտ քո կողքին է, բայց դրա հետ միաժամանակ, միևնույն է, զգաս քեզ միայնակ: Միայնակ ու համակված այնպիսի մի զգացումով, որ դու ամբողջ կյանքում փնտրել ու չես գտել… Չես գտել մեկին, որի կամքին հանձնեիր քեզ լիովին ու այդ երջանիկ մտքից ինքդ քեզ նախանձեիր: Դու ինձ հասկանո՞ւմ ես, – հարցրեց նա, ու, չսպասելով պատասխանի, ավելացրեց, – ժամանակը միակ բանն է, որ երբեք չես կարող ետ տալ: Այն կարծես թե մերն է… բայց մեզ չի պատկանում: Մեր ուժերից վեր է ետ պահել այն: Այն սահում, փախչում է մեզնից, ինչպես սորուն ավազն է սահում մեր մատների արանքից: Այս օրը չի կրկնվի երկրորդ անգամ… Այս երանելի պահն ահա, որ կա այստեղ, այս վայրկյանին, էլ ետ չի գա… – Արինան շրջվել, ձեռափերով այտերը սեղմած՝ նայում էր դուրս, հետո ասաց հոգնաձայն, առանց ետ շրջվելու, – մարդ իր ունեցածի արժեքն այն ժամանակ է հասկանում, երբ կորցնում է արդեն… Այս երեք տարվա մեջ, Լեո, միշտ էլ զգացել եմ քո մտերմությունը, միշտ էլ ինձ համար պաշտելի ես եղել ու այդպիսին էլ կմնաս իմ հիշողության մեջ… Մեր մեջ ոչինչ չի եղել, – շարունակեց նա սրտառուչ անկեղծությամբ, – բայց ես այնպես էի տարված քեզնով, որ ուր էլ կանչեիր՝ գլուխս կորցրած կգայի քո ետևից, ուր էլ հրավիրեիր՝ կվազեի: Մեյերհոլդն իր կնոջը՝ Զինաիդա Ռայխին, սաստիկ խանդում էր Սերգեյ Եսենինի հանդեպ, նրան թվում էր՝ հերիք է Եսենինը մատով կանչեր կնոջը, և նա, անձրևի ու կարկտի միջով վազելով կգնար Եսենինի ետևից: Կարծես իմ մասին է ասված: Բայց դու չկանչեցիր ինձ, ոչ մի տեղ չհրավիրեցիր, չնայած գիտեիր, տեսնում էիր, որ ինքնամոռաց կերպով տարված եմ քեզնով: Այո, դու դա գիտեիր, անհնարին է, որ չիմանայիր, չզգայիր, կրակն ու սերը հնարավոր չէ թաքցնել, բայց, միևնույն է, դու չօգտվեցիր իմ թուլությունից…