Выбрать главу

– Բայց չէ՞ որ մենք բարեկամներ ենք, Արինա:

– Դրա համար էլ երախտապարտ եմ քեզ, և դու դրանով առավել ես ինձ սիրելի: Իսկ գիտե՞ս ինչ մտածեցի մի անգամ, – ձեռքի սահուն շարժումով կրկին ճակատից ետ տանելով անհնազանդ մազափունջը՝ ասաց նա: – Մտածեցի այն մասին, որ հոգին իր մաքրությամբ է գեղեցիկ, ու երբ դու սիրում ես, բայց չես արժանանում փոխադարձ սիրո, տխրել պետք չէ ամենևին, միևնույն է, քոնն է հաղթանակը, որովհետև քո սերն այնքան մեծ է, որ չի տեղավորվում նրա սրտում: Եվ որ պետք չէ նվաստանալ ու վազել նրա ետևից, ով առանց քեզ էլ երջանիկ է: Ու մի պահ, ազնիվ խոսք, ցանկացա, որ դու սիրես ինձ՝ միայն այն բանի համար, որ ես քեզ մերժեմ, և դու տառապես: – Արինան շրջվեց, ակնդետ նայեց, ավելացրեց: – Բայց… երբ խենթորեն սիրում ես՝ անշահախնդիր, անմնացորդ, ապա միայն ու միայն նրա երջանկությունն ես ուզում: Եվ ուզում ես ամեն ինչ անել, որ նա երջանիկ լինի` անկախ քոնը լինել կամ չլինելուց… Այո, նրա լավն ես ուզում միայն, ուզում ես, որ նա երջանիկ լինի, սակայն, տեսնելով նրան երջանիկ՝ ոչ քեզ հետ, սիրտդ կծկվում է ցավագնորեն… – Նա հապաղեց մի պահ, հետո միանգամից ասաց, – աշխարհում գուցե թե ամեն ինչ վերջ ունի՝ թե՛ սեր, թե՛ արցունք, թե՛ տառապանք, լոկ հիշողությունն է, որ վերջ չունի, հիշողությանը վերջ չկա: Ես քեզ կհիշեմ, Լեո, որպես եղբոր, որպես հարազատի, և մինչև վերջ, մինչև վերջին շունչս կհիշեմ… Հավատա ինձ, հիշողությունն այդ մշտատև կմնա ինձ հետ, դա Հազարան հավքն է իմ, և այն ոչ ոք չի կարող խլել ինձնից…

Ես չգիտեի ինչ պատասխանել Արինային, ոչինչ չէի գտնում ասելու, և այն մտքից, որ, իրոք, այլևս չեմ տեսնելու նրան, սիրտս սեղմվում էր վշտից ու հուսահատությունից: Բայց մի բան պետք էր ասել, և ձեռքս դնելով բարակավուն մատներով նրա ցորնաթուխ ձեռքին, ինքս անգամ չհավատալով իմ խոսքին, ասացի.

– Մենք կհանդիպենք դեռ… Շատ տարիներ հետո կհանդիպենք և միմյանց կնայենք քնքուշ, մշուշված աչքերով:

Նա անձայն ժպտաց: Նա հոգնած ժպտաց: Թափահարեց գլուխը:

– Ոչ, – արձագանքեց տխրամած, – սա չի կրկնվի, չի կրկնվի… Ես գիտեմ, զգում եմ, որ վերջին անգամ եմ տեսնում քեզ, նայում ինձ համար սիրելի քո աչքերին և գիտեմ նաև, որ հազար անգամ երազում տեսնելու եմ ահա այս պահը՝ մեր վերջին հանդիպումը արևոտ այս սենյակում…

Արինայի աչքերը լցվեցին, նա դարձյալ ժպտաց արցունքներից շողացող աչքերով, ասաց.

– Բայց երջանիկ եմ գոնե, որ այս ամենն ասում եմ քեզ, և որ դու լսում ես այն: Որովհետև ծանր է կրել չասված խոսքերի ցավը: Ես չեմ լալիս ու, տես, չեմ արտասվում, որ ամեն ինչ անցած է արդեն, այլ ժպտում եմ, որ այս ամբողջը իրոք եղել է: – Նա քիչ լռեց, ավելացրեց, – անցած մարտի ութի տոնին մի ձայնասկավառակ էիր նվիրել ինձ: Ես հաճախակի եմ դնում այն: Պատրիսիա Կաասն է երգում, թախծոտ երգ է, դնում եմ ու շարունակ քեզ եմ հիշում: Մոտավորապես սա է իմաստը. երբ տեսնում եմ փողոցում ծեր մարդկանց, սարսափ է պատում ինձ մի պահ, չէ՞ որ կգա և մեր վերջին գարունը, և այնտեղ, ուր վառվում էր կրակը մեր ջահելության, մոխիր կգտնենք մենք միայն և որ կյանքը նման է վարդի, պատրանք է նրա յուրաքանչյուր թերթը, իսկ փուշն՝ իրականություն… Իսկ դու ասում ես՝ կհանդիպենք և միմյանց կնայենք քնքուշ աչքերով…

Նա արագ շրջվեց, կրկին նայեց լուսամուտից դուրս, ուր արևոտ օրը սկսել էր խամրել և պատերին հովհարաձև ու երերուն շարժվում էին իրիկնային արևի ոսկերանգ, նարնջագույն ցոլքերը:

– Ինչո՞ւ, ինչո՞ւ այսպես կարճ է տևում երջանկությունը, Լեո, – ասաց նա: – Եվ, առհասարակ, ի՞նչ է երջանկությունը՝ գեղեցկագույն մի ծիածան, մի դյուրաշեջ արևի շող, որ բեկվել է արցունքի մեջ…

Ահա այդպես բաժանվեցինք ես և Արինան, և նա այդպես էլ մնաց իմ հիշողության մեջ. իրիկնային ոսկեզօծ արևով լցված փոքրիկ սենյակում, ողորկված փայլկտուն սեղանի ետևում նստած, հարազատորեն, մտերիմ հայացքով տրտում ժպտում է ինձ՝ սևորակ գեղեցիկ աչքերում լճացած արցունք:

Առավոտյան Արինան չեկավ աշխատանքի, ու ես, ավաղ, այլևս չտեսա նրան:

Երկու օր անց, երեկոյան դեմ, ես թռա Մոսկվա՝ Ռոբերտի մոտ: