– Շատ չուշանաս, – մտերմաբար ժպտալով ասաց գլխավորը: – Տես, մենակ չթողնես ինձ:
Ռենան եկել էր ճանապարհելու: Դա անսպասելի էր. խմբագրությունում մենք պայմանավորվեցինք, որ նա չի գա ճանապարհելու, ասացի, որ կարճ ժամանակով եմ գնում և կարիք չկա ճանապարհելու, բայց, օդանավակայանում տեսնելով նրան, մնացի քարացած հուզմունքից: Ես արդեն թռիչքադաշտում էի, օդանավի մոտ, երբ հանկարծակի տեսա նրան՝ ուշ աշնան արևով ողողված սպասասրահի հաստ ապակիների ետևում կանգնած: Ինձ թվաց՝ նույն սպիտակաթույր զգեստով էր, որով տեսել էի առաջին անգամ: Մազերն ուսերին թափած՝ նա անդադար շարժում էր ձեռքը՝ ի նշան հրաժեշտի: Հեռվից չէր երևում, բայց ինձ այնպես էր թվում, թե նա շարունակ ժպտում է ինձ իր կապտաջինջ աչքերի հմայիչ ու կանչող ժպիտով:
* * * * *
Ես, իրավ, այն կարծիքին էի, որ երկար չեմ մնա Մոսկվայում: Հարցաթերթիկները լրացնելու համար մորս նույնպես ստիպված եղա Ստավրոպոլից կանչելու: Ռոբերտի աջակցությամբ կոմունալ բնակարանում սենյակ վարձեցինք և համարյա ամեն օր գնում էինք դեսպանատուն՝ թղթերը հանձնելու: Վիթխարի հերթեր էին, մարդիկ կային գիշերվա կեսից գալիս, հերթ էին բռնում: Ամերիկա մեկնել ցանկացողները հիմնականում Սումգայիթից էին, բայց օր-օրի շատանում էին նաև Բաքվից ու Ադրբեջանի տարբեր վայրերից եկած փախստական հայերը: Հարազատ օջախներից լքված, անպաշտպան ու անօգնական՝ նրանք իրար պատմում էին իրենց գլխին եկածը՝ մեկը մյուսից սարսափելի, և այդ պատմությունները, հավանաբար, որոշ թեթևություն էին բերում նրանց:
– Ամբողջ կյանքում տանջանքով, տառապանքով, հազար ու մի հալածանքների ենթարկվելով, էս երկրի համար ձրի, համարյա ձրի տքնես, կառուցես ու վերջում մնաս անտուն, մերկ ու անպաշտպան, – դժգոհում էին հերթում կանգնածները: – Գնացածները մի տեսեք ինչե¯ր են գրում, տներով ու բնակարաններով իսկույն ապահովել են՝ անհրաժեշտ ամեն բան մեջը, թոշակ են նշանակել՝ յուրաքանչյուրին վեց հարյուր երեսուն դոլլար ու ամսական հարյուր երեսուն դոլլար էլ ինչ-որ տեղից են տալիս, հիվանդանոց, դեղորայք՝ լրիվ անվճար, երեխեքի բարձրագույն կրթությունը՝ անվճար, լաց են լինում, ասում են, որ էսպիսի վերաբերմունք, հոգատարություն ու էսպիսի դրախտ է եղել, հապա մեր կյանքն ինչու իզուր մաշեցինք էդ դժոխքում: Նույնիսկ մարդ անհարմար է զգում, ասում են, որ նրանց համար ոչինչ չարած՝ էդքան արտոնություններ ունեն: Չէ, էստեղի նման… Անծայրածիր երկիր, հազարավոր դատարկ գյուղեր, ու մեզ համար տեղ չկա. ո՛չ գրանցում, ո՛չ աշխատանք, ամեն քայլափոխի՝ արգելք, ամեն տեղ՝ կաշառք, ծեծ ու նվաստացում, գոնե մի կարեկցող չկա, բա ինչո՞ւ են մեր հայրերն ու եղբայրները արյուն թափել, զոհվել Հայրենական մեծ պատերազմում, եթե էսօրվա օրը էն հեռավոր Ամերիկան պիտի մեզ օգնության ձեռք մեկնի: Ամոթ էսպիսի պետությանը:
Ցավում էի, որ չէի կարող զանգել Ռենային, կարոտից մղկտում էր սիրտս, բայց դրժել Էսմիրային տված իմ խոստումն ու նաև ամենագլխավորը՝ վտանգի տակ դնել Ռենային, անկարող էի:
Զանգեցի գլխավորին, նա անասելի ուրախացավ իմ զանգի համար, բայց անսահման վշտացրեց ինձ, ասելով, որ քաղաքում դրությունն այնքան էլ լավ չէ: «Ռադիոն, հեռուստատեսությունն ու թերթերը հեղեղված են հակահայկական հերյուրանքներով, – ցածրաձայն ասաց նա: – Բայց մենք չենք խառնվում, պաշտոնական հաղորդումներ ենք տալիս միայն: Իսկ այդ տականք Գևորգ Աթաջանյանը, – ավելի ցածրացնելով ձայնը՝ ավելացրեց գլխավորը, – Կարո Առաքելովի սրիկա որդու՝ Ռոբերտ Առաքելովի հետ միասին, ցուցակը ձեռքներին, «Կոմունիստ» թերթի աշխատակիցներից, իբր, Մոսկվա հեռագրեր ուղարկելու նպատակով, փող են հավաքել: Դու պատկերացնո՞ւմ ես, թե դա ինչ է նշանակում. հրատարակչության բազմահարկ շենքում, ուր հայերեն «Կոմունիստից» բացի տասնյակ ուրիշ խմբագրություններ կան տեղավորված, նրանք ցուցադրաբար փող են հավաքում: Կասկած չկա, – շարունակեց գլխավորը, – որ դրամահավաքի այդ ամբողջ պատմությունը մանրազննին պլանավորված գործ է, որովհետև հենց հաջորդ օրը կառավարական տան մոտ, հանրահավաքում, խոսակցություններ են սկսվել այն մասին, որ Բաքվի հայերը փող են հավաքում Ղարաբաղի համար: Այդպիսի բան չի եղել, լկտի սուտ է, բայց, ահա, քաղաքում կտրուկ փոխվել է վերաբերմունքը հայերի նկատմամբ, սկսվել են զանգվածային ծեծկռտուքները տրանսպորտում ու փողոցներում: Հերիք չէր դերասան Մեջիդ Շամխալովի հետ նրան բռնեցին Փոխլուդարայի ինչ-որ փչացած կանանց որջում, թերթում խայտառակեցին, հերիք չէր Ռադիկ Գրիգորյանի քրոջ բռնաբարության այդ զզվելի պատմությունն ու նրա լպիրշ ոտնձգությունները՝ մահճակալին գամված մեր գրող ընկերոջ՝ Կասպարովի կնոջ նկատմամբ, հերիք չէր Հուրունցի նամակը՝ ուղարկված Սուրեն Կասպարովին, որ, ինչպես հետո պարզվեց, նրա տնից գողացավ, հանձնեց ԿԳԲ-ին… Այդքանը, այո, հերիք չէր, տես, հիմա էլ ինչ անամոթ քայլի են դիմել: Ես էլ, ես էլ եմ մեղավոր, Լեո, ասել եմ քեզ, ես նրան երաշխավորագիր տվեցի՝ գրողների միության շարքերն ընդունվելու համար: Մի խոսքով, Լեո ջան, – վերջում ավելացրեց նա, – դեռևս գալ պետք չէ, խորհուրդ չեմ տալիս, սպասիր տեսնենք ինչով է վերջանում այս ամենը, ես այստեղ մի կերպ յոլա կտանեմ»: