Երկրորդ ամսվա վերջին ես կրկին զանգեցի գլխավորին, բայց նրա հեռախոսը՝ ո՛չ աշխատավայրում և ո՛չ էլ տանը, չէր պատասխանում: Խմբագրության մյուս հեռախոսները ևս անջատված էին: Զանգեցի Սիավուշին, ինձ թվաց տրամադրությունը վատ չէր, հարցրի՝ «Ինչպե՞ս է կյանքը Բաքվում»: «Ոչինչ, – ասաց Սիավուշը և կատակի տվեց, – եթե խմիչք է ճարվում, ամեն ինչ լավ է թվում»:
Շաբաթվա վերջում կենտրոնական հեռուստատեսությամբ հաղորդում եղավ այն մասին, որ Բաքու քաղաքում կյանքը նորմալ հունի մեջ է մտնում, աշխատում են բոլոր գործարաններն ու հիմնարկ-ձեռնարկությունները, վերսկսվել են պարապմունքները ուսումնական հաստատություններում:
Ռոբերտի հետ վերջին հանդիպումից հետո հաստատ վճռեցի ոչինչ չասել մորս՝ Բաքու մեկնելու մասին: Զարմիկի հետ պայմանավորվեցինք միասին մեկնել: Նա ադրբեջանցու անուն ազգանունով անձնագիր ուներ, մաքուր խոսում էր ադրբեջաներեն, և Բաքու մեկնելը նրա համար խնդիր չէր: Ժամադրվեցինք և մյուս օրը, գնալով դրամարկղ, հունվարի տասներկուսի համար ինքնաթիռի տոմս առանք:
Ռոբերտը վերջ ի վերջո համոզեց:
– Քո մասնագիտությամբ, – ասաց նա, – դու այստեղ դժվար թե շուտ գործ ճարես: Այնտեղ, Բաքվում, ինքդ հո հիշում ես, քանի անգամ եղել ես մոտս, կապի նախարարությունում նստած ստից հաշվետվություններ էի գրում, բայց հիմա, տես, թե ինչով եմ զբաղված, կրպակում առևտուր եմ անում՝ ա՛ռ-տո՛ւր, ա՛ռ-տո՛ւր, հեշտ գործ, և տեսնում ես, որ ամենևին էլ դժգոհ չեմ, ընդհակառակը՝ շատ գոհ եմ: Այսպես որ գնաց՝ ի՞նչ Ամերիկա, ի՞նչ Միչիգան ու Լանսինգ: Գնա փողերդ հանիր, արի, հենց այստեղ, մետրոյի մոտ մի տեղ էլ քեզ համար կվերցնենք: Առանց փող, քեզ պարզ ասեմ, ոչինչ հնարավոր չէ անել, առնվազն մի ութ-տասը հազար դոլլար է պետք: Շուտ գնա ու, տես, երկար չմնաս: Ռենային զանգո՞ւմ ես գոնե: Թե՞ մոռացել ես արդեն:
– Մոռացել եմ, – ասացի ես նրա հանգով:
– Ո՞նց թե, – Ռոբերտը կասկածանքով նայեց ինձ, հետո ժպտաց, ասաց, – Լեո, մի երկու անգամ տեսել եմ՝ քեզ նայելիս: Երբ կինը կամ աջիկն այդպես հմայված նայում են որևէ մեկին, նշանակում է, որ հողագնդի վրա գտնվող մյուս՝ մոտ երեք միլիարդ տղամարդիկ, գոյություն չունեն նրա համար: Այդպիսի սերը, ախպերո, աստծու պարգև է, իսկ դու ասում ես՝ մոռացել եմ, կատակում ես, էլի, լսիր, նրան մոռանա՞լ կլինի: Լավ, չես ուզում՝ մի ասա: Կարճ՝ մինչև կվերադառնաս, ես այստեղ կպայմանավորվեմ մետրոպոլիտենի ղեկավարության հետ: Դա ես ինձ վրա եմ վերցնում:
Մորս՝ մեկնելուց մի երկու ժամ առաջ, ասացի միայն:
– Մամա, գնում եմ Բաքու:
– Բաքո՞ւ, – վախեցած հարցրեց նա, ասես առաջին անգամ էր խոսք բացվում Բաքու մեկնելու մասին, – ե՞րբ, – ավելացրեց նա, և նրա ձայնի մեջ անթաքույց տագնապ զգացի: – Բայց ի՞նչ են ասում, վիճակն ինչպե՞ս է էնտեղ:
– Ինչպե՞ս պիտի լինի՝ նորմալ, – հանգիստ ձայնով ասացի ես: – Թերթերը ոչինչ չեն գրում, հեռուստատեսությունը ոչինչ չի հաղորդում:
– Մի՞թե մեր մամուլին կարելի է հավատալ: Սումգայիթի դեպքերի ժամանակ նույնպես ոչինչ չէին գրում ու ոչինչ չէին հաղորդում:
– Դե, այն ժամանակ ուրիշ էր, – փորձեցի սիրտ տալ նրան: – Հին սխալները հո չե՞ն կրկնելու:
Ես նորից ու նորից էի հիշում Ռոբերտի խոսքերը Ռենայի մասին. «Կատակում ես, էլի, լսիր, նրան մոռանա՞լ կլինի»: Այն մտքից, որ շուտով հնարավորություն կունենամ տեսնելու Ռենային, գլուխս պտտվում էր երջանկությունից:
– Զգույշ մնա, մաման մատտաղ, – վերջին րոպեին կրկին զգուշացրեց մայրս, – տեղ հասար թե չէ՝ վերադարձիր, մնալու բան չկա:
Եվ հիմա օդանավը միալար, անդադրում գվվում էր, երբեմնակի ճոճվում, ծանր տարուբերվում էր՝ շարժիչների նույն միալար հռնդյունով ճեղքելով անծայրածիր երկինքը: Ճիշտ արեցի՞, արդյոք, որ այս անգամ չլսեցի մորս, ուշադրություն չդարձրի նրա խոսքերին՝ քիչ էլ սպասել: Բայց չէ՞ որ սպասել այլևս անհնարին էր, երրորդ ամիսն էր մայրս նույնն էր կրկնում՝ սպասիր, և ես՝ անսալով նրա տվայտանքներին, օր-օրի ետ գցելով, հետաձգում էի մեկնումը: Բայց, ի վերջո, սպասել այլևս հնարավոր չէր, ապրելու և զբաղեցրած սենյակի վարձը տալու փող էր պետք: Սակայն շարունակական ձգձգման պատճառը մորս հորդորները չէին միայն և ոչ էլ այն, որ աշխատանք էի որոնում, հիմնականը Բաքվում տիրող անորոշ վիճակն էր և այն, որ Ամերիկա գաղթելու թղթերը վաղուց հանձնել էինք դեսպանատուն, սպասում էինք պատասխանի: Համարյա օրումեջ, ինչպես որ մինչև անկետաները հանձնելը, գնում էի դեսպանատուն, ուր ինձ նման հարյուրավոր նախկին բաքվեցիներ էին հավաքվում՝ իմանալու ե՞րբ են կանչելու հարցազրույցի, որը, չգիտես ինչու, շարունակ ձգձգվում էր:
Ես լուսանցույցից նայում էի դուրս, ներքևում, ետ սլացող հատուկենտ ճերմակաթև ամպակտորների տակ, ալպիական լեռնալանջերն ի վար արծաթյա թելերի պես ձգվում էին գետակները: Այս ու այնտեղ, ասես լքված՝ մենավոր գյուղակներ էին երևում՝ կորած մշուշների մեջ:
– Ազա՞տ է ձեզ մոտ, – հարցրեց կանացի քնքուշ մի ձայն:
Բարեհամբույր ժպիտով, դուրեկան կազմվածքով, թարմ ու սրճագույն փայլուն մազերով դեռատի կին էր՝ քսան-քսանհինգ տարեկան: Մետաքսե կապույտ կոստյումը՝ ծալազարդ բոլորքով ու ծալազարդ օձիքով՝ ավելի էր ընդգծում նրա թխաթույր նրբագեղությունը: