Выбрать главу

Տիրեց երկարատև լռություն:

– Զիա Բունիաթովը, դժբախտաբար, աչքի է ընկնում միայն նրանով, որ հակված է հավատալու այն ամենին, ինչին ինքն է ուզում հավատալ, – քիչ անց շարունակեց Միրալի մուալլիմը: – Օրինակ, թաթար-մոնղոլական արշավանքների ժամանակներում ապրած հայ վարդապետ Կիրակոս Գանձակեցուն համառորեն հայ պատմիչ չի համարում, նրա կարծիքով, Աղվանքի պատմությունը գրելով՝ Գանձակեցին մեր նախնիների պատմությունն է գրել, հետևաբար, նա մեր ժողովրդին է պատկանում: Եվս մի ապացույց, որ մենք շատ հաճախ մեր սնամեջ եզրահանգումներով փաստորեն հեղինակազրկում ենք ինքներս մեզ: Իրականում, Գանձակեցին ոչ թե մեր մասին, այլ՝ մեր դեմ է գրել. իր պատմության մեջ մեր նախնիներին վերաբերող գլուխը նա այսպես է կոչում. «Գլուխ այն մասին, թե ինչպես երևացին թաթարները, որպեսզի ապականեն, պղծեն ողջ աշխարհը»: Ռեյխսմարշալ Հերման Գյորինգն ասում է՝ ես խիղճ չունեմ, իմ խիղճը Հիտլերն է: Այսօրվա մեր մի շարք պատմաբանների խիղճը Զիա Բունիաթովն է, որի անարգ սադրանքները հայ ժողովրդի ու նրա պատմության հանդեպ ես սանձարձակ ավազակություն ու աճպարարություն կհամարեի: Մուսուլմանների գլխավոր սուրբ գիրքը` Ղուրանն ի՞նչ է ասում ստի մասին: Հիշեցնեմ, եթե չգիտեք կամ մոռացել եք: Ղուրանը սուտը սարսափելի մեղք է համարում, հաստատելով, որ մարդու կյանքի ընթացքում արտահայտած ամբողջ սուտը իր հետ կլինի Դատաստանի օրը: Սակայն դա, ըստ երևույթին, Զիա Բունիաթովին ու նրա համախոհներին քիչ է մտահոգում: Վերջերս էր, նոր տարվա նախօրյակին, ծովափնյա զբոսայգում ման էի գալիս, հանդիպեցի մեր հարգարժան գրողներից մեկին՝ Աքրամ Այլիսլիին: Խոսեցինք դեսից-դենից, Զիա Բունիաթովի մասին ևս խոսք եղավ… Աքրամը համոզված է, որ նա իր մահով չի մեռնելու, սպանելու են և, ամենայն հավանակայնությամբ, սպանողն էլ մերոնք՝ ադրբեջանցիներն են լինելու: Նա իրավացի է: Աբրահամ Լինկոլնի ասած՝ կարելի է մշտապես խաբել ազգի մի մասին, որոշ ժամանակ՝ ամբողջ ազգին, սակայն ողջ ազգին մշտապես խաբել՝ անհնար է…

Միրալի մուալլիմը քիչ դադար տվեց:

– Խիղճը մարդկային խառնվածքի զարդն է, – շարունակեց նա, – հադիսեում էլ նույնն է ասվում, որ խիղճը հավատի մի մասն է: Այդպես էլ կա, ու դա չպետք է մոռանալ, չպետք է մոռանալ և այն, որ չի կարելի ծառայել սեփական ժողովրդին՝ անարդար լինելով այլ ժողովրդի նկատմամբ: Ուրիշների պատմությունը մեզ պետք չէ, մերը պետք է ունենանք, մեր սեփականը: Պրոֆեսոր Միքաիլ Ռաֆիլի կար, այդ Ռաֆիլին դեռևս 1947-ին իր հոդվածներից մեկում, որ կոչվում է «Ադրբեջանական ժողովրդի մշակույթը մինչև Նիզամի», պնդում էր, որ Հոմերոսն իր «Ոդիսականում» նկարագրելով կիկլոպներին՝ նկատի ուներ ադրբեջանցիներին: Ստացվում է, որ հասարակական կյանքի վարք ու բարքից, օրենքներից հեռու, քարանձավներում ապրող մարդակեր կիկլոպներն են մեր նախնիները: Հեռու ինչո՞ւ եմ գնում. Նախիջևանի համալսարանի ռեկտոր Հաբիբեյլին վերջերս գրել էր, որ Նոյը համաշխարհային ջրհեղեղից հետո երկար ժամանակ ապրել է Նախիջևանում և որպես սովորական բանվոր աշխատել Դուզդաղի աղի հանքերում: Նա առաջարկում է թանգարան կառուցել ի պատիվ Նոյի: Այդ նույն Հաբիբեյլին գրում է, որ Հոմերոսն ադրբեջանական «Քիթաբի Դադա Գորգուդ» էպոսի ազդեցության տակ է հորինել «Ոդիսականը», իսկ շումերա-բաբելոնական «Գիլգամեշ» էպոսը, ուր համաշխարհային գրականության պատմության մեջ առաջին անգամ մահվան ողբերգական անխուսափելիությունը հաղթահարվում է մարդու հերոսական արարքների անմահությամբ և աշխարհի՝ մինչ այժմ գտնված ամենահին գրական ստեղծագործությունն է համարվում, ըստ նրա՝ բաբելացիները ադրբեջանցիներից են գողացել, որովհետև գիլգամեշ բառն, ասում է, ադրբեջանական ծագում ունի, գյամըշ* բառից է առաջացել: Այստեղ են ասել, որ հիմար մտքեր ունենում է ամեն մեկը, միայն թե խելացին դրանք չի արտահայտում: Ավելացնեմ նաև, որ ուրիշի Աստծուն հայհոյելով՝ քոնին ուժ չես տալիս, ինչպես որ հարևանի հորը հայհոյելով՝ չես ապացուցում, թե քո հորն ավելի ես սիրում: