Выбрать главу

– Ուրիշները՝ չգիտեմ, ինքներս մեզ ներելու իրավունք չունենք… Բայիլովում, Միրալի մուալլիմ, Սերգեյ Պետրոսով անունով ղարաբաղցի մի հայ ծանոթ ունեմ, կոնդիցիոներների գործարանում ինժեներ էր, հայտնի գյուտարար, անցած տարի հեռուստատեսությամբ հաղորդում եմ տվել իր մասին, մեկ թե երկու անգամ եղել եմ տանը: Կարճ, այս իմ ծանոթի քսանամյա մինուճար աղջկան, Լոլա է անունը, տեսել եմ, ուղղակի գեղեցկուհի, մայրն էլ լատիշուհի է, քաղաքի ամենակենտրոնական մասում, Նիզամի կինոթատրոնի առջև, հոծ բազմության ներկայությամբ, խմբովին բռնաբարել, գլխիվայր կախել են ծառից ու էն էլ աղջկա մորաքրոջ զույգ որդիների աչքի առջև, որոնց նույնպես ծեծելով սպանել, կախել են մայթի ծառերից: Անարը երեկ ահավոր բաներ էր պատմում: Ասում էր, իր աչքով է տեսել, թե ինչպես հայկական եկեղեցուց ոչ հեռու, Պարապետի այգում խարույկի վրա ողջ-ողջ այրեցին մի հայ ծերունու: Ասում էր…

Սիավուշի խոսքը մնաց կիսատ: Չգիտես ինչու, Նաթիգը վերադարձավ վրդովված, սակայն, երևի, Միրալի մուալլիմից զգուշանալով, ոչինչ չասաց:

– Ի՞նչ է պատահել, – հարցրեց Սիավուշը և, հասկանալով բանի էությունը, ներկայացրեց Միրալի մուալլիմին, բացատրելով, որ նա է զանգել իրենց տուն:

– Զզվելի մի բուժքույր կա այստեղ, – արդեն առանց քաշվելու ասաց Նաթիգը: – Շրջում է միջանցքներում և բոլորին բացատրում, որ բաժանմունքում վիրավոր հայ կա պառկած: Ժողովրդական ճակատի ներկայացուցիչներն արդեն գիտեն այդ մասին: Նրանցից մեկը նույնիսկ հայտարարել է, որ եթե բուժքրոջ ասածը ճիշտ է, պետք է վերացնել նրան:

– Ես կզանգեմ ուր որ պետք է, – իրար անցավ Սիավուշը:

– Ոչ, – ընդհատեց Նաթիգը: – Ես խոսեցի բժիշկ Մամեդյարովի հետ, Յունուսը մեր լավագույն տղաներից է, կտանենք նրա մոտ: Մեր տուն կտանեի, իհարկե, բայց ինձ մոտ հայի երկու ընտանիք կա արդեն:

– Իսկ ինչո՞ւ ոչ ինձ մոտ, – մի տեսակ նեղացավ Սիավուշը: – Վերջ ի վերջո, իմ ընկերն է, ես պարտավոր եմ…

– Քեզ մոտ չի կարելի, – նորից ընդհատեց Նաթիգը: – Առավոտից իրիկուն տունդ լցված է ցնդած բանաստեղծներով, կգնան կմատնեն: Յունուսի մոտ հարմար է, գիտեմ ինչ եմ ասում:

– Բայց իմ հագին շոր չկա, – թեկուզ ցածր, բայց լսելի ասացի ես: – Նրանց մոտ են շորերս:

Նաթիգը գնաց փրկելու իմ հագուստը, սակայն ետ եկավ ընկճված տրամադրությամբ:

– Նրանց հրամայված է արյունաթաթախ շորերը չտալ, – պարզաբանեց նա: – Վախենում են, թե կարող ես տանել Մոսկվա և ներկայացնել այնտեղ որպես ջարդերի ապացույց: Զոռով հաջողվեց մի զույգ կոշիկ պոկել՝ քառասունչորս համարի:

– Ոչինչ, իմ թիկնոցը կհագնի, – ասաց Սիավուշը՝ հանելով թիկնոցը: – Վաղը ես ուրիշ հագուստ կբերեմ:

– Դուրս կգանք ետևի դռնից, – զգուշացրեց Նաթիգը: – Միջանցքով ես առջևից կգնամ, դուք մի քիչ հեռվից կգաք իմ ետևից:

Մերկ մարմնիս վրա հագնելով Սիավուշի թիկնոցը, բոբիկ ոտքերիս՝ երկու համար մեծ սառը կոշիկները, ցավերից ու կորցրած արյունից ուժասպառ՝ ես Սիավուշի հետ դուրս եկա հիվանդասենյակից, վերջին պահին դռան մոտ ետ շրջվելով ու գլխով շնորհակալություն հայտնելով Միրալի Սեիդովին, որը մագաղաթյա անառողջ դեմքով, անքնությունից՝ աչքերի տակ սև շրջանակներ, լուռ, տրտում ու միայնակ կանգնած էր իր մահճակալի մոտ: Այն երկուսը չկային: Սիավուշին թևանցուկ, համարյա նրանից կախված, դուրս եկանք միջանցք և անթիվ, անհամար մարդկանց հառաչանքների, ցավագին տնքոցների ու լացի ուղեկցությամբ դանդաղ գնացինք բժիշկ Նաթիգի ետևից:

Նա մեքենան կանգնեցրել էր ուղղակի դռանը կպցրած: Մի կիսավայրկյան իմ հայացքն ընկավ բժշկական ինստիտուտից այն կողմ, բարձրահարկ շենքերից դեն՝ համարյա ամբողջապես հայերով բնակեցված ինքնաշեն տներով Խուտորի վրա. այս ու այնտեղ ծուխ էր բարձրանում, և թանձր այդ ծուխը ծածկել էր արևը… Այդտեղ էր, մայիս ամսին, ադրբեջանական ոհմակը, վայրենի հարայ-հրոցով՝ «Կորչեն հայերը», «Մահ հայերին», երկաթաձողերով զինված, ներխուժել էր ավան, Խուտոր թաղամասի երկրորդ փողոցում նրանք լցվել էին Ալյոշա Աղաբեկյանի փոքրիկ բակը, արդեն անխնա ծեծում էին նրա պատանի որդիներին, քաշքշում կնոջն ու դեռահաս աղջիկներին, տան կտուրից, որսորդական հրացանից Ալյոշայի արձակած գնդակը գետնին տապալեց խառնակույտի գլխավորին՝ քաղաքացիական հագուստով միլիցիայի մայոր Ֆազիլ Իսմայլովին, գազազած ոհմակը կանգ առավ, ահով ետ ընկրկեց ու զարհուրած դիմեց փախուստի: Նրանք ցաքուցրիվ փախչում էին ու գորգոռում՝ «Հայերը զինված են», «Նրանք մեզ կոտորում են»: Այդպես կանխվեց արյունահեղությունը, հետագայում այլևս ոչ ոք չհամարձակվեց մտնել Խուտոր: Հետաքրքիր է, ինչպե՞ս դասավորվեց այդ Ալյոշայի կյանքը, հաջողվե՞ց նրան փրկվել արդյոք…