– Մի հավատա… – շուրթերը ծամածռելով տնազեց Արինան՝ ակնդետ նայելով ինձ:
– Հուրունցը շատ լավ արեց, որ երեկ շշպռեց նրան, – ասաց Լորաննան: – Ոնց էր կատաղել: Եփած խեցգետինի պես կարմրել էր:
– Թող իմանա, – աչքով անելով Լորաննային՝ ասացի ես, – թե ինչ է նշանակում անմեղ տեղը մարդուն վիրավորել՝ «Էդ ինչ սիրուն սև աչքեր ունես»:
– Իսկ ի՞նչ է, Արինայի աչքերը սիրո՞ւն չեն, – իբր պաշտպանում էր՝ խորամանկորեն ժպտալով ասաց Լորաննան: – Մի նայիր՝ կուզես դեմուղիղ, կուզես՝ կիսադեմից, ոնց որ Սողոմոնի երգ-երգոցից իջած՝ սև եմ ես, բայց գեղեցիկ, ով Երուսաղեմի աղջկունք. ես Սարոնի ծաղիկն եմ, հովիտների շուշանն եմ, եթե գտնեք իմ սիրեկանին, ի՞նչ եք ասելու նորան, ասացեք, թե սիրով հիվանդ եմ ես… Լեո,նայիր, մի՞թե սիրուն չեն այդ աչքերը:
– Եթե մոտ ութսուն տարեկան կնամեծար մարդը գտնում է, որ սիրուն են, – ժպտալով ասացի ես, – ուրեմն պիտի հաշվենք, թե սիրուն են:
Արինան շրխկոցով փակեց դուռը, իսկ Լորաննան մեղավոր ժպիտով աղերսաձայն ասաց.
– Լեո, խեղճ ես՝ Արինայի ձեռքին, ինձ սպանելու է: Ինչո՞ւ մատնեցիր:
Ես գիտեի Արինայի պոռթկումները, որոնք անցնում էին նույնքան արագ, ինչպես սկսվում էին:
– Մի վախենա, – ասացի, – երկու րոպեից հետո մոռանալու է:
Եվ, իրոք, չանցած մեկ րոպե, նա դուրս եկավ իր սենյակից, ձեռքին մեքենագիր մի թուղթ:
– Լսեք, էդ մարդը լրիվ ցնդել է: Եվ ո՞նց է ձեռքերը դողացնելով վերջում հավաքում թղթերը: Ասում եմ՝ Սամվել Աթանեսովիչ, նեղություն մի քաշեք ամեն օր գալ, ձեռագիրը թողեք, ես կմեքենագրեմ՝ կգաք, կտանեք, չէ, ասում է, չեմ կարող, մտքերս այստեղ կգողանան: Թաղեմ ես քո մտքերը, – սրտանց վրա բերեց Արինան: – Նայեք, մի երկու պարբերություն մեքենագրել, պահել եմ: «Քառասուներկու թվականի աշունն էր, – սկսեց կարդալ Արինան, – սեպտեմբեր, թե հոկտեմբեր ամիսը: Կինս՝ Անյան, առավոտյան ասաց, որ տերևով տոլմա է եփելու, որը ես շատ եմ սիրում: («Հուշերի մեծ մասը ուտելու կամ խմելու մասին է», – մեկնաբանեց Արինան): Ռադիոկոմիտեում էի աշխատում, աշխատանքից տուն եկա ու դեռ մուտքում զգացի եփած տոլմայի հոտը: Բարձրացա երկրորդ հարկ, կոմունալ բնակարանում էինք ապրում, նախկին Կասպիյսկայա, այժմ՝ Շմիդտի փողոցի վրա, և ի¯նչ տեսնեմ՝ զինվորական շինելով, անթացուպը թևի տակ, ձեռքի մեկը կտրած մի ջահել մարդ, երևի բանակից փախած դեզերտիր, կերոսինկայի առաջ կանգնած արագ-արագ մեր տոլման ուտում է: Վազեցի մեր սենյակը, դռան ետևում մի երկար փայտ էի պահում, վերցրի այդ փայտն ու եկա՝ տալիս եմ, ոնց եմ տալիս՝ մեջքին, գլխին, ուր պատահի, գլուխը երկու տեղից ճղվեց, արյուն է, որ հոսում է, ուզում է պաշտպանվել՝ չի կարողանում: Ո՞նց պաշտպանվի՝ ձեռքի մեկը կտրած, ոտքը կաղ՝ անթացուպը թևատակին: Աղմուկ-աղաղակ. հարևանները դուրս են թափվել և, անիրավները, փոխանակ շնորհակալ լինելու, որ գող եմ բռնել, ինձ վրա էին խոսում, անպատվում: Զանգեցի, միլիցիան եկավ տարավ: Հետո ի՞նչ եղավ այդ գողի հետ, այդպես էլ չիմացանք»:
– Այսպիսի մարդիկ մի՞թե իրավունք ունեն ապրելու, – հուզմունքից գունատված ասաց Լորաննան: – Արինա, այդ ապուշությունները ո՞նց ես մեքենագրում:
– Գերագույն խորհրդի դեպուտատ, նախագահության անդամ, հողս անխիղճ գլխիդ, – տաքացավ Արինան: – Հաստատ՝ ծալը պակասել է:
– Դա նրա կոմպլիմենտներից էլ է երևում, – լրացրի ես:
Արինան ծիծաղեց, նայեց առանց չարության, հետո հիշեց.
– Լեո, Սիլվան գալու է, գնա խոսիր էլի գործի մասին:
– Լավ, կգնամ:
Անցնելով հաշվապահություն, պայմանավորվեցի Սեիդոզաևայի հետ: Հաշվետարի տեղն ազատ էր, և Սաիդան խոստացավ անպայման աջակցել, իսկ երբ վերադարձա, Լորաննան եկավ ինձ մոտ՝ շուրթերը վառ կարմիր ներկած, թանկարժեք օծանելիքների բուրմունքով, ձեռքին ինչ-որ թղթեր:
– Լեո, գլխավորն ասաց, որ քեզ հետ միասին նայենք այս նյութը:
– Ի՞նչ նյութ է:
– Հեռուստահաղորդում է, ես եմ պատրաստել՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի հյուրախաղերի մասին Բաքվում:
– Լավ, նստիր կարդանք:
Ես նստեցի իմ տեղը, Լորաննան՝ իմ դիմաց, անփութորեն ոտքը ոտքին գցելով:
– Լեո, ի՞նչ գեղեցիկ ձեռքեր ունես, – ասաց նա:
Ես նայեցի նրան, ժպտացի.
– Եթե հաղորդումը լավը չեղավ, միևնույն է, խոտանելու եմ:
Լորաննան ծիծաղեց, ասաց.
– Եվ մատներդ նույնպես գեղեցիկ են: Ամեն անգամ հիանում ու նախանձում եմ, նայելով նրբավուն ու սիրուն մատներիդ:
– Այդքա՞նը միայն: Ուրիշ արժանիքներ չունե՞մ:
– Արժանիքներ շատ ունես:
Լորաննան նայեց ինձ իր մեղմ, բարեսիրտ հայացքով, ժպտաց.
– Բարձր, առնական, նրբակիրթ ու նրբազգաց, գեղեցիկ: Ու նաև սրտաբաց, կարեկից, ոչ ժլատ: Էլի՞ ասեմ… Լեո, երբեմն, մտածում եմ, ինչքան քիչ բան է անհրաժեշտ մարդուն՝ իրեն երջանիկ զգալու համար. ինչ որ հաճելի բառ, արտահայտություն, կամ նույնիսկ հայացք, կամ, ասենք, ժպիտ, ու կարծես միանգամից աշխարհը քեզ է պատկանում… Մոռացա արժանիքներիդ մասին. արտասովոր գեղեցիկ ու սքանչելի է և ժպիտդ, երբ հոնքերիդ տակից թեք նայում, բարեհաճ ներողամտությամբ ժպտում ես: Ինչ-որ առինքնող բան կա դրա մեջ:
– Տասնյակ կոմպլիմենտներ արա կնոջը՝ թեթևակի շնորհակալություն կհայտնի և վերջ, տղամարդուն չնչին մի հաճոյախոսությունը բավական է, որպեսզի նա ամբողջ կյանքում հիշի: