– Եթե երբևէ ինձ մոռանաս, կոմպլիմենտներս գոնե կհիշես, – ծիծաղեց Լորաննան: – Արինան գիտե՞ս ինչ էր պատմում քո մասին: Ասում է, երբ առաջին անգամ Լեոին տեսա, մի այնպիսի այրող հարված զգացի կրծքումս, որ մի րոպե թվաց, թե կանգ առավ սիրտս:
– Լավ, տուր հաղորդումը, – ասացի ես: – Ե՞ս եմ կարդում, թե դու:
– Դու: Ես ուզում եմ շարունակ լսել քո ախորժելի ձայնը… Մի բան ասեմ, Լեո, չծիծաղես, թե ինչո՞ւ է այդպես, ինքս էլ չեմ հասկանում. տասը սիրահար տղամարդ ընկնում են ոտքերդ, ու դու նրանց չես էլ նկատում, նրանք քեզ պետք չեն, քեզ անհրաժեշտ է այն մեկը, տասնմեկերորդը, որը չի էլ նայում քո կողմը: Զարմանալի է, չէ՞… Կարելի՞ է ծխել:
– Ծխիր: Բայց անջատիր օդորակիչը:
Լորաննան ամբողջ մարմնով ձգվեց, ճերմակ ազդրերը բացելով, սակայն ձեռքը չհասավ օդորակիչին, ելավ, օդորակիչն անջատեց, լուսամուտի մոտ կանգնած վառեց սիգարետը:
– Ե՞րբ են հյուրախաղերը:
– Դրանք, ճիշտն ասած, հյուրախաղային ներկայացումներ չեն, – պարզաբանեց Լորաննան: – Ընդամենը մի ներկայացում կլինի՝ Հրանտ Մաթևոսյանի «Մեծ աշխարհի մեր անկյունը», բայց ես պատմում եմ ընդհանրապես այդ թատրոնի անցած ուղու, խաղացանկի և, մասնավորապես, այդ ներկայացման մասին: Ես թատրոնն ընկալում եմ որպես հասարակական գիտակցության ձև, իբրև անձնավորման արվեստ, այսինքն բեմից հնչող բանավոր լեզվի արվեստ: Երեկ առավոտյան հյուրանոցում հանդիպեցի գլխավոր ռեժիսորին: Նրանք պատրաստի ժապավեն ունեն, այդ ժապավենը կտանք և հարցազրույց՝ ռեժիսորի և ներկայացման առաջատար դերասանների հետ: Հաղորդումն ուղիղ եթեր է տրվում, գլխավորն ուզում է, որ նրանց հետ հարցազրույցը դու վարես:
Հաղորդումը վատ չէր գրված, մի երկու աննշան դիտողություն արեցի, որին Լորաննան համաձայնեց:
– Դերասաններից ովքե՞ր են մասնակցում հաղորդմանը:
– Վիոլետա Գևորգյանը, Կիմ Երիցյանը, Վեհմիր Խաչիկյանը, Ժասմեն Մսրյանը և ինքը՝ բեմադրության ռեժիսոր Արտաշես Հովհաննիսյանը:
Ես ներքին հեռախոսով կապվեցի գլխավորի հետ:
– Վլադիմիր Գուրգենովիչ, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի մասին նյութը Լորաննայի հետ նայեցինք, վատ չէ գրված և, կարծում եմ, արժե, որ հենց ինքը՝ Լորաննան էլ վարի հաղորդումը:
Լորաննան գորովանքով նայեց ինձ, ժպտաց:
– Եթե գտնում ես, որ այդպես ավելի նպատակահարմար է, – արձագանքեց գլխավորը, – ես դեմ չեմ: Իսկ դու, Լեո ջան, եթե ազատ ես, մի րոպեով անցիր ինձ մոտ, ասելիք ունեմ:
Լորաննայի հետ միաժամանակ ելանք տեղից: Դռան մոտ, համարյա հպվելով ինձ ու պարուրելով իր բուրմունքով, նա հայացքը բարձրացրեց, շփոթ վարանանքով նայեց, մեղմաձայն ասաց.
– Լեո, ինչո՞ւ դու այդքան լավն ես:
Հանկարծակի շառագունած դեմքին մի տեսակ տարակա, գաղտնի բան հայտնվեց: Շնչում էր ծանր, խաժ աչքերում ու կիսաբաց, կտրուկ գծագրված կամակոր շրթունքների վրա հմայուն ժպիտ՝ նա նայում էր շեղակի, կկոցված աչքերով…
Գլխավորի ասելիքը Թելման Կարաբաղլի-Չալյանին էր վերաբերում, ավելի ճիշտ՝ հեռուստատեսությամբ երեկվա նրա մանկական հաղորդմանը:
– Նայե՞լ ես հաղորդումը, – հարցրեց գլխավորը:
Չէի նայել: Նա օրորեց գլուխը՝ ընդարձակ առանձնասենյակում ետ ու առաջ քայլելով:
– Կոմիտեում հրաշալի ժապավեններ կան, երկու հոգով անգործ նստած, ծուլանում են անգամ մտնել ֆիլմադարան, նայել հավաքածուն, ընտրել համապատասխան ժապավենը, լուսանկարների ֆոնի վրա մանուկների համար տաղտուկ հաղորդում են տալիս, մի՞թե կարելի է այդպես: Ոչ միայն ընդհանրապես երեխաների, մինչև մսուրային տարիքի մանուկների համար անգամ ձանձրալի են նրանց հաղորդումները, – չէր հանգստանում գլխավորը: – Խայտառակություն է, ուղղակի խայտառակություն:
– Վլադիմիր Գուրգենովիչ, – միջամտեցի ես, – անձամբ ինքս մի քանի անգամ խոսել եմ ձեզ հետ այդ թեմայով, ինչպես ասում են՝ անօգուտ, կոլեգիայում նույնպես քանիցս խոսք է եղել՝ ծույլ ու անկարողի մեկն է, ոչինչ չի ուզում անել: Եթե, իրոք, անհնարին է ուրիշ խմբագրություն տեղափոխել, եթե մենք, չգիտես ինչու, պարտավոր ենք նրան պահել մեզ մոտ՝ ապահովելով հոնորարներով, ապա իմ առաջարկությունն այսպիսին է. այլևս նրա հեղինակությամբ ոչ մի մանկական հաղորդում չտալ հեռուստատեսությամբ: Ինչ ուզում է գրի՝ հեքիաթ, մանկական պատմվածք՝ հաղորդել միայն ռադիոյով: Ուրիշ ելք ես չեմ տեսնում, չնայած ռադիոլսողներն էլ մեղք են:
– Համաձայն եմ: Առաջիկա կոլեգիայում որոշում կընդունենք: Մի հնար լիներ՝ երկուսից էլ ազատվեինք:
* * * * *
Սիլվան եկավ ընդմիջումից անմիջապես հետո:
– Ահա և Սիլվան, – ներկայացնելով նրան, ասաց Արինան:
Կրծքի վրա խոր բացվածքով շոր էր հագել: Ոչ այնքան բարձրահասակ, խոշոր այտոսկրերով, շրջազգեստի կտրվածքից երևացող փարթամ կրծքերով, պագշոտ բերանի մի անկյունում, վերին շրթունքի վրա, գնդասեղի մեծության արհեստական սև խալով, շուրթերը բալի գույնի շրթներկով հաստացրած, աչքերը տուշով եզրագծած, կոպերին՝ վառ ստվերաներկ, արտևանունքները երկար ու խնամքով կորացրած. երևում էր, ահագին ջանք էր թափել տպավորություն գործելու համար: