– Բերե՞լ եք փաստաթղթերը:
– Այո, – դուր գալու բնազդային զգացումով ակնապիշ նայելով ինձ՝ նա ժպտաց, պայուսակից հանդիսավորությամբ, դանդաղ հանեց դրանք՝ անձնագիր, աշխատանքային գրքույկ, դիպլոմ, և դրեց իմ սեղանին:
– Գնանք, – վերցնելով փաստաթղթերը՝ ասացի ես:
– Ես սպասե՞մ այստեղ, – չգիտես ինչու շփոթված ու մի տեսակ ընկճված տոնով հարցրեց Արինան ու ինքն էլ պատասխանեց, – չէ, ավելի լավ է գնամ, մեքենագրելու բան ունեմ: Սիլվա, կգաս ինձ մոտ:
Մենք քայլեցինք մարդաշատ երկար միջանցքով, վերելակի մոտ աստիճաններով իջանք չորրորդ հարկ, հետո՝ ձախ, անցանք վառ լուսավորված, երկու կողմում անվերջանալի դռներով, ընդարձակ միջանցքով, միջանցքի վերջում՝ նորից ձախ, փակ դռների ցուցանակներին նայելով հասանք սևատառ ցուցանակին՝ «Հաշվապահություն»: Ես բացեցի դուռը՝ առաջ թողնելով Սիլվային: Նախասենյակից երևում էին հաշվապահության երեք սենյակները: Սեիդոզաևայի առանձնասենյակում՝ սեղանին թափած զանազան թղթերով, հաստ թղթապանակների կույտերով, համակարգիչով՝ էկրանին թրթռացող գունավոր գծերով, ոչ-ոք չկար:
– Հիմա կգա, – կողքի սենյակից ծամոնը բերանում, վիզը երկարած՝ էրոտիկ դնչիկին արեգակնային ժպիտ, ասաց Ալվինա Օսիպովան, աչքերով չարաճճիորեն հարցնելով՝ էդ ո՞վ է:
Մենք կրկին դուրս եկանք աղմկոտ միջանցք՝ սպասելով գլխավոր հաշվապահին:
Փորձադահլիճներից երգ ու նվագի պատառիկներ էին հասնում: Ինչ-որ տեղ, հաստ պատերից այն կողմ, խուլ ու տաք ղողանջում էր մանկական երգչախումբը. «Ջյու-ջյու, ջյուջյալյարիմ, մյանիմ գյաշյանգ ջյուջյալյարիմ, ջյու-ջյու-ջյու, ջյուջյալյարիմ…»: Հետո միանգամից քաղցրածոր կլկլացրեց Բաբա Միրզոևը. «Աման Թելլո¯, Թելլո ջան, Թելլո¯…»:
– Ողջույն, ծերուկ: – Սիավուշն էր՝ ռուսական հեռուստահաղորդումների խմբագրությունից:
Սիավուշի ձայնի վրա ետ շրջվեցի:
– Բարև, Սիավուշ, – ուրախ ողջունեցի, – որտե՞ղ ես, երկու շաբաթ է, չեմ տեսնում քեզ:
– Գրողների միություն եմ փոխադրվել, – պատասխնեց նա՝ թռուցիկ մի հայացք ձգելով Սիլվայի վրա ու գլխով բարևելով նրան:
– Ինչո՞ւ, – վշտացա ես: – Մի՞թե այստեղ վատ էր:
– Այնտեղ ավելի ազատ եմ: Գրողների միությունում աշխատանքը սկսվում է ժամը տասին, ավարտվում՝ չորսին: Ընդամենը վեց ժամ՝ ընդմիջման հետ միասին: Շաբաթվա մի օրն էլ՝ ստեղծագործական օր: Գրելու հնարավորություններն ավելի շատ են: Գրողների միության նախագահի խորհրդական՝ թեթև գործ: Լսիր, ծերուկ, – ցուցամատով ակնոցն ուղղելով ավելացրեց Սիավուշը: – Մի չորս հարյուր ռուբլի փող ունեմ ստանալու՝ սցենարի դիմաց, երկու անգամ է գալիս եմ, ասում են՝ փող չկա: Խոսիր Սաիդայի հետ, նա քեզ սիրում է, չի մերժի:
– Կխոսեմ:
– Հարյուրը խմում ենք, երեք հարյուրը տալիս եմ տուն: Դու գիտես, Սիավուշն իր խոսքի տերն է:
Նա մեկ-մեկ իր մասին երրորդ դեմքով էր խոսում:
– Ասացի՝ կխոսեմ: Ես էլ եմ նրան սպասում: Երեկոյան զանգիր:
– Էհ, դու տանը նստո՞ւմ ես որ, – բազմանշանակ նայելով՝ ասաց Սիավուշը, ծիծաղեց, իբր, տեսնում եմ՝ ինչով ես զբաղված:
– Այդ ո՞վ էր, – նրա գնալուց հետո հարցրեց Սիլվան:
– Սիավուշ Մամեդզադեն է: Բանաստեղծ է, համաշխարհային գրականության ինստիտուտն է ավարտել Մոսկվայում: Սքանչելի տղա է: Նմանը չկա:
– Դեմքը շատ դուրեկան ու ծանոթ է:
– Հեռուստատեսությամբ եք տեսել: Գրական հաղորդումներ է վարում:
– Երևի… Արինան ձեր մասին ինձ շատ է պատմել, – անսպասելի ասաց Սիլվան և, աչքերը բարձրացնելով, դարձյալ ակնապիշ նայեց:
Դադար:
– Գիտե՞ք, նա կարող է ժամերով խոսել ձեր մասին:
Նորից դադար:
– Ես հիմա եմ հասկանում նրան, – կրկին խոսեց նա և հանկարծակի ավելացրեց, – իսկ ես գլուխս չե՞մ կորցնի այստեղ:
– Ի՞նչ իմաստով, – չհասկացա ես:
Սիլվան փռթկաց, կկոցեց աչքերը՝ լիաշուրթ շառագույն բերանն այս ու այն կողմ տանելով.
– Այն իմաստով, ինչ իմաստով գեղեցիկ կինը կարող է գլուխը կորցնել գեղեցիկ տղամարդկանց շրջապատւմ:
– Կարող եք չանհանգստանալ, – ասացի ես քմծիծաղով: – Հաշվապահությունում բոլորը կանայք են:
– Այդ լավ է, – թեթև հոգոցով արտասանեց Սիլվան: – Թե չէ, գիտե՞ք, ամուսինս աներևակայելի խանդոտ է:
Նա պարզամիտ անպատկառությամբ սիրասուն կին էր խաղում. ես այդ հասկանում էի, բայց լռեցի, որովհետև դա բոլորովին ինձ չէր վերաբերում:
– Գիտե՞ք ինչ, – շրթունքները կիսաբաց ու հնազանդ հայացքով տակնիվեր նայելով՝ շարունակեց Սիլվան, – եթե հազար մարդ քո մասին լավ խոսի ու միայն մեկը՝ վատ, հենց այդ մեկին էլ մարդիկ կհավատան և կուրախանան: Էհ, երևելի մարդկանց ու գեղեցիկ կանանց շուրջը բամբասանքներ միշտ էլ լինում են:
Կադրերի բաժնի դուռը բացվեց, այնտեղից շորորալով դուրս եկավ Սեիդոզաևան:
– Սաիդա, ձեզ ենք սպասում, – ասացի ես:
Նրա բերանում ևս ծամոն կար, շրթունքները փակ, ծամելուն հանգույն՝ ծնոտներն ալարկոտ շարժելով, մոտենում էր:
– Էս աղջի՞կն է, – հավասարվելով մեզ՝ հայերեն հարցրեց նա:
Սաիդայի մայրը հայուհի էր, և նա ազատ խոսում էր հայերեն:
– Այո, այն նույն աղջիկն է, ում մասին ձեզ ասել եմ, այսպես ասած, քաղաքացուհի Դարբինյանը, ահա փաստաթղթերը: