Выбрать главу

– Այ մարդ, – սաստեց մայրս, – մի կարգին բանից խոսիր, մի կարգին կենաց ասա:

– Դե լավ, խմենք ընկեր Ստալինի կենացը:

Ես գրկեցի հորս ուսերը, համբուրեցի այտը: Ինձ համար բերկրալի էր լսել նրան, թեպետ այդ պատմություններին ծանոթ էի, շատ անգամ էր պատմել:

– Ստալինի հայադավ տիրումերը, – բաժակը վերցնելով ասաց նա, – ծնողի կենացը առաջինը պիտի խմել, այլ ոչ թե՝ քանի չենք մոռացել, խմենք իմ ծնողների կենացը, իմ հերս ոնց որ սուրբ Քրիստոս, մերս՝ Մարիամ Աստվածածին, նրանց կենացը, կնիկ ջան, Աստված հոգին լուսավորի քո ծնողաց, մեր երկու աղջիկների կենացը, նրանք էլ ծնողներ են արդեն, փառք աստծու, մեր բերանից կտրել՝ երկուսին էլ բարձրագույն կրթություն ենք տվել: Ծառն իր պտուղներով է քաղցր ու բարի, մարդն՝ իր երեխոցով, լավ երեխան գարունքվա ծաղիկն է, աշունքվա՝ պտուղը, որ և՛ աչք է ուրախացնում, և՛ սիրտ հովացնում: Նրանց ու նրանց հետ նաև մեր կենացը, որովհետև մենք էլ ենք մտնում ծնողների կենացի մեջ: Լեո ջան, խմիր, մատտաղ, Հուրունցի ասած՝ դու էլ ամուսնացիր, որ իմանաս՝ ծնողն ինչ բան է: Աշխարհիս ամենալավ բանը գիտե՞ս ինչն է՝ երբ հեր ու զավակ իրար հետ նստած ուրախ սրտով քեֆ են անում:

Խմեցինք, հայրս երկար նայում էր շշին, հետո շրջվեց մորս կողմը, ասաց.

– Երևակայիր, ճիշտ էիր ասում, էս կոնյակի մեջ, մանուշակի հոտ՝ չէ, բայց ուրիշ ինչ-որ լավ բանի հոտ կա:

Մայրս ծիծաղեց, գնաց խոհանոց:

– Ով գիտի, – նորից խոսեց հայրս, – գուցե քույրերիս փեզո բերած չլինեին ու ես էլ եկած չլինեի նրանց մոտ՝ իմ կյանքն ուրիշ ձևով դասավորվեր, չորրորդ դասարանից սկսած թղթակցություններ էի տպագրում թերթերում: Մի անգամ «Պիոներ կանչ» թերթին գրեցի, որ ուզում եմ հերոս դառնալ, բայց չգիտեմ խաղաղ պայմաններում ինչպե՞ս հերոս դառնալ: Նամակս տպագրեցին թերթում, չորս-հինգ ամիս շարունակ պատասխաններ էին տպագրվում, տասնյակ մարդիկ՝ մեծ թե փոքր, թերթի միջոցով դիմում էին ինձ, խորհուրդներ տալիս: Վիկտոր Համբարձումյանն էլ պատասխանեց: «Պիոներ կանչը» ինձնից ոտանավորներ էլ տպագրեց: «Սովետական Ղարաբաղը» նույնպես տպագրեց: Մեր հարևան Կոճողոտ գյուղից մի տղա կար՝ Ջամալ Թադևոսյան, նա էլ էր ինձ նման դպրոցական, նրա հետ միասին մասնակցեցինք Ադրբեջանի պատանի թղթակիցների չորրորդ համագումարին: Պատկերացնո՞ւմ ես՝ հինգերորդ դասարանի աշակերտ և՝ հանրապետական համագումարի պատգամավոր: Գնացինք «Գրական Ադրբեջան» հանդեսի խմբագրություն, Խագանի փողոցի վրա, 26-ի այգու դիմաց: Բաժնի վարիչ Ոստիկ Կարակոզյանը սեղանի ետևը նստած գրեչկա էր ուտում: Ուղիղ մի ժամ սպասեցինք, և նա այդքան ժամանակ, գլուխը սեղանի վրա կախած, ուտում էր: Հետո կարդաց մեր ոտանավորները, գովեց, ասաց, որ առաջիկա համարում կտպագրվեն: Մեր նկարներն ուզեց: Ուրախացած գնացինք նկարվեցինք, հաջորդ օրը տարանք, էլի գրեչկա էր ուտում: Նկարները վերցրեց, մի տարի սպասեցինք, բայց այդպես էլ չտպագրվեցին մեր ոտանավորները: Երկու պատմվածք ուղարկեցի, տպագրեցին: Բայց դա հետո էր, ես իններորդ դասարանում էի արդեն: Գրող Մարգար Դավթյանն ինձ ընդարձակ նամակ գրեց: Խմբագրություններից շատ նամակներ եմ ստացել…

Ես տեսել եմ այդ նամակները՝ ծրարներին թերթերի տպագիր անվանումները, հետադարձ հասցեները՝ նույնպես տպագիր: Տատս իր հին սնդուկում խնամքով պահում էր դրանք:

– Մեծ մաման պահում է նամակներդ, – ասացի ես: – Սնդուկի մեջ դարսած պահում է:

Հայրս նայեց ինձ, աչքերը վայրկենապես լցվեցին, բայց նա զսպեց իրեն:

– Ծնողից քաղցր բան չկա երկրիս երեսին, – ի վերջո ասաց նա դողդոջ ձայնով: – Աշխարհում ոչ ոք չի կարող փոխարինել նրանց: Ոչ ոք… Ես պարտք մնացի ծնողներիս, ինչ սիրտս ուզում էր, չկարողացա անել, ուժս չպատեց… Ո՛չ ես, ո՛չ էլ փոքր եղբայրս քաղաք չպիտի գայինք. նրանց անտեր թողեցինք: Հիշում եմ, փոքր եղբայրս առաջին անգամ եկել էր Սումգայիթ, բարաքում էինք ապրում, գազ դեռ չկար, գնացինք խողովակագլանման գործարանի մոտից վառարանի փայտ բերելու: Երկաթգծերի երկու կողմերին գերանների բլուրները փտում էին բաց երկնքի տակ, բոլորը տանում էին՝ խոսող չկար: Նստեց մի կոճղի ու լաց եղավ: «Պապային թողել ենք մենակ, եկել», – լացի միջից ասաց նա: Բայց հետո փոխվեց, քաղաքը մարդուն փոխում է, կոպտացնում, դարձնոմ չոր, անսիրտ, անտարբեր: Ճիշտ էր ախպերս, մենակ թողեցինք ծնողներիս: Աններելի է, ութ երեխա մեծացնես ու այսօրվա օրը մենակ ապրես: Բա դա ասելու բա՞ն է: Նրանց քաշած օրերը, որ միտս են գալիս՝ սիրտս դաղ-դաղ է լինում: Մեծ տղան կամավոր գնաց ռազմաճակատ ու անհետ կորավ:

Ես նայեցի հորս, նրա եղբայրը ռազմաճակատում անհետ չէր կորել, բայց ես նրան չէի կարող այդ մասին ասել, իրավունք չունեի:

– Ինչո՞ւ մի տեսակ նայեցիր, մատտաղ, – տարակուսած հարցրեց հայրս:

– Չէ, մի տեսակ չեմ նայում, – շփոթվեցի ես: – Պատմիր:

– Հա, – շարունակեց հայրս, – մի տղան էլ՝ Արկադի անունով, ես նրան չեմ տեսել, բայց մայրս ասում էր, որ շատ սիրուն, խելոք երեխա էր, առաջին դասարան էր գնում, հանկարծակի վատ էր զգացել, գյուղում բժիշկ չկար, տարել են Վերին Հոռաթաղ, թե Հաթերք, հիմա չեմ հիշում, ճանապարհին մահացել է: Զաբելա քույրս էլ ծննդաբերության վրա մահացավ, քնով էր անցել ու մնացել քնած: Էլի՝ բժիշկ ու հիվանդանոցի պակասությունից: Չորս երեխան՝ Մելսիկը, Վիլենը, Վլադիկը, Կարինան, մնացին անտեր ու անտիրական: Մի երեխան էլ, տղա երեխա, որի ծննդաբերության ժամանակ քույրս մահացել էր, հանձնեցին Շուշի՝ մանկատուն, ո՞վ որդեգրեց, ի՞նչ եղավ, այդպես էլ չիմացանք մինչև օրս… Է¯, ի՞նչ կյանք էր, որ քաշում էր քույրս, սրա-նրա գոմում՝ մեկ Խոր Ձորում, մեկ՝ Թխկոտ, մեկ՝ Փերին Գոմեր, սոված, անշոր, մարդն էլ՝ մեր փեսա Ոսկանը, քիթը մրոտ աման էր կլայեկում՝ դիմացը մի կիլո լոբի կամ կարտոֆիլ ստանալու համար, ու պատահում էր՝ էն էլ չէր ստանում: Քառասունինը թվին մեր բարեկամ Բախշին ընտանիքով Սիբիր աքսորվեց, Ալթայի երկրամաս, կռվում գերի էր եղել, տունն ազատվեց, տուն էլ ասում եմ՝ գետնին կպած նամահոտ մի ծակուռ, քույրս սկսեց էդտեղ ապրել: – Հայրս ծանր հոգոց հանեց, ասաց, – ես փոքր երեխա էի, ութ-ինը տարեկան, հիշում եմ, թե ինչպես նրան տարան, ամռան արևոտ օր էր, կանգնած նայում էինք, «ստուդեբեկկեր» ծանր մեքենաները նույն ժամին դուրս եկան տարբեր թաղամասերից, դանդաղ, ոնց որ հուղարկավորության ժամանակ, մոտեցան կոլտնտեսության գրասենյակին, առանց կանգ առնելու իրար ետևից անցան: Մեր Բախշին էր՝ ընտանիքով ու պառավ մոր հետ, Աթալամունց մեր Սարգիսը, Բալաբեկը՝ սաղ ընտանիքով, Վաղարշակ դային, Կոլյա դային: Մեքենաների թափքերի երկու կողմերին կարմիր բանակայիններ էին կանգնած… Մարդիկ էդ ի¯նչ օրեր են քաշել, քարը չի դիմանա, բայց մարդը դիմանում է… Էդ ամբողջը տեսած տանջահար հայրս ասում էր՝ մարդուն երկու ականջ է տրված ու մի բերան՝ որ շատ լսի ու քիչ խոսի: Ճիշտ էր ասում: