– Ես տեսել եմ, – ասացի ես, – Ղըրմա աղբյուրի մոտ, ծառերի վրա մինչև հիմա էլ սպիացած մնում են այդ անունները:
– Տես է, – հիացավ հայրս մի տեսակ ներողամիտ ու զարմանքով: – Հետաքրքիր է, ինչքան ժամանակ է անցել, ինչքան լավ ու վատ օրեր են եղել, ինչքան ջրեր են հոսել, իսկ այդ ծառերը տարիներ ի վեր, գիշեր թե ցերեկ, ամառ թե ձմեռ, անձրև թե թուխպ, հարազատ մոր նման կանգնած՝ քեզ են սպասում: Էդ ծառերն իրենց սրտում պահում են մեր անունները, մենք էլ էդ ծառերի պատկերն ենք պահում մեր սրտերում, մեր հիշողության մեջ, կարոտում ենք… Մարդ չպիտի կտրվի իր հողից, իր հորական տնից, իր հայրենի սար ու ձորից, աղբյուրներից ու կածաններից: Որովհետև քանի դեռ ոտքիդ տակ հայրենի հող ունես, երջանիկ ես, առանց դրա երջանկություն չկա: Որտեղ ծնվել, մեծացել ես, էնտեղ էլ պիտի ապրես, որպեսզի քո հայրենի սար ու ձորի, աղբյուրների հանդեպ ունեցած կարոտի մրմուռից շարունակ հալումաշ չլինես: Բա, Կըղնախաչի մեր սարերը, մեր հանդերը, անտառները… Դա մոռանալ չի լինի, հնարավոր չի դա մոռանալ… Հայոց վիշտը անհուն մի ծով, խավար մի ծով ահագին, էն սև ծովում տառապելով լող է տալիս իմ հոգին: Բա¯, էդպես է, մատտաղ…
– Իսկ ինչո՞ւ թողեցիր գրելը, – հարցրի ես, հասկանալով, որ այդ միտքը տարիներ շարունակ կեղեքում է նրա հոգին:
– Գրող դառնալու համար շատ բան է պետք, մատտաղ, – ասաց նա ափսոսանքի ժպիտով: – Գրող կարող է լինել նա, ով կարևոր, հետաքրքրական բան ունի ասելու, ով էնպիսի բաներ է տեսնում ու զգում, ինչն ուրիշները չեն տեսնում ու չեն զգում: Կենսական դիտողությունների մեծ պաշար է պետք և բարձր կուլտուրա, իսկ դա կրթությամբ է ձեռք բերվում միայն, իսկ ես ի՞նչ կրթություն ունեի՝ միջնակարգ, թեկուզ և բարձր գնահատականներով: Իմ ծնողներն ինձ կրթության չտվեցին, ես չգնացի սովորելու, որովհետև իմ ետևից ոչ ոք ոչ մի կոպեկ չէր ուղարկելու: Թվաբանության մեր դասատու Առստամյան Լենան պահանջել էր, որ քառակուսի տետր բերեմ, չկար, հայրս վերցրեց ինձ, գնացինք հարևան Մեհմանա գյուղը, կապարի հանքեր կային էնտեղ, բանվորները ռոճիկ էին ստանում, մի այծ էինք կապած տարել, հայրս ուզում էր միսը վաճառել բանվորներին, ստացված փողով և՛ էդ այծի հարկը մարեր պետությանը, և՛ ինձ համար տետր առներ: Ընդամենը տասը ռուբլի գումար ստացվեց, դա էլ բերեց ֆինբաժնի պարտքը տալու, չկարողացավ տետր առնել, փողը չհերիքեց: Խռովել էի, ինքը ճանապարհով էր գալիս, ես ճանապարհի տակով, ծմակի միջով: Լաց լինելով մինչև գյուղ եկա: Վեցերորդ դասարանում մի շատ լավ ընկեր ունեի՝ Էյլեր Յուզբաշյան, նրանց ընտանիքը փոխադրվեց Հայաստան, Էջմիածին, ամառը եկել էր գյուղ: Հանդից եկա, մայրս ասաց՝ Էյլերը մի քանի անգամ եկել է, ուզում է քեզ տեսնի: Այգու միջից տեսա՝ խանութի առջև, տղաների հետ կանգնած զրուցում են, ռեզինի տրեխներով, շորերս լրիվ կարկատած՝ ամաչեցի գնալ մոտը: Էդ վիճակում՝ ես ո՞նց պիտի գնայի սովորելու: Եկա Սումգայիթ, քրոջս մոտ, դարձա քարտաշ: Դրանք են իմ ստեղծագործությունները, – դառնությամբ ասաց հայրս, – կողք-կողքի կանգնած էդ սիրուն շենքերը: