– Այ մարդ, – ասաց մայրս, – դու էլ ես մեղք, էս երեխան էլ է մեղք, ի՞նչ ես հոգիդ տակնուվրա անում:
– Դե ինչ եմ ասում որ, – խեղճացած արդարացավ հայրս, – թեյ բեր, թեյ խմենք: Վաղը գնամ Աբբասին կանչեմ: Երկու անգամ պատահել ենք, ասում է, որ Լեոն գա, կանչիր տեսնեմ, վաղուց չեմ տեսել:
– Ինձ էլ է ասել, – լրացրեց մայրս, – էն անցյալ օրը տրոլեյբուսը կանգնեցրեց, իջավ: Ժողովուրդը՝ տրոլեյբուսը լցված, կանգնած խոսում է:
– Լավ մարդ է, – հպարտացավ հայրս, – ընկերոջ համար հոգի կտա: Ինքը գեշ-մեշ, բայց սիրտը ոսկի, բյուրեղյա մաքրության տեր, մոտ քսանհինգ տարվա ընկերներ ենք: Ասում են՝ մի գյուղում մի պառավ մարդ է մեռնում: Դե ով է մեռնել ուզում, որ նա ուզենա, Աստծուն խնդրում է, որ հնար տա՝ մի քիչ էլ ապրի: Աստված ասում է՝ լավ, ինչքա՞ն ես ուզում: Հրեն, ասում է, էն ծառի վրա ինչքան տերև կա՝ էդքան: Չէ, ասում է Աստված, էդ շատ է: Պառավ մարդն ասում է՝ էս խնձորենու վրա ինչքան խնձոր կա՝ էդքան: Աստված նայում է ծառին, ասում՝ չէ, էդ էլ է շատ: Դե որ էդպես է, ասում է էս մարդը, էնքան՝ ինչքան որ ընկերներ ունեմ: Աստված դրան համաձայնվում է: Եվ, պատկերացնում եք, էդ պառավ մարդը մինչև էսօր էլ ապրում է, որովետև, պարզվում է, որ նրա ընկերներն ավելի շատ են, քան տերևները ծառին ու խնձորները՝ խնձորենու վրա… Էդպես է, մատտաղ, լավ ընկերոջից լավ բան չկա: Միասին խողովակագլանման գործարանում բեռնակիր ենք եղել, «Փոստային արկղ-240» քիմիական գործարանում ենք աշխատել, հետո ես գնացի քարտաշության, ինքը գնաց տրոլեյբուս քշելու կուրսերի: Քսան տարի կլինի տրոլեյբուս է քշում: Ինչ լավ ու վատ բան է եղել՝ մեզ մոտ, կամ իրենց տանը՝ միշտ միասին ենք եղել, միշտ անբաժան: Առաջ, դու դա գիտես, մոտիկ էր ապրում, կողքի Ջորաթ գյուղում, հետո քաղաքը մեծացավ, Ջորաթ-բան քանդեցին, իններորդ միկրոշրջանում բնակարան տվին: Բայց ինքն այգու, հողի սովոր մարդ, հողամասում է մնում, մի քանի ոչխար ունի, մեջը մի լավ ղոչ կա՝ սև ղոչ է, դմակով, քեզ համար է պահում, ասում է՝ Լեոն գա, ոտի տակը մորթելու եմ («Ռենայի հետ կգամ», – մտածեցի): Քեզ շատ է հավան:
Մյուս օրը, երեկոյան կողմ, քեռի Աբբասը եկավ: Մեծահասակ մարդ է, բայց երեխայի պես ամաչկոտ: Իրեն տղա եմ սազում, բայց ինձնից էլ է ամաչում, խոսելիս շփոթվում է, կարմրում: Երբ դուրս էի եկել ճանապարհելու, ամոթխած ժպտալով հարցրեց.
– Աչքադրած աղջի՞կ չունես:
– Կա մեկը, – ասացի ես:
– Հա՞: Բա հերդ չասաց:
– Նա չգիտի: Չեմ ասել:
– Է, ե՞րբ ես բերելու՝ տեսնենք: Քեզ համար մի ղոչ եմ պահում: Բեր տեսնենք, ծանոթանանք, մահանա է, ղոչն էլ կմորթենք, տնով-տեղով քեֆ կանենք: Ի՞նչ աղջիկ է, լա՞վն է:
– Ադրբեջանուհի է: Բժշկական ինստիտուտում է սովորում:
– Համաձա՞յն են ծնողները, – թերահավատ նայեց: – Մերոնք մի քիչ դժկամ են նայում էդ հարցերին: Իրենք հայուհիների հետ ամուսնանում են, բայց աղջիկ՝ դժվարությամբ են հայի տալիս: Ոչինչ, – ժպտաց, – մի բան կանենք:
– Ի՞նչ:
– Մի մտածիր, – քեռի Աբբասը սրտալի ծիծաղեց, գրկեց ինձ: – Կամ կփախցնենք, կամ կգնանք խնամախոսության, կասեմ՝ տղաս է:
* * * * *
Ես տուն չմտա, ավտոկայանից ուղիղ գնացի խմբագրություն, չնայած դեռ շուտ էր, հազիվ թե աշխատակիցներից որևէ մեկը եկած լիներ: Բայց Արինան տեղում էր, երևի, նոր էր եկել, ընդհանուր բաժնում, պատին ամրացրած հայելու առջև կանգնած, շուրթերը ծռմռած՝ ներկում էր ու արանքում դնդնում. «Քելե, լաո, քելե էրթանք մըր էրգիր»:
– Բարև, ինչո՞ւ ես այդպես շուտ եկել:
– Վա¯յ, վախեցա, – հայելուց կտրուկ ետ քաշվելով՝ հուզված ասաց Արինան, ձեռքերը տանելով կրծքին: – Սիրտս թռավ երկինք:
– Շտապ օգնություն կանչե՞մ:
– Կանչե՞մ… – բերանը թեք տնազեց նա, – կանչիր: Իսկ դո՞ւ ինչու էս այդքան շուտ եկել: Կարո՞ղ է Սիլվայի տպավորության տակ՝ չես քնել:
– Կարող է: Չի գալո՞ւ այսօր:
– Ոչ: Ամուսինը չի թողնում: – Արինան, ինչ-որ բան հիշելով, արագ բաց արեց սենյակի դուռը, սեղանի արկղից հանեց Արմենի՝ ինձ ծանոթ սևակազմ ծոցատետրը, սկսեց թերթել: – Ահա, – մոտենալով ինձ, ասաց նա, – նայիր, Լեո, այդ Արմենը խաբեբայի մեկն է: Նա բանտում նստած է եղել:
– Չի կարող պատահել:
– Քեզ բան եմ ասում, – իր ասածի արժեքն իմացող մարդու ինքնավստահությամբ պարզաբանեց Արինան: – Լրիվ ուսումնասիրել եմ տետրը, կետ առ կետ ստուգել, ծածկագրերով է գրած, ճիշտ է, բայց ես կարդացի: Վեց ամիս, յուրաքանչյուր օրը՝ սև քառակուսու մեջ, նշված են քրեական օրենսգրքի երկու հոդվածներ՝ 163 և 159: Մեկը գողության հոդված է, այսինքն՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն, մյուսը՝ խարդախության, որն իր հերթին նշանակում է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով դարձյալ ուրիշի գույքի հափշտակություն: Տողեր՝ «Մագադանում ձյուն է գալիս» գողական երգից, ինչ-որ աղջկա անուն՝ Շողիկ: Հետադարձ տառերով է գրված, դա միայն հայելու միջոցով կարելի է կարդալ. «Մի լա, աչքիս լույս, մի լա, օր է՝ կանցնի, մի լա, ով որ փակել է այս դուռը, մի օր կբանա՝ մի լա»: Մի ուրիշ տեղ էլ. «Բանտը մի աշխարհ է, աշխարհն էլ՝ մի մեծ բանտ»: Իսկ այս մե՞կը. «Գնացքը գամված է ռելսերին՝ նա էլ է բանտված ինձ նման»: Ի՞նչ կասես: Եվ ամենագլխավորը. սա, երևի, այդ Շողիկին է վերաբերում՝