Գիտեմ սիրելիս:
Կարոտել ես ինձ,
Բայց չեմ կարող գալ…
Բանտը շատ է պինդ,
Դուռը խիստ է փակ,
Չեմ կարող բանալ…
– Սրա՞ն ինչ կասես:
– Իսկ… ինչպե՞ս է որ ազատ են արձակել:
– Քրեական օրենսդրությամբ նման բան թույլատրվում է: Առաջին անգամ ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա աջակցել է հանցագործությունը բացահայտելուն կամ հաշտվել է տուժողի հետ և հատուցել կամ այլ կերպ հարթել պատճառած վնասը կամ, ասենք, եթե պարզվի որ իրադրության փոփոխման հետևանքով այդ անձը կամ նրա կատարած արարքն այլևս վտանգավոր չէ հանրության համար:
– Հիմա նոր հավատում եմ, որ իսկապես ոսկե մեդալով ես ինստիտուտն ավարտել, – ծիծաղեցի ես, – քեզ քրեական հետախուզությունում է հարկավոր աշխատել:
– Այնպես որ, – հաղթական տեսքով ասաց Արինան, – նա խաբեբայի մեկն է: Ես դա ապացուցել եմ: Իսկ ի¯նչ բանաստեղծություն էր նվիրել մեզ, Սիլվան էլ այստեղ էր: Սպասիր, բերեմ: – Արինան մտավ իր սենյակը, շտապկոտ քաշքշելով դարակները, մեքենագիր մի թուղթ հանեց: – Մեքենագրել եմ, լսիր.
Արինան աշխույժ է, կրակոտ ու տաք,
Ասես թխադեմ հնդկուհի է նա:
Նա բարձրացրեց աչքերը, բերանը կիսաբաց՝ նազանքով նայեց ինձ, շարունակեց.
Լորաննան վարդ է ու ձյուն սպիտակ,
Խաժագույն ու մեծ աչքեր ունի նա,
Սիլվան մարմնեղ է, կիրք է բովանդակ,
Գեղեցիկ է նա, ցանկալի մի սեր,
Շարժումներն են լոկ դանդաղ ու կամկար,
Ծնվել է կարծես անկողնու համար:
Միջանցքում լսվեց Լորաննայի ձայնը, ինչ-որ մեկի հետ խոսում էր, լսվեց նրա անբռնազբոս ծիծաղը:
– Դուք կարո՞ղ է այստեղ եք գիշերել,– ներս մտնելով՝ զվարթաձայն ասաց նա հմայիչ ժպիտով:
– Այո, – արագորեն վրա բերեց Արինան: – Այդպես էլ կա:
– Անխիղճներ, իսկ ինչո՞ւ ինձ չեք ասել: – Նա փութկոտ կարգի էր բերում իրեն հայելու առջև, մանրակրկիտ զննման ենթարկելով դեմքն ու սանրվածքը: – Կա տարիք, երբ կինը պետք է գեղեցիկ լինի, որպեսզի լինի սիրելի: Բայց գալիս ժամանակ, երբ նա պետք է սիրելի լինի, որպեսզի մնա գեղեցիկ… Տարիքս կարծես սարի եղնիկ է, փախչում է ինձնից, իսկ, ա¯խ, այն երբ էր, որ ե¯ս էի վազում՝ նրան հասնելու…
– Երրորդն ավելորդ է, – քիչ ուշացումով ժպտադեմ խայթեց Արինան:
– Ե՞ս եմ այդ երրորդը, – ծիծաղեց Լորաննան՝ հայելու մեջ ինձ աչքով անելով: – Լեո, – ետ շրջվելով ասաց նա նույն հմայիչ ժպիտով,– մի լավ անեկդոտ՝ ամուսինս է պատմել. հեռու Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի մեկնած ամուսինը լուր է ստանում, որ կինն ուրիշի հետ է: Կատաղած հեռագրում է կնոջը. «Եթե եկա և ճիշտ դուրս եկավ՝ գլուխդ կացնով կտրելու եմ»: Տեղը տեղ չի տալիս, գնացք է նստում, գալիս: Տուն է հասնում ուշ երեկոյան, լուսամուտից նայում է՝ կինն ուրիշ տղամարդու գրկում: Նայում է ու զարմացած մտածում. «Կարո՞ղ է հեռագիրս չի ստացել»:
Սրամիտ էր, ծիծաղեցինք:
– Բոջիկյանի հետ էի խոսում, երեկ նախկինը զանգել է նրան, – նստելով տեղը ասաց Լորաննան: – Խիստ նեղացած է մեզնից, ասում է՝ ինձ չեն պաշտպանել Հուրունցի հարձակումներից: Նորա Բաղդասարյանին էլ է զանգել, բողոքել: Նորան ասում է՝ ճիշտ չեք արել, երեսունինը թվից կուսակցական է, հայտնի բանաստեղծ ու դեպուտատ, պիտի պաշտպանեիք: Մեկն ասի՝ քո ի՞նչ գործն է, Նորա, մեծ կնիկ ես, քեզ օրորելով ու աչքերդ ճպճպացնելով ի՞նչ ես ամեն ինչի խառնվում:
– Ի¯նչ կլիներ՝ խռովեր ու էդ ցնդած հուշերը չբերեր մեքենագրելու, – երազեց Արինան: – Հուշեր՝ ուտելու, խմելու, մեռնելու մասին:
– Լսիր, – ասաց Լորաննան, – բնաբան պե՞տք չի նրա գրքին: Մի լավ բնաբան մտածենք՝ ուտելու, խմելու և, ի՞նչ ասացիր, հա՛, նաև մեռնելու մասին: – Նա թղթի վրա հապճեպ մի քառատող գրեց, հետո որոշ բառեր փոխեց և մեկնեց Արինային: – Տես գրքի բնույթին բռնո՞ւմ է:
Արինան աչքի անցկացրեց, ծիծաղեց, ասաց՝ «բռնում է», և բարձրաձայն կարդաց.
Երբ որ մեռնեմ, այցի արեք
Ինձ առավոտ վաղ,
Մի քիչ հաց ու պանիր առեք,
Մի բոթուլ արաղ:
Արինան կրկին ծիծաղեց, ասաց.
– Բնաբանը գրքին արժե, – և ավելացրեց անբռնազբոս ծիծաղով, – իսկ ինչո՞ւ ես այդպես զուգվել-զարդարվել, ամոթ չլինի հարցնել:
– Որովհետև հաղորդում ունեմ այսօր, Արինա ջան, ամբողջ Ադրբեջանում ու նաև իմ հայրենի Սիսիանում, որտեղ նույնպես դիտում են մեր հաղորդումները, այսօր կտեսնեն ինձ հեռուստատեսությամբ, կտեսնեն ու կմտածեն, որ կար ժամանակ՝ և՛ գեղեցիկ էի, և՛ ջահել, հիմա միայն գեղեցիկ եմ:
Ողորկ պարանոցը՝ կլոր ու ճերմակ, քմայքոտ տեսքով ու զգեստալանջի թեթևակի բացվածքով՝ նա, իրոք, արտակարգ գեղեցիկ էր:
Լորաննան նազով շրջվեց իմ կողմը, ասաց.
– Լեո, կգա՞ս ռեժիսորական: Քո բարոյական աջակցությունն ինձ շատ է անհրաժեշտ՝ հեռուստադիտողների վրա ցնցող տպավորություն թողնելու համար: Խնդրում եմ, շաքարոտ բերանդ՝ շաքարով բացիր, ասա՝ կգամ:
– Կգամ, – ժպտացի ես:
– Այդպես էլ գիտեի, – թեք նայվածքով՝ գորովալից ասաց Լորաննան: – Չնայած երբեմն մտածում եմ, թե վերջերս մեզ վրա այլևս ուշադրություն չես դարձնում, որովհետև մայրս էր ասում՝ սեխը դուրս գալուց հետո վարունգն անհամում է: