Выбрать главу

Նա կրկին աչքով արեց ինձ, խորամանկորեն ժպտաց՝ հասկացնել տալով, որ ինքը գիտե, թե այդ ինչ, ավելի ճիշտ, թե այդ որ քաղցր սեխի մասին է խոսքը:

Ես գնացի իմ առանձնասենյակը:

* * * * *

– Լեո, գալի՞ս ես, – առանձնասենյակի դուռը բացելով` փութկոտ արտաբերեց Լորաննան: – Հինգ րոպեից եթերում ենք:

Քիչ անց ես արդեն ռեժիսորականում էի: Լորաննան ու դերասաններն արդեն ներսում՝ ստուդիայում էին:

Հեռուստաստուդիան վառ լուսավորված էր, Լորաննան նստած էր կենտրոնում, դերասանները՝ նրա աջ ու ձախ կողմում, բոլոր ջահերն ուղղված էին նրանց, հավանաբար, շատ շոգ է այնտեղ: Լորաննան անձայնանցիկ հաստ ապակու ետևից ժպտաց ինձ:

Հնչյունային ռեժիսոր Մարկ Բրոնեշտերնն անցավ վահանակի մոտ, որտեղ մոնիտորի էկրաններին երևում էր բեմը, այն լիովին ընկալվում էր ստուդիայի տարբեր կետերում տեղադրված տեսախցիկներից: Օպերատորները, լսողական ականջակալներով, անվավոր հեռուստախցիկները առաջ ու ետ էին տանում՝ ավելի հստակորեն ընդգրկելու հաղորդման մասնակիցներին:

Ժամանակի և տարածության հասկացողությունն այստեղ դառնում է շոշափելիորեն նյութական՝ սրտի անհամաչափ զարկերի հետ վայրկյան առ վայրկյան անխուսափելիությամբ մոտեցնելով հաղորդման սկզբին:

Երբ մնում էր մի քանի ակնթարթ, մեր ռեժիսոր Ժիրայր Ավետիսյանը, որ մի ժամանակ Բաքվի հայկական պետթատրոնի ռեժիսորն է եղել՝ շատ կիրթ, ազնվաբարո մի մարդ, միկրոֆոնով ասաց. «Ուշադրություն, մենք եթերում ենք», և սեղմեց կոճակը: Հեռուստախցիկների վրա միանգամից վառվեցին կարմիր լույսերը: Հնչյունային ծերուկ ռեժիսորը միացրեց երաժշտությունը, առաջին տեսախցիկը ցուցադրեց մակագիրը, այնուհետև՝ Լորաննային՝ քիչ գունատ ու թեթևակի շփոթված:

– Բարև ձեզ, սիրելի բարեկամներ, – ի վերջո լսվեց Լորաննայի երգահնչյուն ձայնը:

Հաղորդումը սկսվեց: Բարոյական աջակցությունն ապահովված էր, մնում էր ցնցող տպավորությունը՝ հեռուստադիտողների վրա:

Ես աննկատ դուրս եկա ռեժիսորականից:

* * * * *

Անհանգիստ, ինձնից անկախ, շարունակ ժամացույցին էի նայում: Ռենան այսօր կգա ինձ մոտ, հինգշաբթի օրվանից սկսած՝ ես այդ մասին էի մտածում, ինչ-որ անորոշ ու հետզհետե սաստկացող հուզմունքով:

Ես մտածում էի, որ Ռենան կգա օրվա երկրորդ կեսին, բայց, համաժամանակ, ինչ-որ վեցերորդ զգայարանով զգում էի, որ, ո՛չ, նա ավելի շուտ կգա: Եվ, իրոք, նա եկավ մինչև ընդմիջում:

Նա հայտնվեց միանգամայն անսպասելի, հուզմունքից այլայլված ու դրանից առավել գեղեցկացած, հևիհև: Երկնագույն կարճ քղանցքով զգեստ էր հագած, որն ավելի էր ընդգծում նրա սլացիկ բարակ իրանն ու ոչ մեծ, շամամի պես կլորիկ կրծքերը:

– Վերելակը չէր աշխատում, – քաղցրաձայն ասաց նա՝ վարդաշուրթ բերանը կիսաբաց, թեթև հևքով:

Նայում է ուղիղ: Իսկ աչքերը ծիծաղում են: Քմահաճ նազանքով, քնքշորեն, քաղցրորեն: Աչքերը ձգում, գերում, կախարդում են: Եվ ես՝ անկամորեն տարված, մտովի մղվում եմ այդ զմայլանքին ընդառաջ, սիրտս նվաղում է՝ թեթևակի կիսաբացված շուրթերի լուսափայլ թարմությունից…

– Ահա և եկա, – ավելացրեց` ոսկեցոլք մազերը ետ տանելով ու ժպտալով աչքերով, փոքր-ինչ խոնավ, անսահմանորեն սպիտակ ատամնաշարով, շուրթերով, ամբողջ դեմքով: – Դու ուրա՞խ չես, որ ես եկա…

Ես նայում էի հմայված ու վերացած, անհագուրդ տենչանքով, ասես մի ամբողջ հավերժություն չէի տեսել նրան, արտասովոր ուժգնությամբ բաբախում էր սիրտս, ես ըմբոշխնում էի իմ արբեցումը նրա թովիչ գեղեցկությամբ, ծիծաղելիորեն սարսափելով միաժամանակ, որ այդ արբեցումը կզրկի ինձ բանականությունից:

– Ես վերջին երկժամից փախա, – քնքշալից, կամացուկ արտասանեց Ռենան, դեռևս հևալով:

Ի պատասխան՝

– Եթե ես քեզ համբուրեմ, դու չե՞ս բարկանա,– դողդոջուն ձայնով արտաբերեցի ես:

Ռենան, կապտագույն աչքերը չկտրելով իմ աչքերից, տարուբերեց գլուխը՝ «ոչ» : Շիկնանքը պարուրեց նրա ողջ դեմքը:

Ես հետագայում չէի կարողանում մտաբերել, թե դա ինչպես ստացվեց, փափուկ չխկոցով բանալին պտտվեց դռան կողպեքի մեջ, հաջորդ վայրկյանին ես արդեն գրկել էի Ռենայի ուսերը, մատներիս տակ զգում էի նրա դյուրաբեկ մեջքի գոգավոր կորագիծն ու անրակների արանքով ցած իջնող նրբին փոսիկը, մազերը բուրում, խտղտացնում էին իմ դեմքը, ես ինչ-որ անկապ բառեր էի շշնջում, որ նույնպես հետո մտաբերել չէի կարողանում, ես քնքշորեն ու զգույշ համբուրում էի Ռենայի մերկ ուսերը, բուրավետ պարանոցը, իմ շուրթերը կուրորեն թափառեցին նրա դեմքի վրայով, մոլեռանդ կրքոտությամբ գտան կիսաբաց գիրգ շուրթերը, որոնք սկզբում կարծես փախս էին տալիս, բայց հետո, ասես անկամզիջողական, նվաճված՝ հնազանդ ու տաք էին, նրա ընդհատ-ընդհատ շնչառությունը խելացնոր էր, հազիվ որսալի հառաչանքը՝ քաղցր…

Այսպես ահա ես առաջին անգամ համբուրեցի Ռենային:

Եվ իմ օրերը ոչ թե անցնում՝ թռչում էին, ինչպես սիրով լի իմ խանդավառ սիրտն էր անդիմադիր թռչում Ռենային ընդառաջ: Ես խելացնոր սիրեցի նրան, որովհետև կանացի հմայքի մարմնացում էր նա և անհնար էր նրան չսիրել ու չպաշտել, և այդ սերն իսկապես խենթացնում էր: Նա օր-օրի նորովի էր բացվում ինձ՝ նուրբ ճաշակով, անասելի բարեսիրտ, պարզ, անմիջական, ամենայն կողմանե հաճելի ու հրապուրիչ, սիրելի ու փայփայելի, ու նաև հումորի նրբին զգացումով ու ծիծաղկուն: Նա իմ ամեն մի կատակի վրա խայտալով հրճվում ու ծիծաղում էր, և ուրախությամբ զսպված նրա կարկաչուն ծիծաղը շենշող ու վարակիչ էր, քայլելիս թեթևասույր եղնիկի պես նա հանկարծ լուսեղեն նազով կախվում էր ինձնից՝ ձեռքերով օղակելով վիզս, կամ կտրում ճանապարհը՝ որևէ բան պատմելու, և երկնքի պես կապույտ նրա աչքերն առկայծում, շողարձակում էին՝ սիրունիկ դեմքը լուսավորելով իր ներսից հորդացող անսպառ լույսով ու գեղեցկությամբ: