* * * * *
Խմբագրությունում կյանքն ընթանում էր իր հունով, ամեն երկուշաբթի կոլեգիայի նիստ, առաջիկա ծրագրի կազմում, օրական մեկժամյա հայերեն հաղորդումներ՝ ռադիոյով և հեռուստատեսությամբ, այցելություններ, թռուցիկ ժողովներ:
Նախկինը դեռևս չէր ավարտել իր հուշագրությունները, շարունակում էր թելադրել՝ զզվեցնելով Արինային: Նա մի անգամ մի պատմություն արեց, որից հետո ես նույնպես տհաճությամբ էի տանում նրա ներկայությունը: Մինչ այդ Սաղումյանը պատմել էր, որ գրական-հասարակական ականավոր գործիչ Եղիա Չուբարին, որը երեսուներեք-երեսունվեց թվականներին Ադրբեջանի լուսավորության մինիստրի առաջին տեղակալն էր, և Բաքվի հայկական դրամատիկ թատրոնի դերասանուհի Արուս Թառայանին ու նրա տասնութամյա ուսանողուհի դստերը նախկինի մատնությամբ էին բանտարկել: Պետքաղվարչության ներքին բանտում Թառայանի դստերը խոշտանգել, բռնաբարել էին մոր ու Երևանից, չգիտես ինչու, այստեղ բերված արձակագիր Զապել Եսայանի ներկայությամբ, ասեղներ խրել եղունգների տակ՝ մեղադրելով լրտեսության մեջ, իսկ նրա մեղքն այն էր եղել լոկ, որ ինչ-որ մեկի մոտ ասել էր, թե շատ կուզենար գոնե մի անգամ գնալ Լոնդոն՝ անգլիացի հորը՝ միստեր Կլարկին տեսնելու: Գրող Սեդրակ Թառայանի աղջկան՝ գեղեցկուհի Արուսին, որին, Սաղումյանի խոսքերով, Թիֆլիսում այնքան բանաստեղծություններ են ձոնել Ստալինն ու Վահան Տերյանը, նույնպես խոշտանգել էին՝ դստեր ներկայությամբ:
Վաթսունական թվականների սկզբներին (Խրուշչովի օրոք էր դա, թեպետ ժամանակավորապես, բայց ամեն ինչ կարելի էր ասել արդեն) Արուս Թառայանն այստեղ, խմբագրությունում, ամենաետին խոսքերն էր շպրտել նախկինի ճակատին, իսկ նա, մինչև ականջների ծայրերը կարմրած, ոչինչ չէր կարողացել պատասխանել: Սաղումյանի ներկայությամբ էր դա տեղի ունեցել: «Իսկ հետո ի՞նչ եղավ, – հարցրի ես, – Թառայանի աղջկան հետագայում թույլատրեցի՞ն մեկնել Անգլիա՝ հոր մոտ»: «Ի¯նչ ես ասում, – դառնությամբ արձագանքեց Սաղումյանը: – Խեղճ աղջիկը խոշտանգումներից խելագարվեց: Մաշտաղայի* հոգեբուժարանում էր, հիմա չգիտեմ՝ ո՞ղջ է, թե՞ չկա արդեն»: «Իսկ Արուս Թառայա՞նը», – հարցրի ես: «Նա մեռավ մենության ու ծայր աղքատության մեջ», – պատասխանեց Սաղումյանը:
Այս նոր պատմությունն ինչ-որ աղջկա հետ էր կապված, որին նախկինը, իր ասելով, սիրահարվել էր տասներորդ դասարանում:
– Ես նրան բանաստեղծություններ էի նվիրել, – պատմում էր նա Լորաննային: – Շա¯տ էր սիրուն, դպրոցի աչքն էր: Իմ մոտով անցնելիս՝ արտասանեցի. «Սիրում եմ ես քեզ, սիրում եմ թաքուն, տառապում եմ ես, տանջվում եմ անքուն…»: Իսկ նա՝ ոչ տանի, ոչ բերի. «Արհամարհում եմ»: Ասավ ու անցավ: Մնացի կանգնած: Մի երկու լակոտ կային, դրանց մոտ ասաց: Էդ լակոտներն ինձ չէին սիրում, շատ էր պատահել՝ ակնոցս հանում, չէին տալիս, վրաս թքում էին: Հետո ես դրանց հախից, իհարկե, եկա: Տարան կորցրին: Մի խոսքով, մնացի կանգնած: Մտքումս ասացի. «Ես քեզ ցույց կտամ»: Հետագայում իմացա, որ ամուսնացել է, երեխա ունի, ամուսինն էլ հայկական թատրոնում ադմինիստրատոր է: Գնացի Միրզա Իբրահիմովի մոտ, նա արվեստի գլխավոր վարչության պետն էր, հանել տվեցի գործից, և պարզվեց, որ թատրոնի հետ
կապված ինչ-որ յուրացման հաշիվներ էլ կային, ստուգեցին, նստացրին: Հետո ես տեսա դրան, էդ վաղեմի գեղեցկուհուն, – ձեռքով բերանը ծածկած՝ մանր ծիծաղեց նախկին գլխավորը: – Աղքատ շորերով՝ ոնց մուրացկան: «Հիշո՞ւմ ես, որ ասացիր՝ արհամարհում եմ», – հարցրի: «Հիշում եմ, – ասաց: – Այն ժամանակ արհամարում էի, իսկ հիմա՝ զզվում եմ»: «Դե գնա կեր», – ասացի մտքում: Բայց փոշմանել եմ, բարձր պիտի ասած լինեի, չէ՞…
Լորաննան, ասես օդը չէր հերիքում, ձեռքով հովհարեց իրեն՝ ջրից հանած ձկան պես բացուխուփ անելով բերանը, բարձրաձայն ասաց.
– Մի սիգարետ տվեք, խնդրում եմ:
– Դու ծխո՞ւմ ես որ, – զարմացավ նախկինը:
– Ձեր պատմությունները լսողը ոչ միայն կծխի՝ թմրամոլ էլ կդառնա,– ասաց նա կոպտորեն և, արագ ելնելով տեղից, դուրս եկավ սենյակից:
Քիչ անց ես նույնպես դուրս եկա և, անցնելով կիսամութ միջանցքով, մտա գլխավորի մոտ: Լորաննան այնտեղ նստած ծխում էր:
– Մեկը գիտեք՝ տասը ոչ, – ասաց գլխավորը հառաչանքով: – Մարգար Դավթյանին ու Գևորգ Պետրոսյանին նա մահվան դուռը հասցրեց, էլ չեմ խոսում Բագրատ Ուլուբաբյանի, Արշավիր Դարբնու, Աբրահամ Բախշունու, Էլմիր Մկրտչյանի, Սամվել Քնարունու, Էմմա Պետրոսյանի ու Համո Ամիրխանյանի դեմ նրա արածների մասին: Ամիրխանյանը ստիպված եղավ փախչել Երևան, նույնիսկ չսպասեց գրքի հրատարակմանը. ի միջի այլոց, գիրքն էլ հանել տվեց պլանից: «Գրական Ադրբեջանում» խմբագիր էր, հանդեսի աշխատակից Ոստիկ Կարակոզյանը, որին նույնպես տարիներ շարունակ հալածել էր, աշխատանքից հետո դուրս է գալիս փողոց և հենց գրողների միության առջև, մայթին ընկնում, մեռնում է: «Ուլդուզ» ամսագրի աշխատակից Սիավուշ Սարխանլին զանգում է նրան, ասում, որ ձեր աշխատողն այստեղ մեռած, ընկած է: Ի՞նչ պատասխանի, որ լավ լինի՝ «Հաշվեք, թե շուն է սատկել», – ասում ու դնում է հեռախոսը: Իսկ ժամանակին մտերիմ ընկերներ են եղել, նրանց տնից դուրս չեր գալիս: Մարդը գերագույն խորհրդի նախագահության անդամ է, քսան տարուց ավելի ամսագիր է խմբագրել, մի այդքան էլ այստեղ է աշխատել, հիսուն տարվա կոմունիստ է, ժողովրդական բանաստեղծ, ի՞նչ անենք, պիտի համբերենք մինչև…