Выбрать главу

*Մաշտաղաավան Ապշերոնի թերակղզում՝ Բաքվի արվարձաններից

– Մինչև ե՞րբ, – նրա միտքը հասկացավ Լորաննան: – Նա մեռնողը չի: Մի՞թե այս մեծ, վիթխարի քաղաքում մի կարգին հայ չկա, որ դրան են դեպուտատ ընտրել:

– Դա որ մեռավ՝ Թելմանին են ընտրելու, – ասացի ես:

Գլխավորը քահ-քահ ծիծաղեց, գլխով հաստատելով, որ, այո, այդպես էլ լինելու է: Եվ հենց այդ պահին, ինչպես ասում են՝ անունը տուր, ամանը լից, ներս մտավ Թելման Կարաբաղլի-Չալյանը՝ իրեն կորցրած, պոչատ հոնքերը գզգզնակ ու շրթունքներն ավելի սմքած:

– Ես սպանիլ բիդիմ… միյավնույնա, սպանիլու եմ, – շնչահեղձվելով կրկնում էր նա: – Մինա ա, բիդի սպանիմ: Կևորկ Ատաճանյան, սպասի… կդեսնես գլոխդ հինչ օյին եմ խաղալու… Ախ, երբ գըլինի գա Մնասագանը բանագիցը, որ ես դուրս անեմ դրան իմ բաժնիցը:

– Թելման, նստիր, հանգավորված ես խոսում, ի՞նչ է պատահել,– իբր անհանգստացած, բայց ծիծաղն ուժով զսպելով հարցրեց գլխավորը:

– Կնիգս փռնել եմ, – նստելով երկար սեղանի ծայրին, հուզմունքից ընդհատվող ձայնով ասաց նա: – Կնգանը քանդաձ դոնը ասդվաձ էլ չի գարալ շինի: Վսյո, փռնեցի:

– Իսկ ո՞ւր էր գնում, – միամտորեն հարցրեց Լորաննան՝ ձեռքով ծուխը աչքերից հեռացնելով:

– Ո՞ւր բիդի գնա, այ ախճի, – բարկացավ Թելմանը՝ ձեռքով հարվածելով իր ծնկանը, – խելք չունիս՝ թաքավոր ես: Դան մեչը փռնեցի: Հարևանը գանչալըմ, դեսալա…

Թելմանի պատմածից հասկացվեց, որ նա կնոջը բռնել էր ուրիշի հետ, և եթե այդ ուրիշը հասարակ մարդ լիներ, ապա Թելմանը նրա հերը կանիծեր տեղնուտեղը («Ճարդուփուրթ գանեի գլոխը», – ասաց Թելմանը): Բայց պետանվտանգության կոմիտեի աշխատակից Սաֆար Ալիևն էր եղել՝ այտին մեծ սև խալով, Հայաստանից եկած մի զզվելի անձնավորություն, որ հայերեն ավելի մաքուր էր խոսում, քան մեր խմբագրության աշխատողներից որևէ մեկը:

Լորաննան նրան գիտեր, նա առաջ հաճախակի էր այցելում նախկին գլխավորին, և բոլորս էլ, իհարկե, հասկացանք, որ ահա թե որտեղից և ում միջոցով էր հայկական խմբագրությունում լույս ընկել Թելման Կարաբաղլի-Չալյանը, բայց նախկինը նույնպե՞ս օգտվել էր Թելմանի դեռատի կնոջ բարեմասնություններից՝ մնում էր անհայտ, չնայած բոլորս էլ հակված էինք մտածելու, որ առանց դրան չէ, մանավանդ, որ Լորաննան մի երկու անգամ տեսել էր նրանց՝ նախկինի առանձնասենյակում քչփչալիս:

– Հասակով մարթը ջահիլ, ղաշանգ ախճիգ չբիդա օզի, – փիլիսոփայեց Թելմանը,– որովհետե հալա քու սաղ վախտը նա արտեն մտածում ա, թա հում հեդա գյանքը անցգացնելու քու մռնելուց եդան…

* * * * *

Խմբագրությունում, անշուշտ, գիտեին արդեն իմ սիրո մասին: Գլխավորը ժպտալով ասաց. «Աչքով չտամ, հրաշք ընտրություն է»:

Միջանցքում Նորան ոտքը կախ գցեց, վիզը թեք ու ձախ ձեռքը այտին, ուսերը ճոճելով հասցրեց հանդիմանել Հադրութի իր բարբառով. «Էհ, Լեո ջան, մատտաղ ինիմ, մեր էս ամբողջ խմբագրությունումը բոլորը գիդասըն, որ ես շա¯տ հարգեսըմ քեզ, գետնից մինչև հենե¯ էն երգինքը, հարգեսըմ, բայց, դե, որ մեր ազգը թողած՝ ուրիշ ազգի աղջկա վրա ես աչք դրել, էդ մեկը քեզ ներեսչըմ…»

Արինան էր միայն, որ ոչինչ չէր ասում: Ասես չէր նկատում, հոնքերի տակից ակնդետ նայում էր, ասում. «Երեկ ինչ-որ աղջիկ էր զանգել քեզ, դու չկայիր»: Չէր ասում՝ ով, թեպետ գիտեր, ձայնից ճանաչում էր: Լորաննան մի անգամ ասաց.

– Լեո, տեսնում եմ, հեռվից էլ երևում է, որ դու սիրում ես այդ աղջկան: Բայց, իմացած եղիր, որ մի անգամ ժպտալու համար պիտի արտասվես հազար անգամ, որովհետև մեծ սերն ինքնին ամբողջապես արցունք ու հառաչ է: Եվ, չգիտեմ ինչու, շարունակ մտածում եմ, որ քո այդ սերը, պարզ է, բերկրանք է բերելու քեզ, բայց և՝ տառապանք: Ծիծաղ, աննման օրեր, ուրախություն է բերելու, բայց և՝ արցունքներ: Ուժ կունենա՞ս դիմանալու այդ ամենին՝ չգիտեմ:

Ես ուշադրություն չդարձրի Լորաննայի բոշայական խոսքերին, ինձ համար անսահման հաճելի էր իմ կապուտաչվի գեղեցկուհու հետ ամեն մի րոպեն. նա իմ ողջ էությունն էր, իմ սիրտն ու հոգին, ես իմ կյանքն այլևս չէի պատկերացնում՝ նրանից տարանջատ, և ինձ համար դուրալի էր, երբ մի անգամ Ռենան, ասես կռահելով իմ մտքերը, փաղաքուշ ձայնով շշնջաց. «Առանց քեզ մի օրս չլինի»: