– Քո սերը նույնպե՞ս առաջին հայացքից ծնվեց, – հարցրի ես կատակախառն ինքնավստահությամբ:
– Այո, – երանավետ քնքշանքով ասաց նա՝ սեղմվելով ինձ: – Չգիտեմ ինչպես ստացվեց դա՝ ինձ դուր եկավ քո շփոթվածությունը և այն, որ չէիր ուզում, որպեսզի ես զանգեի որևէ աղջկա, չնայած, եթե ուզենայիր էլ, միևնույն է, չէի զանգելու: Ես քեզ դուր էի գալիս, ես դա զգում էի, և գերագույն հաճույք էի զգում դրանից: Եվ բնազդով հասկանում էի նաև, որ հենց դրա համար էլ չէիր ուզում, որ ես զանգեի որևէ մեկին, չէիր ուզում ինձ դավաճանած լինել: Այդպե՞ս էր:
– Այդպես էր, – խոնարհաբար ասացի ես՝ խանդաղատանքով համբուրելով նրա բուրումնավետ մազերը, որ մայիսյան ծորուն մեղրի գույն ունեին:
– Գուցեև դա էր պատճառը, որ համաձայնեցի ռեստորան գալ՝ չգիտեմ: Հիշում եմ, շարունակ ուզում էի ելնել ու դուրս գալ քո սենյակից, բայց չէի կարողանում: Բանականությունս ասում էր՝ վեր կաց, սիրտս ասում էր՝ նստիր, ու ես վարանոտ շարունակում էի նստած մնալ: Ահա այդպիսի կռիվ էր գնում իմ մեջ, – լուսավոր աչքերը բարձրացնելով՝ ժպտաց Ռենան: – Ծիծաղելի է, չէ՞:
– Ամենևին… Լավ, իսկ ի՞նչ էիր գտել իմ մեջ: – Ես դա հենց այնպես ասացի:
Ըստ երևույթին, սա գոռոզամտության փորձ չէր, պարզապես ուզում էի նրա չքնաղ շուրթերից մի անգամ ևս լսել, որ նա իրոք, սիրում է ինձ:
Ռենան գլուխը ետ քաշեց իմ կրծքից, նայեց ինձ լուսաշողշող հայացքով, պատասխանեց հարցին հարցով.
– Իսկ ի՞նչ էր գտել Էսմիրալդան կուզիկ Քվազիմոդոյի մեջ:
Զիլ էր. նա ինձ կույր ու գաճաճ Քվազիմոդոյի հետ էր համեմատում:
– Քվազիմոդոյի համար շնորհակալություն, – իբր նեղացած՝ շինծու խռովկանությամբ ասացի ես:
Ռենան պոռթկուն ծիծաղեց, փարվեց ինձ՝ ձեռքերով օղակելով վիզս, հրավառված փափկանուշ շուրթերով հպվելով իմ շուրթերին:
– Հիշո՞ւմ ես, – ասաց նա՝ կախարդելով ինձ իր աչքերի կապտաջինջ փայլով, – Մեջնունի խոսքն իր հորը, երբ նա Լեյլիի մասին ասել էր. «Ի՞նչ ես դու, ախր, գտել նրա մեջ»: Ինչպե՞ս էր պատասխանել Մեջնունն իր հորը. «Իմ աչքերով նայիր, հայր իմ, իմ աչքերով»: Այնպես որ, Լեո, սիրելիս, քաղցրս, – նա կրկին ժպտաց իր ձյունաճերմակ ժպիտով, – իմ աչքերով նայիր, իմ աչքերով, և կտեսնես, որ Քվազիմոդոյի հետ համեմատած՝ դու ահագին սիրուն ես: – Նա ձեռքը քնքշորեն քսեց իմ այտին, ասաց, – հասկացիր, որևէ բանի համար չեն սիրում, պարզապես սիրում են և վերջ: Ասա, ի՞նչ էր գտել տասնութամյա Ուլրիկեն յոթանասունհինգ տարեկան Գյոթեի մեջ:
– Գյոթեն հանճարեղ բանաստեղծ էր:
– Ինչի՞ համար Տուրգենևը սիրեց Պոլինա Վիարդոյին: Ի՞նչ էր գտել նա ոչ այնքան գեղեցիկ ու ամուսին ունեցող այդ գնչուհու մեջ, որ մինչև կյանքի վերջը սիրեց ու պաշտեց նրան ու այդպես էլ չամուսնացավ ոչ ոքի հետ: Հապա, ի՞նչ էին գտել Ելենա Դյակոնովա անունով ռուս մի հասարակ կնոջ մեջ համաշխարհային երկու մեծություններ՝ Պոլ Էլյուարն ու Սալվադոր Դալին, որոնք նրան կնքեցին նոր անունով՝ Գալա, բազում ստեղծագործություններ նվիրելով նրան, իսկ Սալվադոր Դալին իր կտավների տակ դնում էր նաև իրենից տասը տարով մեծ այդ կնոջ անունը՝ «Սալվադոր-Գալա»: Սուլթան Շահ-Ջահանն ավելի քան երեք հարյուր կին ուներ հարեմում, բայց նրանց մեջ նա մեկին էր սիրում միայն: Կարծեմ, Մումթազ է անունը: Ասում են, որ, իբր, հայուհի է եղել: Կարո՞ղ ես ասել՝ ինչո՞ւ հատկապես նրան: Հանկարծամահ եղած սիրելի կնոջ հիշատակին նա հուշարձան կանգնեցրեց Ագրայում՝ մարմարյա հնգագմբեթ մի դաբարան, ամբողջ աշխարհին հայտնի Թաջ-Մահալը, և փակվելով այնտեղ, չուզեց այլևս որևէ մեկին տեսնել ու այլևս դուրս չեկավ այնտեղից մինչև մահ: Որևէ բանի համար չեն սիրում: Մարդ սիրահարվում է ուղղակի, առանց հարցերի, նույնիսկ ավելի շուտ, քան կհասկանա և կգիտակցի, որ ինքը սիրահարված է: Թե ինչու է այդպես՝ չգիտեմ, բացատրել չեմ կարող, բայց այն, որ սերը, իրոք, ծնվում է տարերայնորեն, երբեմն նույնիսկ բնազդորեն՝ կառավարվելով աներևույթ բարձրագույն էներգետիկայով, անհնարին է ժխտել:
– Համոզեցիր, հանձնվում եմ, – ծիծաղելով ասացի ես, – բայց մեկ է՝ Քվազիմոդոյի համար չեմ ների քեզ:
Ռենան հապճեպ կծեց մատս, ծիծաղեց:
– Ռեն, շնի՞կ էս դու, – ասացի ես հորդաբուխ բերկրանքով:
– Նո՞ր ես իմանում, – լուսատեսք, ալ շուրթերով ու բերկրուն՝ նա հտպտանքով լեզու ցույց տվեց՝ նորեն ծիծաղելով:
Ի՞նչը կարող է կախարդել միանգամից, եթե ոչ սիրածդ աղջկա խենթացնող հրապուրիչ ծիծաղը:
Ես մատներս քնքշությամբ, դանդաղորեն սահեցրի Միշել Մերսեի շուրթերի պես հյութեղ՝ նրա տաք շուրթերի վրայով, չկարողանալով ու չփորձելով անգամ թաքցնել զմայլանքս…
Ռենան մեղմակի համբուրում էր մատներս, տամուկ ատամներով մատներս խածնում՝ գեղածիծաղ հայացքով նայելով ինձ:
Ախ, չքնաղդ իմ Ռենա, աս որչափ աղվորիկն էս դուն. մեջքդ բարակ, շուրթերդ ժպտափայլ, կազմդ գեղանի, աչերդ սիրուն. ես բուռն կիրքով կը սիրեմ զքեզ, աշխարհի վրա զքեզ, զքեզ միայն սիրած եմ, անուշիկս, եկուր, եկուր քովս վարդանույշ բերանդ պագնեմ, քեզի համար կը մեռնիմ ես… Աստված իմ, նա, իրավ, խենթացնում է ինձ իր շլացուցիչ թովչանքով, քմահաճ հրապույրներով…
* * * * *
Մենք հանդիպում էինք շաբաթ օրերին (դրանք Ռենայի գրադարանային օրերն էին), զբոսանավով, ճերմակաթև ծովաորորների ընդհատուն կանչերի ու երաժշտության ուղեկցությամբ հասնում էինք մինչև հեռավոր Նարգին կղզի, պաղպաղակ էինք վայելում ծովամերձ սրճարաններում, Կիրովի անվան զբոսայգու բարձունքից գիրկընդխառն դիտում էինք կապույտ մշուշի շղարշում նիրհող վիթխարածավալ քաղաքն ու սպիտակ ալիքներով դեպի ափ տենչող ծովը, որ շարունակ խաղաղ էր այդ ամիսներին, երկար նայում էինք, մինչև հեռացող արևի բոսոր ցոլքերից արևմուտքում բոցավառվում էր ողջ երկինքը, և ծովը փայլածում, շողշողում էր՝ փոխելով գույները: