Выбрать главу

Այդտեղ, Կիրովի զբոսայգում էր նաև, ծառուղիների խորքում, երբ Ռենան՝ չգիտես կարդացե՞լ էր որևէ տեղ, կինոնկարո՞ւմ էր տեսել, թե իր մեջ էր հղացել այդ միտքը, հուզվելով, շիկնանքով ասաց. «Եթե մի բան ասեմ՝ կհամաձայնե՞ս ինձ հետ»:

Դեռևս չհասկանալով, թե նա ինչ պիտի ասի, ասացի, որ համաձայն եմ, որովհետև Ռենան ինչ էլ որ ասելու լիներ, թվում էր, միևնույն է, ես պիտի համաձայնվեի:

Նա պայուսակից դանդաղ շարժումներով մի ածելի հանեց՝ գույնզգույն թղթերի մեջ ծրարված, նույն անշտապողականությամբ ետ տանելով թղթերը, որից մեկը թափանցիկ էր, ածելին տվեց ինձ, միաժամանակ առաջ պարզելով դաստակը՝ ափը դեպի վեր:

– Սայրով ուղղահայաց խազիր ահա այստեղ, – Ռենան ցույց տվեց այն տեղը, ուր պիտի խազեի ածելիով:

– Ինչո՞ւ, – զարմացած ասացի ես:

– Ոչ մի ինչու, – լայն ժպտաց Ռենան: – Չէ՞ որ խոստացար:

Բայց, խազելու փոխարեն, ես, սիրատենչ շուրթերով հպվելով այն տեղին, ուր նա ցույց էր տվել, ասացի.

– Չեմ անի, ես չեմ կարող ցավ պատճառել քեզ:

Ռենան ծիծաղեց, գորովանքից մշուշված աչքերով նայելով իմ աչքերին, հետո ինձնից վերցրեց ածելին, ուղղահայաց խազեց ձեռքը, կարմրագույն արյունն իսկույն դուրս ցայտեց ճերմակ դաստակի վրա:

– Դու գիտե՞ս, որ արյունը մայր շնչերակի մեջ է մտնում ոչ թե հոսելով, այլ ընդհատվող ալիքներով, ինչպես ջուրն է ցատկում նեղբերան շշից. ամեն մի ալիք կարճ ժամանակամիջոցում լայնացնում է զարկերակի պատերը և առաջ մղվում՝ հրվելով իրեն հետևող նոր ալիքներից: Տուր ձեռքդ, – կարգադրեց Ռենան, ժպտացող աչքերով նայելով ինձ և նույն ձևով՝ դարձյալ ուղղահայաց, խազեց իմ ձեռքը՝ ձեռափից քիչ վեր:

Հետո ձեռքս ամուր սեղմեց իր ձեռքին:

– Լեո, – շշնջաց Ռենան՝ ամուր սեղմվելով ինձ, – իմ արյունը հիմա հոսում է դեպի քո սիրտը, դու զգո՞ւմ ես դա… Ես զգում եմ քո արյան հոսքը իմ երակներում: Ես այդ մտքից կարող եմ խելագարվել…

Անասելի մի քաղցր, հուզագրգիռ դող անցավ իմ մարմնով, որն ամբողջովին համակեց ինձ: Մենք կանգնած էինք՝ կլանված պահի՝ կարևորությա՞մբ ասեմ, թե հանդիսավորությամբ, ես ազատ ձեռքով Ռենային սեղմել էի իմ կրծքին և կարծես զգում էի իմ դյուրաբորբոք, սիրատենչանքից եռ եկող արյան խելահեղ վազքը դեպի նրա քնքուշ սիրտը, հետո Ռենան՝ շառագունած տենչալի շուրթերով մղվեց դեպի իմ շուրթերը: Մեր շուրթերը միացան: Դա երկար տևեց, ես անզուսպ մոլուցքով համբուրում էի Ռենային, ես իմ գրկում ավելի ու ավելի էի սեղմում նրան, ասես փորձելով նրան դնել սրտիս մեջ, պարփակել հոգուս խորքում: Ինքնամոռաց ու տենդագին շշնջում էի.

– Դու սիրելի ես ինձ, Ռենա, և սիրելի կլինես ընդմիշտ, մինչև իմ վերջին շունչը ես կսիրեմ ու կպաշտեմ քեզ, այո, դու սիրելի ես ինձ, ինձ սիրելի են բոլոր նրանք, ովքեր քո շուրջն են, սիրելի է այն ամենը, ինչ շրջապատում է քեզ, ինչ դիպչում է քեզ և ինչին դիպչում ես դու, ինչ ուրախացնում է քեզ և ստիպում է հրճվել ու հուզվել…

Այսպիսի կցկտուր խոսքեր էի ասում ես նրան Կիրովի անվան զբոսայգու ծառուղու խորքում, և հեռու ինչ-որ տեղ, ոչ այն է՝ զբոսայգուց այն կողմ, փողոցում կանգնած որևէ մեքենայում, ոչ այն է՝ բարձրահարկ շենքերից որևէ տան մեջ, նվագում էր մագնիտոֆոնը, երգը հասնում էր մեզ. «Ախ, այս կապույտ, կապույտ, կապույտ, այս կապույտ աչքերն են ինձ գերել, և ես մոռանալ չեմ կարող», և այդ երգը Ռենայի մասին էր, նրա կապույտ, կապույտ աչքերի մասին: Եվ իմ նախանձելի բախտի, իմ երջանկության համար ես ինձ երախտապարտ էի զգում Արմենին: Ես ռեստորանի հետ կապված պատմությունը զվարճալի արկած էի համարում, Ղարաբաղին վերաբերող բանաստեղծության արտասանությունը՝ անմեղ խաղ, «Դոն Ժուանի» մոտիվներով արված նրա ձոնը աղջիկներին՝ տղայական կատակ:

* * * * *

Հեռախոսով Ռենան ասաց.

– Վաղը քեզ կծանոթացնեմ իմ հարազատների հետ, – և ծիծաղեց:

– Ռեն, ես վերջերս քո կատակն ու լուրջը չեմ տարբերում, լո՞ւրջ ես ասում:

– Եթե չես ուզում՝ չեմ ծանոթացնի, – կրկին ծիծաղեց նա, ցածրաձայն ավելացրեց, – ցավեդ տանեմ, – և դրեց հեռախոսը:

«Նա հաստատ որոշել է խելքից հանել ինձ, – ծիծաղելով մտածեցի ես, – և, բարեբախտաբար, դա նրան հաջողվում է»:

Նա հաջորդ օրը եկավ շողակնե լուսաջինջ ժպիտն անզուգական շուրթերին: Մազերը գեղեցկորեն հավաքած գլխին, կարապի մարմարյա ճերմակ պարանոցը բաց՝ հանդիսավոր նստեց իմ դիմաց, պայուսակից հանեց լուսանկարների մի ամբողջ հավաքածու:

– Իմ բոլոր հարազատներն այստեղ են, – լուսանկարները սեղանին սփռելով՝ ժպտալով ասաց, – կարող ես ծանոթանալ: Առայժմ՝ հեռակա կարգով, – ծիծաղելով ավելացրեց նա: