Ես սկսեցի նայել նկարները:
– Սա իմ եղբայրն է՝ Ռասիմը, հանրագիտարանում է աշխատում, ինձնից հինգ տարով է մեծ: Նմա՞ն է ինձ:
– Մի քիչ:
Նկարից, սև հոնքերի տակից, խոժոռ հայացքով ինձ էր նայում Ռենայի եղբայրը՝ բարձրահասակ, թիկնեղ, սևաթույր խնամված բեղերով: Նրա աչքերը ևս սև էին, արտահայտիչ: Այո, ինչ-որ հեռավոր նմանություն կար Ռենայի հետ: Բայց, ահա, քույրը՝ Էսմիրան, իր նուրբ գեղեցկությամբ, ավելի էր նման Ռենային. տարբերությունն այն էր, որ նա թխավուն էր: Ձվաձև երկարուկ թուխ դեմքի վրա փոքր-ինչ մեծ էր երևում բերանը՝ Ռենայի շուրթերի պես ուռուցիկ շուրթերով, ընդ որում, դարձյալ, ինչպես Ռենայինը՝ ստորին շուրթն ավելի փքուն:
– Ինձնից չորս տարով փոքր է, իններորդ դասարանում է սովորում, – տաքուկ ափն իմ ձեռքին, իմ ուսի վրայով խոնարհված սեղանին՝ պարուրելով ինձ իր անուշ բույրերով ու կրծքի փափուկ ջերմությամբ, բացատրում էր Ռենան: – Գիտե՞ս ինչպիսին է՝ երես տված, որովհետև տան փոքրն է, շատ ենք սիրում, իսկ լեզուն, լեզուն մարդ է ուտում… Որ մի օր չտեսնեմ՝ կարոտից կմեռնեմ:
Մի ուրիշ նկարում Էսմիրան նստած էր բազմոցին՝ ոտքը գցած ոտքին, սև և ուղիղ մազերը թափված էին օձիքին, իսկ նրբաճաշակ կարված զգեստը քիփ նստել էր վայելչագեղ իրանին՝ ընդգծելով սրածայր փոքրիկ ստինքները: Մեծ ու շքեղ կտրվածք ունեցող իր աչքերով, գիրգ շուրթերին հեգնախառն ժպիտ՝ նա ուղիղ նայում էր ինձ:
– Սա եղբորս կինն է՝ Իրադան: Թե իմանաս ինչ քնքուշ բնավորություն ունի: Եղբայրս չի թողնում, որ աշխատի, չնայած բարձրագույնավարտ է: Իսկ սա մայրս է, նավթային տեխնիկումում է դասավանդում… Ահա և հայրս: Մանկավարժականն է ավարտել, բայց երբեք իր մասնագիտությամբ չի աշխատել, միշտ՝ տարբեր բնագավառներում: Ռասիմը նման է, չէ՞, հորս: Ես ու Էսմիրան նման չենք նրան, իսկ, այ, Ռասիմը նման է:
Ես նայում էի նկարները, մտովի փափագելով այն օրը, երբ առերես կհանդիպեմ նրանց՝ Ռենայի հարազատներին, որոնք ինձ նույնպես հարազատ էին թվում:
Եվ, իրոք, շուտով ինձ բախտ վիճակվեց տեսնել նրանց: Ոչ բոլորին, իհարկե: Ես հեռախոսով զրուցում էի Ռենայի հետ, ինձ թվաց՝ նա մի տեսակ մտահոգ, անտրամադիր էր:
– Ի՞նչ է պատահել, Ռեն, – հարցրի ես անհանգստացած:
Ռենան պատմեց, որ համաշխարհային հռչակ ունեցող «Բոնի Էմ» երգչախումբը հրաժեշտի մեկօրյա համերգներով շրջագայում է աշխարհի խոշորագույն քաղաքներում, Մոսկվայից, Լենինգրադից ու Կիևից հետո կլինի Բաքվում, որտեղից կանցնի Չինաստան: Համերգը Բաքվում ամսվա վերջին է, սակայն տոմսերն արդեն լրիվ սպառված են: Ինստիտուտում խոստացել էին, բայց ոչինչ չստացվեց:
– Ճիշտն ասած, ես ու Իրադան էլ կուզենայինք, բայց, դե, հնարավոր չէ: Մենք՝ ոչինչ, – ասաց Ռենան հուսահատ, – գոնե մի հատ ճարվեր՝ Էսմիրայի համար: Շատ է ուզում գնալ այդ համերգին, իրենց դասարանից, թե դպրոցից մեկ-երկու հոգի ձեռք են բերել: Դե, եթե նրանք գնալու են, գլուխն է մտցրել, որ ինքն էլ պիտի գնա: Երկու օր է, արցունքն աչքերին, տզտզում է փոքր երեխայի նման: Ռասիմն էլ է չարչարվել, բայց չի հաջողվել տոմս գտնել:
Ես Ռենային ոչինչ չասացի, բայց խոսափողը դնելուն պես շտապ սկսեցի դեսուդեն ընկնել: Զանգեցի այս ու այն տեղ՝ չկա ու չկա: Գնացի գլխավոր խմբագրի մոտ, գուցե նա՞ որևէ բանով օգներ: Թելման Կարաբաղլի-Չալյանը նոր էր վերադարձել գործուղումից և, ծղոտե գլխարկով հովհարելով իրեն, հաճկատար քծնանքով պատմում էր այն մասին, որ Մարտակերտի շրջանի Դրմբոց (Դրմբոն) և Աթենք (Հաթերք) գյուղերի «թյությունակործների մասին չդեսված ռեբորդաժ» է բերել ռադիոյի համար և որ Դրմբոց գյուղի մոտ մոշը շատ լավ էր «ցանաձ, բայց ինքը այդ մասին չի կիրել, միայն՝ թյությունակործների մասին»: Գլխավորը նայում էր նրան՝ ներամփոփ ու խոհուն, և ոչինչ չէր ասում: Ես խղճացի գլխավորին, վերադարձա առանձնասենյակ, զանգահարեցի գրողների միություն՝ Սիավուշին:
– Սիավուշ, երեք տոմս է պետք «Բոնի Էմ» խմբի համերգին, – ասացի, – եթե ինձ համար դու այդ լավությունն անես, ամբողջ կյանքում պիտի մտածեմ, թե ինչ անեմ՝ Սիավուշի պարտքի տակից դուրս գալու համար:
Սիավուշը սրտանց ու բարձր ծիծաղեց, ասաց.
– Ծերուկ, ինչ չես առնի ոսկով՝ կառնես քաղցր խոսքով, բայց Սիավուշին դժվար է գայթակղել քաղցր խոսքով, նա գերադասում է թարմ քյաբաբ-խորովածն ու ընտիր օղին:
– Սիավուշ, թեկուզ տասը շիշ ընտիր օղի և քսան շամփուր քյաբաբ ու խորոված՝ երեք տոմս գտիր ինձ համար:
– Ես քեզ կզանգեմ մի կես ժամից, – ասաց նա: – Տա՞նն ես, թե խմբագրությունում:
– Խմբագրությունում:
Մտածում էի՝ ծայրահեղ դեպքում Լենինի պալատի մոտ, ձեռքի վրա կվերցնեմ, թեկուզ արժեքից տասնապատիկ թանկ գնով:
Կես ժամ հետո Սիավուշը չզանգեց… Նա զանգեց ուղիղ ժամուկես հետո:
– Ծերուկ, ես զանգեցի Մոսկվա, – դանդաղ սկսեց Սիավուշը, և ես մտքում ծիծաղեցի. դա նրա առանձնահատուկ սովորությունն էր՝ ամեն ինչ սկսել հեռվից, Չինական մեծ պարսպի մոտերքից:
– Մոսկվա ինչո՞ւ էիր զանգում, խմբի հե՞տ էիր ուզում խոսել: Նրանք Մոսկվա չեն հասել դեռ:
Նա ծիծաղեց, ասաց.
– Ապրես, սրամիտ էր: Համբերություն ունեցիր, ծերուկ, համբերությունը կյանք է: Քյուբրա-խանումը, գրողների միության գործերի կառավարիչը, երեք տոմս է պահել նախագահի համար, իսկ նախագահը Մոսկվայում է, զանգեցի նրան ու խնդրեցի այդ տոմսերը, պայմանով, որ նրա վիպակներից մեկը թարգմանես հայերեն: Նա ասաց, որ իրենից ինչ-որ վիպակ ես թարգմանել, էդ ո՞րն է: